Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլբակյանները խոսեցին կաղապարներից ձերբազատվելու մասին

Հունիս 21,2013 13:55

Կամ «Թռցրու ինձ լուսին» ներկայացման ուղերձը

Անգլիացի դրամատուրգ, թատերական ռեժիսոր Ջոն Պրիստլիի «Սկանդալային պատմություն միստր Քեթլի եւ միսիս Մունի միջեւ» հայտնի գործը Արմեն եւ Աննա Էլբակյանները նորովի են բեմադրել: «Էդգար Էլբակյան» թատրոնում օրերս կայացած «Թռցրու ինձ լուսին» ներկայացման պրեմիերային նրանց հաջողվեց հուզել դահլիճը:

«Առավոտի» հետ զրույցում Աննա եւ Արմեն Էլբակյաններն ասացին, որ հիսունականներին ստեղծված այս գործն այսօր էլ արդիական է. շոշափվում են  մարդու ներքին ազատության, ռեժիմի դեմ պայքարի, սիրո եւ  քո  «ներսի» երեխային բացահայտելու թեմաները: Գլխավոր հերոսի՝ Ջոն «Ազատ ճայի» (Արմեն Էլբակյան) ձեւակերպմամբ, սերը միակ հատկանիշն է, որը նմանեցնում է աշխարհի բոլոր մարդկանց:

Ներկայացման հերոսը՝ Պանթեոն քաղաքի բանկերից մեկի կառավարիչը, տարիներ շարունակ ապրել է «կանոնակարգված»՝ արթնացել է, նախաճաշել, գնացել աշխատանքի, կարդացել տեղի թերթերը, վերադարձել տուն, պառկել քնելու ու հաջորդ օրն ամեն ինչ կրկին նույն սցենարով կրկնվել է: Նա նյութապես ապահով վիճակում է, հասարակության շրջանում ունի որոշակի կարգավիճակ եւ ուրվականի վերածված քաղաքի չափանիշներով՝ լուրջ  մարդու համբավ: Դա չի լցնում նրա հոգին: Անգամ սպասուհին համոզված է, որ Ջոն «Ազատ ճայը»  տաղտկալի եւ կանանցով չհետաքրքրված մարդ է, որը կարեւորում է միայն կարիերան, մինչդեռ կյանքում ավելի կարեւոր արժեքներ կան՝ սեր, ազատություն, մարդկային փոխհարաբերություններ, հոգատարություն, խենթություն, վերջապես երեխայություն՝ անկախ տարիքից: Մի նոյեմբերյան  առավոտ հերոսը սովորականի պես արթնանում է ու ներքին ձայնի մղմամբ որոշում ազատվել ինքնակաղապարներից…

Արմեն Էլբակյանը նշեց, որ ներկայացումը կառուցված է իմպրովիզացիաների վրա. «Ամեն անգամ խաղալիս յուրօրինակ jam session ենք անում»: Աննա Էլբակյանն  (միսիս Մուն) էլ հավելեց, որ «Թռցրու ինձ լուսին»-ը  իր եւ Արմեն Էլբակյանի երկրորդ համատեղ ռեժիսորական աշխատանքն է՝ «Ուշացած թռչունից» հետո: Նոր ներկայացման ուղերձը՝ բոլոր տեսակ կապանք-կաղապարներից ազատագրումն է:

Ներգրավված են Լիլի Էլբակյանը, Դավիթ Գասպարյանը, Հակոբ Հակոբյանը, Ստեփան Շահինյանը, Ռուբեն Աբրահամյանը, Համո Ադիյանը: Պիեսը հայերեն  է թարգմանել թատերագետ Տիգրան Քելեմյանը: Նկարչական ձեւավորումը  Արթուր Հարությունյանինն է:

«Սա շատ հին գործ է, 50-ականների: Սկզբում որոշել էինք ուժեղ ֆարս անել, դիմակներով, բաներով, հետո ինչքան «հագանք»  այս «զգեստը», տեսանք, որ «պատռվում» ենք, որովհետեւ ասելիքը խորն է:  Հեղինակը ինչ-ինչ ակնարկներ արել է մարդկանց վերահսկելու, բռնատիրական ռեժիմի դեմ, մենք դա ավելի ենք խորացրել, փոխել անունները, վայրը:  Ընդ որում՝ խոսքը ոչ թե կոնկրետ երկիրը կամ քաղաքը լքելու մասին է, այլ մթնոլորտը փոխելու, անձի ներքին ազատության եւ սիրո կարիքի մասին: Չէ՞ որ բռնատիրության պայմաններում, չնայած արտաքին կարգուկանոնին, հասարակությունը ներսից  կարող է փտել, իսկ «ծուխը»  ծածկել ամեն ինչ»: Մարդիկ «ծխից» չեն կարողանում միմյանց տեսնել…Երբ աշխատում էինք բեմադրության վրա, մտածում էինք՝  տեսնես՝ հանդիսատես կգա՞, հետո հասկացանք, որ նույնիսկ երեք հոգի էլ գա, ընկալի,  ուրեմն թեկուզ այդ երեքի համար արժի այս  ասելիքով ներկայացում խաղալ»,- ասաց Աննա Էլբակյանը:

Արմեն Էլբակյանի խոսքով. «Ազատության գաղափարը մարդկանց ուղեկցել է բոլոր ժամանակներում: Ցանկացած մարդ ազատությունը պետք է  ոչ թե ինչ-որ տեղ որոնի, այլ նախ հենց իր մեջ գտնի, պետք է կարողանա կաղապարներից  ազատագրվել»: Արմեն Էլբակյանը հավելեց, որ չնայած փոփոխություններին,  «Թռցրու ինձ լուսին»-ում պահպանել են Պրիստլիի ոգին ու ինքը ներքին բավարարվածություն ունի արված գործի արդյունքում: Ասում է. «Եթե  ունկնդիրն էլ  նման զգացողություն ունենա,  ներկայացումից հետո գնա-մտածի, թե ինչո՞ւ է այս աշխարհ եկել, ինչո՞ւ  է ապրում, ո՞րն է ճշմարիտն ու բացարձակը, ուրեմն ամեն ինչ կորած չէ»:

Ճանաչված ռեժիսորն ու դերասանը փաստեց, որ իրենք կարեւորել են ներկայացման լեզուն. այն կենդանի է, հասկանալի, բայց դրա հետ մեկտեղ, փողոցն ու գռեհկաբանությունը նրանում տեղ չեն գտել:

Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե փոքր բեմի վրա մեծ տարածություն էին ստացել՝ բոլոր առումներով, պարոն Էլբակյանը պատասխանեց. «Կարեւորը հարթակի ու բեմի չափը չէ, այլ ասելիքի տարածությունը… Փոքր բեմում էլ հնարավոր է մեծ բան ասել»: Այս առիթով արվեստագետը հիշեց մի պատմություն. «Մի անգամ մի ներկայացում էինք  նայում Մհեր Մկրտչյանի հետ: Հարցրի՝  ո՞նց է Մհեր Մուշեղիչ,  հավանո՞ւմ եք: Ասաց՝ անթերի էր:  Շատ զարմացա, որովհետեւ անթերի ոչինչ չի լինում, միայն Աստված է անթերի: Նորից հարցրի՝ իսկ  ի՞նչն է անթերի: Մհեր Մկրտչյանը պատասխանեց՝ գիտե՞ս ինչն էր անթերի՝ բեմում  իրար «ավարիա» չտվին:  Հիմա ասածս այն է, որ մեր փոքր բեմում էլ «ավարիա» չեղավ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930