2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում ընդդիմության վայրէջքն ավելի քան ակնհայտ է:
Այդուհանդերձ, Հայաստանի ընդդիմության էական վայրէջքն սկսվել և սրընթաց շարունակվում է վերջին երկու տարիներին` ՀԱԿ-ի տրոհումներով ու քայքայումներով: Մեղավորների փնտրտուքը շարունակվում է, չնայած վաղուց արդեն էական չէ` ովքեր են իրական մեղավորները: Էականն այն է, որ իրական մեղավորների հայտնաբերումից հետո էլ իրավիճակն էականորեն չի փոխվելու:
Չնայած մեր գրեթե բոլոր ընդդիմադիրներն էլ արտաքուստ Սերժ և Տիգրան Սարգսյանների ու ՀՀԿ-ի դեմ են, այդուհանդերձ, ավելի հաճույքով ու հավեսով իրար են հարվածում ու պախարակում, քան` իշխանություններին, ընդ որում` իրար հարվածում ու վարկաբեկում են ցանկացած առիթով, և, փաստորեն, հրաշալի ու անմնացորդ կատարում են այն գործը, որն իրականում իշխանությունները պիտի անեին, բայց ոչ միշտ են կարողանում անել: Այսինքն, մեր ընդդիմադիրներն ընդդիմության վարկաբեկման հարցում լավ էլ աջակցում են իշխանություններին, և չնայած էդ գործում մշտապես բռնացնում են իրար, դրանից էլ են իշխանությունները շահում, այլ ոչ թե` ընդդիմությունը:
Ասածներս ճշմարտություն են, և էս ասածներս իրենք` ընդդիմադիրներն էլ են բազմիցս ասել ու կրկնել, բայց յուրաքանչյուրը` յուրովի. յուրաքանչյուրը դիմացինին է մեղավոր համարում, և իրեն` անմեղ: Ընդդիմության չմիավորվելու հարցում էլ է յուրաքանչյուրն իրեն անմեղ համարում, իսկ դիմացինին` մեղավոր: Ստացվում է, որ Հայաստանի ընդդիմության բոլոր միավորները ձգտում են միավորման, բայց ցանկալի միավորումը ոչ մի կերպ տեղի չի ունենում: Աբսուրդ է, բայց` փաստ: Երբեմն անհեթությունն էն աստիճանի է հասնում, որ իշխանությունները (Գալուստ Սահակյան և ուրիշներ ) սկսում են ընդդիմության որևէ միավորի պաշտպանել ընդդիմության մեկ այլ միավորից:
Կարդացեք նաև
Ընդդիմության այս ներքին պայքարն ինչքան էլ անհեթեթ է, այնուամենայնիվ, հնարավոր է ընկալել ու հասկանալ:
Յուրաքանչյուրն ուզում է ցույց տալ, որ միայն ինքն է իրական ընդդիմություն: Յուրաքանչյուրն ուզում է ապացուցել, որ միայն ինքն է արմատական ընդդիմություն: Եվ միայն ՀԱԿ-ն է, որ, ի դեմս ԲՀԿ-ի, իրենից բացի այլ ընդդիմություն էլ է ճանաչում: Բայց էս դեպքում էլ ԲՀԿ-ն է վարանում ինքզինքը ընդդիմություն ճանաչել: ԲՀԿ-ն, բայց` ոչ Օսկանյանը: Իրենց իրական ու արմատական ընդդիմություն են համարում նաև ՀԱԿ-ի նախկինները` Գիմիշյանից սկսած և Մակեյանով վերջացրած, ինչպես նաև` նախախորհրդարանի ներկայացուցիչները և շատ ուրիշներ: ՀՅԴ-ն էլ չհաշված: «Ժառանգությունն» էլ ձեզ նվեր :
Հիմա տեսաք` ինչքան շատ ընդդիմություն ունենք: Էսքան շատ ընդդիմություն և ընդամենը մի իշխանություն:
Էսքան շատ ընդդիմության առկայության դեպքում, թվում է, իշխանությունը պիտի շատ նեղվեր ու նեղություն քաշեր: Եվ, ընդհակառակը, ընդդիմադիրներն իրենց պիտի շատ ուժեղ ու ինքնավստահ զգային, և ընդդիմադիր դաշինքներն էլ պիտի հեշտությամբ կազմվեին:
Բայց ընդդիմադիր դաշինքները չեն կազմվում, որովհետև ընդդիմության միավորներից յուրաքանչյուրն ուզում է, որ ընդդիմադիր դաշինքն անձամբ իր առանցքի շուրջ կազմվի:
Մինչդեռ իշխանական դաշինքը կայուն ու հաստատուն է. ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը` ՀՀԿ-ի առանցքի շուրջ, և էս դեպքում առանցքի թեմայով անցանկալի բազարներն, իհարկե, բացառվում են:
Այս պահին Հայաստանում ընդդիմադիր դաշինք չկա, բայց էդպիսի դաշինքի տեսլական, ակնկալիք ու ցանկություն, այնուամենայնիվ , կա: Ես կասեի` անզուսպ ցանկություն: Դա ՀԱԿ + ԲՀԿ ընդդիմադիր դաշինքի տեսլականն է: Ճիշտ է, այս երկու ընդդիմադիրներից առայժմ մեկն է լիարժեք ընդդիմություն, բայց, եթե Օսկանյանին հավատանք, սեպտեմբերից երկրորդն էլ լիարժեք ընդդիմություն կդառնա: Եվ եթե Արարատ Զուրաբյանին էլ հավատանք, սեպտեմբերից նոր ՀՀՇ-ն էլ կլինի: Ավելի ճիշտ` հին ՀՀՇ-ն:
Այսինքն, սեպտեմբերին ավելի շատ ընդդիմություն կունենանք: Իսկ էս պահին ընդդիմադիրներն ընդամենը հույսեր են փայփայում, և չնայած դրանք չափազանց ռեալ հույսեր են, այդուհանդերձ, դրանք հիմնականում կապված են իշխանության հետ: Ինչպես նաև` ժողովրդի:
Ընդդիմությունը հույս ունի, որ իշխանությունն էս ընթացքում նորանոր սխալներ թույլ կտա, և ժողովուրդն էլ գազի ու ամեն ինչի թանկացումներին չդիմանալով` սոցիալական բունտ կսկսի:
Յուրաքանչյուրը հույս ունի, որ սոցիալական բունտը տեղի կունենա անձամբ ի՛ր առանցքի շուրջ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Այն պահից, երբ որ հասկանանք որ միակ ընդիմությունը դա Լևոն Տեր- Պետրոսյանն է և ՀԱԿ-ը և որ պետք է միավորվել իրենց հետ, հաղթել ընտրություններում, առանց նախապայմանների, հետո, հաղթելուց հետո, նստել և խոսել գաղափարական տարաձայնություններից, թե այս աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդին անհավատ դարձրած, այս երկիրը ավերակ դարձրած իշխանության ներկայացուչիչներին օրինական ճանապարհով պատասխանատվության ենթարկելուց:
Եթե, մեր մյուս ընդիմադիր կուսակցությունների շարքային անդամները իմանային թե ինչքանով են իրենց որոշ կուսակցական ղեկավարներ կապերի մեջ այս իշխանությունների կրիմինալ և կոռումպացված ղեկավարների հետ, ինձ իսկույն կհասկանային: