Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծացնո՞ւմ է արդյոք պատերազմի վտանգը

Հունիս 21,2013 12:13

Հետաքրքիր է, որ «խոշոր կալիբրի» ռազմական փորձագետ Պ.Ֆելգենհաուերը ոչ միայն չի զարմանում Ադրբեջանին ռուսական զենքի վերջին մատակարարումների փաստով, այլեւ խիստ յուրօրինակ մեկնաբանություն է տալիս հայ-ռուսական ու ռուս-ադրբեջանական գործընկերությանը. «Ռուսաստանը Ղարաբաղի հարցում չեզոք, հավասարակշռված դիրքորոշում է գրավում, այսինքն՝ չի պաշտպանում կողմերից եւ ո՛չ մեկին»։

Ավելին՝ պարզվում է, որ «ընդհանրապես Ռուսաստանը ցանկանում է վերահսկել ողջ Հարավային Կովկասը. միայն Հայաստանը, կամ՝ միայն Ադրբեջանը Ռուսաստանի համար բավարար չեն»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Պ.Ֆելգենհաուերի կարծիքով՝ վերջինս «…ցանկանում է դա թե ոչ, ստիպված է լինել Ռուսաստանի դաշնակիցը…»։ Ուրեմն խնդիրը «մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնելու» ավանդական-կայսերական քաղաքականության մեջ է, որը պահանջում է մի կողմից՝ ընդգծել Հայաստանի այլընտրանքի բացակայությունը, իսկ մյուս կողմից՝ սիրաշահել Ադրբեջանին։

Ակնհայտ է, որ ինչպես Պ.Ֆելգենհաուերը, այնպես էլ ռուսական զենքի վերջին մատակարարումների կազմակերպիչները չեն նկատում, որ այսօր ոչ միայն Ադրբեջանը, այլեւ, իրենց խոսքերով՝ «փոքրիկ Հայաստանն» է հայտնվել արտաքին ուժերի խաչաձեւվող թափանցումների խաչմերուկում։ Նման պայմաններում ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ «մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել», քանի որ դրանց փոխբացասող դիմակայությունը մյուսին անպայման նետելու է Ռուսաստանին հակադրվող տերությունների ճամբարը։ Ուստի ռուսական զենքի պարբերական մատակարարումները՝ մեկ Հայաստանին, մեկ՝ Ադրբեջանին, պարզապես բարձրացնում են դիմակայող կողմերի ռազմական հնարավորությունների մակարդակը։ Եվ արտաքուստ ստեղծվում է մի իրավիճակ, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին պարբերաբար «պատժել» դիմակայության այն կողմին, որը «վատ է պահում» իրեն։ Սակայն նման հիպոթետիկ հնարավորությունը, բախվելով տարածաշրջանում գերտերությունների շահերի փոխբացասող դիմակայությանը, հնարավորություն չի տալիս Ռուսաստանին խոսքից անցնել գործի։ Արդյունքում երկու կողմերն էլ կուտակում են հսկայական քանակության զենք ու զինամթերք, որը գործադրելու իրավունքը ոչ միայն իրենց, այլեւ անգամ միայն Ռուսաստանին չի պատկանում։

Եթե բացառենք ֆորսմաժորային իրավիճակների հնարավորությունները, որոնք ուրվագծվում են միայն Իրանի դեմ Արեւմուտքի ռազմական գործողությունների կամ ֆելգենհաուերյան այլ «ապոկալիպտիկ սցենարների» դեպքում, ապա զենքի նման կուտակումները իրականում ոչ թե մեծացնում, այլ նվազեցնում են նոր հայ-ադրբեջանական պատերազմի վտանգը։ Այսօր արդեն դիմակայության կողմերն ունեն մեկը մյուսի հիմնական ենթակառուցվածքները հաշված ժամերի ընթացքում ոչնչացնելու բոլոր հնարավորությունները, իսկ վաղը կարող են անել ավելին, քանի որ փոքր երկրները զինված են իրենց հարձակողական հնարավորությունները բազմակի գերազանցող զինատեսակներով։ Ուստի հայ-ադրբեջանական դիմակայության «զոհասեղանին» նետվող ռուսական զենքի նորանոր խմբավորումները վաղ թե ուշ ստեղծելու են «սառը պատերազմի» ավարտական շրջանին բնորոշ այն իրավիճակը, երբ պատերազմը ապահովում էր կողմերի ստույգ ոչնչացումը՝ այլընտրանք չթողնելով խաղաղության եւ փոխզիջման համար։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930