Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, թե իր շքեղ առանձնատունը (լուսանկարում) ներդրումներով է կառուցել, անգամ իշխանության ներկայացուցիչները, մեղմ ասած, քմծիծաղով ընդունեցին։ Առնվազն տարօրինակ էր խոշոր չարաշահումներ, թալան բացահայտող չինովնիկի այս հայտարարությունը։ Այս առնչությամբ տարբեր խմբակցությունների պատգամավորներից փորձեցինք ճշտել՝ նրանցից գոնե մեկի առանձնատունը մի «բարի» ներդրող չի՞ կառուցել:
«ՈՐՈՇԵԼ ԵՔ ԷՍՕՐ ԻՆՁ ՁԵՌ ԱՌՆԵ՞Լ». ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(ԲՀԿ խմբակցության անդամ)
– Եղե՞լ է, որ անշարժ գույք ձեռք բերելու կամ առանձնատուն կառուցելու համար որևէ մեկը Ձեզ համար ներդրում անի։
Կարդացեք նաև
– Որոշել եք էսօր ինձ ձեռ առնե՞լ։
– Ոչ, ամենևին։
– Ո՞նց կարա ըտենց բան լինի։
– Գուցե նման «պատվի» արժանանալու համար առնվազն պիտի ՎՊ–ի նախագա՞հ լինել։
– Չգիտեմ, ինձ համար ոչ մեկը ներդրում չի արել։ Ոչ միայն տուն չեն կառուցել, այլև չեն վերանորոգել։
– ՎՊ–ի նախագահի այդ հայտարարությունը նորմա՞լ եք համարում։
– Ամեն ինչ հնարավոր ա։ Մարդ կա իր շներին, կատուներին միլիարդ ա նվիրում։ Եթե կատուներին ու շներին նվիրում են, կարող ա մի մարդ էլ իր փողերով ինչ-որ մեկի համար տուն ա գնում կամ «Բենթլի»։
«ԷԴ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԸ ԱՍԵՔ». ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
(«Ժառանգություն» խմբակցության ղեկավար)
– Որևէ կարողություն ձեռք բերելու համար որևէ մեկը Ձեզ օգնե՞լ է ներդրումով։
– Իհարկե, բնականաբար, ես եմ այդ ներդրողը եղել և միայն ես։
– Փաստորեն, ՎՊ–ի նախագահի հայտարարությունն այդքան էլ նորմալ չեք համարում։
– Այդ մասին միայն ասվեց, դա պիտի բացվեր, ինչ ասել է ներդրում։ Ինձ համար դա պարզ չդարձավ։ Դրա համար ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց։ Եթե ասվեր՝ ով է ներդրել ու ինչ սկզբունքներով, կարելի էր հասկանալ։
– Ինչպե՞ս հասկանալ բարձրաստիճան պաշտոնյային, որը մյուսների չարաշահումներն ու գումարների յուրացումներն է բացահայտում, ու հանկարծ պարզվում է, որ նրա բավականին շքեղ առանձնատունը կառուցել է ներդրողը։
– Այդ հայտարարությունից հետո որոշ պատգամավորներ կատակում էին, թե ասեք էդ ներդրողների տեղը, գուցե մեզ համար էլ ներդրում անեն։ Սա՝ հումորի դաշտից, իսկ եթե լուրջ, եթե ասվել էր ներդրման մասին, պիտի ասվեր նաև ինչ պայմաններով է ներդրում արվել։ Կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց ձեռնպահ կմնամ։
«ԱՇԽԱՏԱՆՔՈՎԴ ՉԵ՞Ս ՍԱՐՔՈՒՄ ՏՈՒՆԴ». ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
(ՀՀԿ խմբակցության անդամ)
– Եղե՞լ է մեկը, որ տուն գնելու կամ կառուցելու նպատակով ներդրում արած լինի Ձեզ համար։
– Ոչ, երբեք։ Ներդրո՞ւմ։
– Այո։
– Չէ։
– Չինովնիկը կարո՞ղ է իր տունը ներդրումով կառուցել։
– Ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչ հայտարարության մասին է խոսքը, դրա համար էլ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է հնարավոր ներդրումով տուն կառուցել։ Աշխատանքովդ չե՞ս սարքում քո տունը։ Քո ծառը դու չե՞ս տնկում։ Ներդրումով կարելի է նախագծեր կյանքի կոչել, դպրոց կառուցել, մշակույթի տուն, ինչ-որ մեկի առողջությունը վերականգնել։
– ՎՊ–ի նախագահը հայտարարել էր, որ իր առանձնատունը ներդրումներով է կառուցել։ Սա «խելքին» մո՞տ է։
– Ես գիտեմ, որ իրենք շատ երկար ժամանակ ապրել են սարսափելի անհարմարավետ բնակարանում՝ մեծ ընտանիքով։ Գիտեմ, որովհետև առիթ եմ ունեցել խոսելու ընտանիքի անդամի հետ, և ուրախ եմ, որ տուն ունեն։
«ԻՄ ԲԱԽՏԸ ՉԻ ԲԵՐԵԼ» ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
(ՀՀԿ խմբակցության անդամ)
– Առանձնատուն կառուցելու կամ այլ ունեցվածք ձեռք բերելու նպատակով Ձեզ համար ներդրում երբևէ արվե՞լ է։
– Ոչ, իմ բախտը չի բերել։
– Դրա համար բախտ պետք չէ, ՎՊ նախագահ լինել է պետք։
– (Ծիծաղում է– Ռ.Խ.): Այդ հարցը ճիշտ կլինի ուղղեք ՎՊ–ի ղեկավարին, թե ինչ պայմաններով են իրեն աջակցել կամ ներդրում արել։
– Ներդրումով հնարավո՞ր է շքեղ առանձնատուն կառուցել։
– Եթե ինձ համար լիներ, ես էլ նման տուն կկառուցեի։
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում