Ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվականը պնդում է, թե իբր Ադրբեջանի երկու քաղաքացիներ հատել են Հայաստանի սահմանը ու գնացել Սիսիանի Մուրղուզ գյուղ:
Լրատվականը նույնիսկ կոնկրետ ամսաթիվ է նշում՝ հունիսի 7, և տեսանյութ է հրապարկել, որն` իրենց պնդմամբ, այդ երկու քաղաքացիները նկարահանել են Սիսիանում:
«Վեստի.ազ»-ը՝ հղում անելով «Խեբերլեր» ադրբեջանական կայքին՝ գրում է, թե իբր Ադրբեջանի քաղաքացիներ Ֆազիլն ու Մախիրը սահմանը հատել են, որպեսզի նշված բնակավայրի սրբավայրերից մեկն այցելեն:
Մեկնաբանելով Ադրբեջանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման վերաբերյալ`«Վեստի.ազ» լրատվական կայքի տարածված տեղեկատվությունը` panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Կարդացեք նաև
«Տեղեկատվությունը լուրջ չեմ համարում: Սա կարող է լինել ՀՀ զինված ուժերը բարոյալքելու և սեփական բանակի մարտական ոգին բարձրացնելու նպատակներով իրականացված ապատեղեկատվության տարածում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ տեղեկատվության մեջ ներկայացած պայմաններում հայ-ադրբեջանական սահմանի անարգել անցումը բացառվում է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ