Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ կերակրողը Արամ Խաչատրյանն է»

Հունիս 21,2013 13:49

Դիրիժոր Կարեն Դուրգարյանը՝ իր այցեքարտ «Սպարտակի» եւ կարիերայի մասին

Վերջին շրջանում գերծանրաբեռնված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ստեղծագործական գրաֆիկը՝ ներառելով արտերկրյա բազմաթիվ շրջագայություններ: Ցանկացած արվեստագետի կյանքում միշտ էլ հանդիպել են անվանի մարդիկ, որոնք նպաստել են նրանց առաջընթացին, Դուրգարյանի դեպքում ասում են, թե այդ մարդը աշխարհահռչակ Գերգիեւն է:

Ի պատասխան «Առավոտի» այս դիտարկմանը՝ Կարեն Դուրգարյանն ընդամենն ասաց, թե ինքը շնորհակալ է մեծանուն դիրիժորին, հավելելով. «Ես նախ շնորհակալ եմ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանին, ով առաջինն ասաց, թե ինձ տեսնում է դիրիժորի կարգավիճակում: Անկասկած շնորհակալ եմ նաեւ աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանին, ում շնորհիվ արդեն 11 տարի թատրոնում եմ: Շնորհակալ եմ  դիրիժորներ Հակոբ Ոսկանյանին ու պրոֆեսորիս՝ Արամ Քաթանյանին, երախտապարտ եմ դարձյալ ճանաչված անուններ Իլյա Մուսինին եւ Լորիս Ճգնավորյանին: Ընդ որում, վերջինիս ղեկավարությամբ տասը տարի Ֆիլհարմոնիկ նվագախմբում աշխատելով իբրեւ նվագախմբի արտիստ՝ ֆլեյտահար, իսկապես մեծ դպրոց անցա»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս եղավ ծանոթությունը Գերգիեւի հետ:  Մեր զրուցակիցը պատասխանեց. «Առաջին անգամ ես նրան հանդիպեցի 1996թ., երբ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի  միջնորդությամբ հայտնվեցի Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, որտեղ Գերգիեւի ղեկավարությամբ մասնակցեցի վերապատրաստման դասընթացների»: Դուրգարյանը հավելեց. «Ժամանակին,  երբ Պալերմոյում աշխարհահռչակ  դաշնակահար Լեքսո Թորաձեի հետ համերգից հետո մտքեր էինք փոխանակում, հնչեց հեռախոսազանգ՝ Գերգիեւն էր: Հեռախոսազրույցի ընթացքում դաշնակահարը հայտնեց, որ իր համերգը հայ դիրիժորի՝ Դուրգարյանի  ղեկավարությամբ է կայացել: Իսկ հետո Թորաձեն հեռախոսը  փոխանցեց ինձ… Գերգիեւը հեռախոսով ինձ հրավիրեց Մարիինյան թատրոն, որտեղ էլ 2010թ. մասնակցեցի 1956թ. Յակոբսոնի խորեոգրաֆիայով բեմադրած Խաչատրյանի «Սպարտակ» բալետի վերականգնմանը: Մինչ օրս շարունակվում է համագործակցությունս Մարիինյան թատրոնի հետ:  Օրինակ, հրավիրված եմ այնտեղ հուլիսին կայանալիք «Սպարտակի» երեք ներկայացումները ղեկավարելու: Մոսկվայի Միխաիլովյան թատրոնի նույն ներկայացումը ղեկավարել եմ 2008-09թթ.՝ Լոնդոնի «Կոլիզեյ» թատրոնում: Հրավերը եղել է հանրահայտ խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովի կողմից…»:

Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ ստացվում է՝ արտերկրում Դուրգարյանին հրավիրում են միայն «Սպարտակի՞» համար, դիրիժորն էլ կատակեց. «Ստացվում է, որ ինձ կերակրողը Արամ Խաչատրյանն է…», հետո էլ տեղեկացրեց, որ  միայն 4-5 անգամ ղեկավարել է Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում ընթացող Ադանի «Ժիզելը», Չայկովսկու «Կարապի լիճը», Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը», 2000-ականների վերջին էլ, ճապոնական տուրի ընթացքում սեփական ստեղծագործական դիմանկարը հարստացրել է 28 ներկայացումով ու 10 սիմֆոնիաների կատարումով:

Կարեն Դուրգարյանը կարեւորում է ցանկացած ստեղծագործողի անձնական կապերը. «Վերջերս Մարիինյան թատրոնում տեղի նվագախմբի ընկերակցությամբ մեր թատրոնի 15 մեներգիչների իսկապես փայլուն ելույթը, որին աջակցել էր մշակույթի նախարարությունը, չէր կայանա, եթե չլիներ անձնական գործոնը եւ, որ ամենակարեւորն է՝ ստացանք 2014թ. ներկայացումով հանդես գալու հրավեր: Ի վերջո, լավ համերգն այն չէ, որ ուղեկցվում է բրավոներով, այլ այն, որին հրավեր է հաջորդում»: Հետաքրքրությանը, թե այս տարի իսկապե՞ս մեծանուն  Կոնչալովսկու հետ  հրավիրված է Իտալիա՝ բեմադրելու Մուսորգսկու «Բորիս Գոդունովը», Դուրգարյանը հաստատելով լուրը, հայտնեց նաեւ, որ Չինաստանում  ղեկավարելու է Վերդիի «Ռեքվիեմը»:

Իսկ ժամանակ մնո՞ւմ է Երեւանի օպերային թատրոնի համար: Կարեն Դուրգարյանը հիշեցրեց Թաթարստանի օպերային թատրոնում կայացած ու կայանալիք իր հյուրախաղերի, գարնանը Մեծ թատրոնում՝ Նիկոլայ Ցիցկարիձեի հրավերով «Ժիզելին» իր մասնակցության  մասին, կրկնեց. «Կարեւորում եմ անձնական կապերը եւ ամեն անգամ  «դրսում» լինելիս՝ մտածում եմ թատրոնիս համար ինչ-որ բանով օգտակար լինելու մասին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930