Ռոնի Վուդը`The Rolling Stones-ի նոր ալբոմի մասին
The Rolling Stones-ի կիթառահար Ռոնի Վուդն ակնարկել է, թե խումբն ավելի քան երջանիկ կլինի կրկին ձայնագրել նոր ձայնասկավառակ, եթե հնարավորություն ունենա այն ստեղծելու համար ժամանակ գտնել:
Լեգենդար ռոքերներն այժմ չափազանց զբաղված են իրենց 50 & Counting համերգային շրջագայությամբ, որի ընթացքում նաեւ հանդես կգան հանրահայտ Glastonbury փառատոնում: Վուդը, սակայն, մտադիր էր խմբի հետ ստուդիայում հայտնվել առաջին իսկ հնարավորության դեպքում:
Ներկայիս շրջագայության մասին բոստոնյան WZLX ռադիոկայանին տված հարցազրույցում The Rolling Stones-ի նորեկ (նա միացել է խմբին 1975-ին) Ռոնի Վուդն ասել է. «Մենք ավելի լավ ենք նվագում, քան երբեւէ: Այս շոուներն ամենալավն են, որ մենք երբեւէ արել ենք: Դրանք մեզ համար մի լավ խթան հանդիսացան: Մենք, իրականում, ավելի լավն ենք, քան երբեւէ»:
Ստուդիա մտնելու եւ նոր երաժշտություն գրելու մասին հարցին կիթառահարը պատասխանել է. «Շատ ժամանակ ու ջանք է հարկավոր այս ամենը կրկին վերսկսելու համար, բայց մեծ անիվներն արդեն սկսել են պտտվել: Մենք ուղղակի պետք է կարողանանք ձայնագրվելու համար ժամանակ գտնել»:
Ի դեպ, վերջին նոր երգերը, որ The Rolling Stones-ը թողարկել է, 2012-ի նոյեմբերին լույս տեսած GRRR! հավաքածուի համար ձայնագրված Gloom And Doom եւ One More Shot ստեղծագործություններն էին:
Հունիսի 29-ին Glastonbury փառատոնին որպես հեդլայներներ հանդես գալուց հետո` հուլիսի 6-ին եւ 13-ին, The Rolling Stones-ը նաեւ 2 համերգ կտա Լոնդոնի Հայդ Պարկ զբոսայգում: Վերջերս խումբը հերքեց այն լուրերը, թե նրանք համաձայնության են եկել երգչուհի Ադելի հետ համատեղ համերգների վերաբերյալ` չնայած վերջին միջոցառումների ընթացքում բեմում «ռոլլինգնեհջի» հետ միասին ելույթ են ունեցել մի շարք հանրահայտ փոփ եւ ռոք երաժիշտներ, որոնց թվում էին Թոմ Ուեյթսը, Բոնի Ռայթը, Ջոն Ֆոգերթին, Քեթի Փերին, Դեյվ Գրոլը, Շերիլ Քրոուն, Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը եւ Arcade Fire-ի Վին Բաթլերը:
Վերջերս նաեւ հայտնի դարձավ, որ խումբը բանակցում է BBC-ի հետ Glastonbury-ի` նրանց ելույթի հեռարձակման համար: Մասնավորապես, The Rolling Stones-ն այնքան էլ գոհ չէր ամբողջ ելույթը հեռարձակելու՝ BBC-ի մտադրությունից: Փոխարենը՝ խումբը ցանկանում է, որ ցուցադրվի ընդամենը չորս երգ:
BBC-ի երաժշտական հեռուստատեսության ղեկավար Մարկ Քուփերն այս առումով նկատել է. «Մենք ընթացիկ քննարկումների մեջ ենք Stones-ի հետ: Ես խոսել եմ Միքի հետ այդ մասին: Այս պահին ես բավական լավատես եմ, հուսամ, որ մենք կկարողանանք ժամային առումով բավականաչափ կատարումներ ստանալ: Նրանք դեռ չեն կողմնորոշվել, թե ցանկանո՞ւմ են, արդյոք, հասանելի դառնալ հեռուստատեսությամբ: Բայց երբ լեգենդար երաժիշտները նվագում են Glastonbury-ում, նրանք նաեւ գրավում են ամբողջովին նոր, մեծ քանակությամբ հանդիսատես»:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ