Ժան Միշել Հապի. «Այս տարվա ընթացքում մենք կվերանայենք մեր կանխատեսումները, սակայն Կենտրոնական բանկի թվերից արդեն իսկ պարզ է, որ ՀՀ կառավարության առաջարկած աճի տեմպերը փոխվելու են՝ հաշվի առնելով գազի սակագնի փոփոխությունն ու կարկտահարության հասցրած վնասները»։
Հայաստանի կառավարությունը 2013թ. համար կանխատեսել է 6,2%, իսկ Կենտրոնական բանկը՝ 5.6% տնտեսական աճ: ՀՀ նախագահը հանձնարարել է ապահովել 7% աճ: Որքանո՞վ են այս կանխատեսումները իրատեսական՝ հաշվի առնելով գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը և դրանց ազդեցությունն ընդհանուր տնտեսության վրա: ՍիվիլՆեթի հետ զրույցում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին ասում է, որ արդեն իսկ պարզ է, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը կհանգեցնի գնաճի ցուցանիշների աճին, կդանդաղեցնի մինչ այդ կանխատեսումներով առաջարկված աճի տեմպերը և բացասական ազդեցություն կունենա աղքատության ցուցանիշների վրա: Այս և այլ թեմաների շուրջ զրույցը պարոն Հապիի հետ՝ ստորև:
— Հայաստանի կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել ռուսական գազի ձեռքբերման գնի 30%-ը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Համաշխարհային բանկն այս հարցում։
— Ինչպես գիտեք, Ռուսաստանից ներկրվող գազի գինը մեկ խորանարդ մետրի համար 50%-ով թանկացել է՝ 180 դոլարից հասնելով 270-ի: Այս մեծածախ սակագինը գազի և էլեկտրաէներգիայի մանրածախ գների վերանայման անհրաժեշտություն առաջացրեց: Հաշվի առնելով անմիջապես սպասվող համարժեք գնային վերանայումների ակնկալվող հետևանքները հայաստանյան տնտեսության վրա և բնակչության խոցելի խմբերի առկայությունը, ըստ էության որդեգրվել է գների վերանայման աստիճանական մոտեցումը: Որպես առաջին քայլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց փոքրածավալ սպառողների դեպքում գինը բարձրացնել 18,2%-ով, իսկ մեծերի դեպքում՝ որդեգրել 14% աճը: Էլեկտրաէներգիայի մանրածախ գները միջինը կփոփոխվեն 28,6%-ով: Ակնկալվում է, որ ներկրվող և մանրածախ գների միջև տարբերությունը կկազմի 72 մլրդ դրամ, ինչն էլ կծածկվի պետական բյուջեից:
Կարդացեք նաև
Այս տարվա ընթացքում Համաշխարհային բանկը կհետևի մակրոտնտեսական փաստացի կատարողական ցուցանիշներին և կվերանայի կանխատեսումները: Այնուհանդերձ, արդեն իսկ պարզ է, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը կհանգեցնի գնաճի ցուցանիշների աճին, կդանդաղեցնի մինչ այդ կանխատեսումներով առաջարկված տնտեսական աճի տեմպերը և բացասական ազդեցություն կունենա աղքատության վրա: Համաշխարհային բանկը մինչ այդ խորհուրդ էր տվել, որ պահուստների հաշվին ավելի բարելավվի ֆիսկալ իրավիճակը, հզորացվի ֆիսկալ կարգապահությունը, և կոնսոլիդացիան կրի շարունակական բնույթ: ՀՀ կառավարությանը նաև խորհուրդ ենք տվել խթանել կառուցվածքային բարեփոխումները, ինչն իր հերթին կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը, մրցունակության բարձրացմանը: Այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի մեղմացնել ապագա ցնցումները՝ առավել պատրաստված լինելով տնտեսության ցիկլերին: Վերոնշյալ առաջարկությունների լույսի ներքո մենք կշարունակենք աջակցել ՀՀ կառավարությանը, քանի որ հավատացած ենք երկրի համար դրանց ունեցած կայուն զարգացման ներուժին: Այդ բարեփոխումները նաև հարկավոր են, որպեսզի հնարավոր լինի երկրում առկա խոցելի խմբերին աջակցության միջոցով դուրս բերել աղքատության փակ շրջանից:
Բացի այդ՝ պարզ է, որ ներկրված գազի գներն անհամեմատ մատչելի են եվրոպական և ԱՊՀ գազ ներկրող երկրների մեծամասնության սակագներից: Սա ենթադրում է, որ սակագների վերանայման հավանականությունն ապագայում նորից կարող է հայտնվել օրակարգում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հետևաբար՝ կառաջարկեմ այս մարտահրավերն ընկալել որպես հնարավորություն և վերաձևակերպել երկրի էներգետիկ քաղաքականությունը, ճանապարհներ որոնել կախվածությունը նվազեցնելու՝ ուսումնասիրելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների առաջարկած հեռանկարն ու աղբյուրների բազմազանեցումը: Ավելին՝ կարելի է բարելավել երկրի մրցունակությունը՝ նվազեցնելով բիզնեսի ծախսերն ու բարձրացնելով արտադրողականությունը, ինչպես նաև բարելավելով էներգետիկ արդյունավետությունը:
— Կառավարությունը քննարկում է թանկացած գազի գնի սուբսիդավորումը վարկային միջոցներ ներգրավելու հաշվին իրականացնելու տարբերակը։ Խոսվում է նաև 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր թողարկելու մասին, որից ստացված գումարները կարող են ուղղվել սուբսիդավորմանը: Ո՞րն է ՀԲ դիրքորոշումը:
— ԱՄՀ ներկայացուցիչն արդեն անդրադարձել է եվրապարտատոմսերի փոխկապակցվածությանը գազի սուբսիդավորմանը, ինչը, կարծում եմ, արդեն իսկ փարատել է մտահոգությունները: Միջազգային կապիտալ շուկաների հասանելիության խնդիրը երկրի զարգացման այս փուլում առավել ևս ողջունելի է: Այդ պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա բազմազանեցնել ֆինանսական աղբյուրները և սոցիալական ծրագրերի ու ֆինանսական ենթակառուցվածքների համար ներգրավել լրացուցիչ միջոցներ: Մինչ օրս Հայաստանի արտաքին աջակցության խողովակները բացառապես եղել են երկկողմանի և բազմակողմանի աղբյուրներից: Երկրի եկամուտի մակարդակի բարձրացմանը զուգահեռ՝ այդ աղբյուրները կարող են կորցնել իրենց մատչելիության աստիճանը: Հետևաբար, շրջվելով դեպի կապիտալ շուկաները, երկիրը ճիշտ քաղաքականություն է որդեգրել: Տարածաշրջանի այլ երկրներ, օրինակ՝ Վրաստանը, այդ շուկաներ մուտք են գործել անգամ մինչև վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամի հասունացումը:
Արմենակ Չատինյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում