«Ներողություն, սիրելի վարչապետ եւ կառավարություն, դուք բյուջեի փողերը խիստ արդյունավետ եք օգտագործում, ոչ մի չարաշահում եւ ոչ մի «ատկատ» Հայաստանում չկա եւ չի կարող լինել, եւ Սատանան գիտի, թե որտեղից եմ ես իմ հրապարակած փաստերը վերցրել՝ պարզապես ուղեղի մթագնում էր»,- այդպիսի բաց նամակով է դիմելու Իշխան Զաքարյանը Տիգրան Սարգսյանին: «Ներեցեք մեզ, Հայաստանի հարգարժան հարկատուներ, որ 123 միլիոն դրամ եմ ծախսել երկու բիոզուգարանների վրա՝ դա անիմաստ շռայլություն էր, որը որեւէ ձեւով արդարացված չէ մի երկրում, որտեղ 35 տոկոս աղքատություն կա: Կներեք ինձ նաեւ, որ հինգ տարի ձեզ գլուխ եմ տանում անիրատեսական ծրագրերով, մասնավորապես՝ Գյումրիի տեխնոպարկով»,- այդպիսի ուղերձով է դիմելու վարչապետը Հայաստանի քաղաքացիներին: «Հավատավոր հայ ժողովուրդ, կներես ինձ, որ քավոր եմ դարձել Աշոտ Սուքիասյանի նման սրիկայի, որը չարաշահելով մեր մտերմությունը՝ ինձ վարկաբեկելու համար իմ անունով օֆշորում հաշիվ է բացել, կներես ինձ նաեւ, որ այդ հանցագործից թանկարժեք նվեր եմ վերցրել, ես այն պատրաստվում եմ վաճառել եւ այդ գումարով բարեգործական ճաշարան հիմնել»,- այդպես է դիմելու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հայ հավատացյալներին:
Հավատո՞ւմ եք, որ նման բան հնարավոր է: Ես էլ չեմ հավատում: Որովհետեւ մենք ընդհանրապես չենք հավատում ապաշխարանքի հզոր ուժին, վստահ ենք, որ թե մասնավոր կյանքում եւ թե աշխատանքում այնքան անթերի ենք գործում, որ բոլորը պետք է մեր ոտներն ընկնեն եւ շնորհակալություն հայտնեն:
«Բա դու գիտե՞ս, ես էս ժողովրդի համար ինչե՛ր եմ արել»՝ դա է մեր պաշտոնյաների, գործարարների եւ քաղաքական գործիչների մշտական կեցվածքը: Այսինքն՝ այն «հերոսությունները», որոնք նրանք արել են, փոխհատուցում են իրենց «փոքրիկ չարաճճիություններ», որոնք նրանք բացատրում են միանգամայն ներելի մարդկային թուլություններով: Ի դեպ, հենց այդ՝ «ազգի առաջ անգնահատելի ծառայություններով» են անգրագետ մարդիկ արդարացնում իրենց ներկայությունը խորհրդարանում: Այնտեղ էլ են նրանք, պարզվում է, ազգիս համար տանջվում:
Բայց եկեք ավարտենք լավատեսական եղանակով: Հանրապետական Աշոտ Պապայանը, որը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հարձակվել էր լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, երեկ վերջինից հրապարակավ ներողություն է խնդրել: Չգիտեմ, վերջնական գնահատականը, կարծում եմ, պետք է Հակոբը տա, բայց ես կարծում եմ, որ դա բոլոր դեպքերում Պապայանի կողմից նորմալ, տղամարդկային եւ խրախուսելի արարք է՝ մարդը չի ուզում, որ իր վրա խուլիգանի խարան մնա: Հերթը պատգամավոր Վարդան Այվազյանինն է, որը, անշուշտ, պետք է ներողություն խնդրի Գոհար Վեզիրյանից: Բայց, ենթադրում եմ, դա երբեք չի անի, որովհետեւ խուլիգանի խարանը նրան չի վախեցնում: Ըստ երեւույթին, բազմաթիվ այլ խարաններ ունի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իհարկե այդպես է:
Հառգելի խմբագիր,հոդվածի ուղղվածությունը պարզ է,
բայց կարծում եմ որոշ անհամապատասխանություններ
կան: Մի քիչ կարծես խմբագրված չի…
Եթե ուղղումներ ունեք,արեք դրանք:
Շոնրհակալ կլինեմ, եթե այդ անհամապատասխանությունները նշեք:
Հարգելի Արամ, համամիտ եմ Ձեր կողմից Վ, Այվազյանի հասցեին հնչեցված բոլոր արտահայտություններին,բայց լրագրողն էլ իրեն լրագրողի պես չէր պահում, համամի՞տ եք ինձ հետ
Կարծում եմ Իշխան Զաքարյանից անցցումը այլ պարոնանց,
հոդվածի սկիզբն ու վերջն այնքան ել չեն, ասեմ սազում իրար:
Երևի այլ ընթերցողներ ովքեր գրչի մասնագետ են կարող են ուղղել ինձ,կամ Ձեզ:
Չմոռանամ նշել, որ որպես մասնագետ և այդ մասնագիտության կրող շատ եմ հարգու Ձեզ:
Ներողություն ասելը բնորոշ է քաղաքակիրթ ու համեստ մարդկանց, այլ ոչ թե քյառթու ու զոռբա իշխանության ներկայացուցիչներին՝ հատկապես Վարդան Այվազյանին կամ Գալուստ Սահակյանին: