Սյունիքի մարզի Արեւիս համայնքի ղեկավարը ժամանակին հայտնել էր, թե առաջիկայում գյուղի դպրոցը փակվելու է, քանի որ դպրոցում սովորում է երեք աշակերտ: Իսկ այս տարի դպրոց հաճախելու մեկ երեխա կա, բայց նրա ծնողներն ուզում են գյուղից մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Պատկերացրի՞ք իրավիճակը:
Փաստորեն, եթե այդ մի երեխայի ծնողները մեկնեն Ռուսաստան, դպրոցում աշակերտ չի լինի, իսկ եթե չմեկնեն, դպրոցը «կգործի» մեկ աշակերտով եւ կմտնի համապատասխան նախարարության հաշվետվությունների մեջ: Տարբեր առարկաների ուսուցիչներն էլ գալու են դպրոց` այդ մեկ աշակերտին կրթելու եւ դաստիարակելու առաքելությամբ: Սա ոչ միայն կրթական խեղկատակություն է, այլեւ ազգագրական խայտառակություն: Գրեթե նույն պատկերն է Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում, մյուս մարզերում:
Համապատասխան տեղերում թող նստեն ու հաշվեն, թե հանրապետության 1400-ից ավելի դպրոցներից քանի՞սն ունեն 5-ից 10 աշակերտ, եւ տեսնեն Հայաստանում հանրակրթության իրական պատկերը, որը նաեւ մի ուրիշ բանի պատկեր է: Հո մենակ Երեւանով չէ՞:
Չնայած երեւանյան դպրոցներում էլ են աշակերտներ պակասում ու պակասում. հիշեցնենք, որ այս տարի շրջանավարտների թիվն անցյալ տարվա համեմատ 10 հազարով պակաս էր: Պակասել է նաեւ դիմորդների թիվը: Սրանք փաստեր են, որոնք չի կարելի ոչխարային համառությամբ անտեսել: Ուջանում էլ դպրոց փակվեց, եւ սրանք եզակի դեպքեր չեն, բայց երբ նաեւ սահմանամերձ գոտիներում են նման բաներ տեղի ունենում, պիտի իրական քայլերի մղեն իշխանություններին, բոլորին:
Եթե դպրոցներ են փակվում, նշանակում է վտանգված է երկրի ապագան, նշանակում է` ծնողների հետ Հայաստանից հեռացած երեխաները չեն էլ դառնալու այս երկրի քաղաքացիներ: Դպրոցը միշտ եղել է հայոց պետականության հիմնասյուներից մեկը, եթե ոչ ամենակարեւորը: Իզուր չեն պատմագիտական այն հավաստիացումները, որ հայերը որտեղ բնակություն են հաստատել, առաջինը եկեղեցի ու դպրոց են հիմնել: Հիմա փակում են:
Վերին ատյաններում սիրում են հաճախ խոսել գյուղի ու գյուղատնտեսության «առաջնահերթություններից», ինչ-որ զարգացման վերաբերող անկապ ծրագրերից, անջուր ոռոգման համակարգերից, իսկ գյուղերում դպրոցներ են փակվում, որովհետեւ համապատասխան տարիքի բնակչություն չկա:
Ուզում ենք մի մեջբերում անել Հանրակրթության մասին օրենքի 4-րդ հոդվածից. «Հայաստանի Հանրապետությունը հռչակում եւ երաշխավորում է հանրակրթության բնագավառի զարգացումը` որպես անհատի եւ հասարակության անվտանգության եւ կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարեւոր երաշխիք: Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության եւ մարդասիրական ոգով դաստիարակված եւ մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձեւավորումն է»:
Մալադեց: Բայց այս օրենքի կիրարկման համար թեեւ երկրորդական, բայց, այնուամենայնիվ, կարեւոր մի բան էլ պիտի լինի` աշակերտ: Հիմա մի հարց` այն գյուղերում, ուր դպրոցներ են փակվում, կարո՞ղ են «ճղել-թափել» այս օրենքը` որպես ավելորդություն, թե՞ ոչ:
Նորություն չենք ասում, բայց երկիրը կանգուն է ժողովրդով, եւ ամեն մի դպրոցի փակում Հայաստանում պիտի դառնա համապետական քննարկման առարկա, քանի որ դա ազգային, ազգագրական, տնտեսական ու քաղաքական աղետ է: Դա համայնքային խնդիր չէ, որի վրա կարելի է աչք փակել:
Այլապես վաղը ոչ աշակերտ ենք ունենալու, ոչ զինվոր:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում