Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Հազրոյանի արյունալի պատմությունը մինչեւ վերջ չի պարզաբանվել

Հունիս 21,2013 10:45

Չորեքշաբթի Նուբարաշենի բերդի պատժախցում կախվել է 21 տարեկան երիտասարդ Մանվել Հազրոյանը։ Պարանի փոխարեն նա օգտագործել է իր ծածկոցի կտորից կտրած բարակ շերտը։ Նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել զինվորական գործով՝ երեք տարի առաջ ԼՂՀ դիրքերից մեկում 4 զինծառայողների սպանության եւ երեքի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։

ՔԿՀ վարչությունից հայտնում են, որ Հազրոյանին 10 օրով պատժախուց էին տեղափոխել հունիսի 11-ին, «աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար», սակայն հրաժարվում են պատասխանել, թե հատկապես ինչ խախտում է կատարել Մանվելը։ Նրա հարազատներին էլ ասել են, թե տղայի մոտ բջջային հեռախոս են գտել, իսկ հեռախոս պահելը կալանավայրում արգելված է։ Սակայն Հազրոյանների ընտանիքում չեն հավատում ինքնասպանության վարկածին։ «Հեռախոսի համար ոչ մեկին պատժախուց չեն տանում։ Եթե այդպես լինի, ուրեմն բոլորին պետք է տանեն պատժախուց»,- ասում է Մանվելի հորեղբայրը՝ Գեւորգ Հազրոյանը։

Նա չի հավատում Մանվելի ինքնասպանությանը եւ չի բացառում, որ իր եղբորորդուն պատժախուց տանելով, ցանկացել են նրան մեկուսացնել։

Գեւորգ Հազրոյանը պատմում է, որ վերջին շրջանում Մանվել Հազրոյանը, որը սովորաբար լռում էր զորամասում կատարվածի եւ իր ընկերների մահվան մասին եւ նույնիսկ իր շահերը պաշտպանող փաստաբանների հարցերին չէր պատասխանում, սկսել էր խոսել։

Թեեւ ոստիկանապետ, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանը, նախաքննությունը դեռեւս չավարտված, հայտարարեց, որ գործն ամբողջությամբ բացահայտված է, եւ որ իր համար այս գործում մութ կետեր չկան, նույնիսկ հիմա, երեք տարի անց, արյունալի այս պատմությունը մինչեւ վերջ չի պարզաբանվել։ Մի քանի մութ կետեր, այնուամենայնիվ, հիշեցնենք։

Ամենաթույլ կետը զինդատախազության սցենարում սպանության դրդապատճառն է՝ ինչու Մանվել Հազրոյանը դիրքերում սպանեց իր չորս ընկերներին եւ երեքին էլ վիրավորեց, վերջում էլ կրակեց ինքն իրեն։ Սյունիքի դատարանն ապացուցված համարեց քննիչների վարկածը, որի համաձայն՝ կտրված է լինում ավագ սերժանտի ականջակալների լարը, եւ նա բարձրաձայն ասում է. «չաթլախ»։ Հազրոյանը որոշում է, որ հայհոյանքն իրեն էր ուղղված։ 5 ժամ անց նա գնդացրից կրակ է բացում ընկերների վրա, իսկ վերջում էլ նույն գնդացրի երկու կրակոց է հասցնում ինքն իրեն:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930