Ըստ մարդու իրավունքների նախկին պաշտպանի՝ եկեղեցին գրագիտության եւ բարոյականության մեծ պաշար ունի եւ կարող է ինքն իրեն պաշտպանել հարձակումներից:
Երկու օր առաջ ԱԺԴ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ակնարկեց, որ օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը, որի հետ կապվում են ՀՀ վարչապետի եւ Արարատյան հայրապետական թեմի ղեկավարի անունները, ծառայում է եկեղեցուն:
Նա, մասնավորապես, ասել էր. «Բնական է, որ մեր եկեղեցին միշտ ունեցել է միջոցներ, որոնք ներդրել է եկամտաբեր գործունեության մեջ, եւ այն, թե ինչ է կատարվում եկեղեցու համաշխարհային գործարքներում, մենք չենք կարող պնդել, որ ԱԱԾ-ն մինչեւ վերջ բացահայտի, առավել վտանգավոր է, որ դա լինի լայն հրապարակային»: Այդ ժամանակ ասուլիսի մյուս հյուրը՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հակադարձել էր. «Եկեղեցին զերծ է նման բաներից՝ ներդնել, եկամուտներ ստանալ, այն գոյատեւում է մարդկանց նվիրատվությունների , մոմերի վաճառքի շնորհիվ, ուրիշ եկամուտներ չունի: Եվ եթե ինչ-որ անհատներ ինչ-որ գործարքներ են անում, դա եկեղեցու հետ կապ չունի»:
Կարդացեք նաև
Այսօր «Առավոտը» ԱԺ նախկին պատգամավոր, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքվեց, թե որքանո՞վ է արժանահավատ համարում Արշակ Սադոյանի ենթադրությունը:Տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում ոչ պաշտպանել, ոչ փնովել եկեղեցուն: Թույլ տանք եկեղեցուն՝ իր խոսքն ասելու այն մասով, որ մասով ինքը մասնակցում է աշխարհիկ կյանքին: Ես ընդհանրապես դեմ եմ եղել, երբ փնովել են եկեղեցուն, եւ դրա համար էլ ոչ թե խուսափում եմ, այլ մերժում եմ եկեղեցականի անունը տալը ընդամենը խոսքի համար: Ես կարծում եմ, որ եկեղեցու մոտ գրագիտությունը, բարոյականության եւ այլ պաշարը այնքան մեծ է, որ կարող է թե’ ինքն իրեն պաշտպանել, եւ թե’ պատասխան տալ բոլոր այն հարձակումներին, որ արվում են եկեղեցու հանդեպ»:
Այդուհանդերձ՝ իրավասո՞ւ է եկեղեցին իր գումարները ներդնել որեւէ կազմակերպության մեջ: Ըստ տիկին Ալավերդյանի. «Ընդհանուր առմամբ եկեղեցին ունի շատ իրավասություններ: Ի դեպ, ոչ միայն մեր եկեղեցին, այլեւ կաթոլիկ եկեղեցին եւ քրիստոնեական մյուս կոնֆենսիաները, նրանք ունեն շատ լավ հնարավորություններ: Չմոռանանք, որ մեր եկեղեցակաները աշխատավարձ չեն ստանում»: Բայց չէ՞ որ եկեղեցին շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Մեր այս դիտարկմանն ի պատասխան տիկին Ալավերդյանն ասաց. «Այո, բայց նրանք պետք է գումար ստանան ավելի, քան ծախսում են, որպեսզի կարողանան վարձատրել: Շահույթ չհետապնդելը չի նշանակում գումար չստանալը, նա չպետք է վերցնի եւ դա, օրինակ, վաշխառության համար օգտագործի, դրանք բոլորովին այլ բաներ են: Պետք է հասկանանք, որ եկեղեցին ունի պետքեր, որի համար պետք է սկսի ինչ որ գործունեություն, ի դեպ, դրա մասին է խոսում այն, որ կան բազմաթիվ գրախանութներ եւ այլն»:
Այսինքն, դուք հավանական համարո՞ւմ եք, որ եկեղեցու գումարներն են օֆշորային այդ ընկերության մեջ՝ այս հարցին տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Այ դա ես չգիտեմ, օֆշորայինի մասով ես չգիտեմ: օֆշորայինին վերաբերվում եմ այնպես, ինչպես ասեցի, ես գտնում եմ, որ լինելով անհրաժեշտ մեխանիզմ կապիտալի ազատականության համար, նա ավելի քան շատ հնարավորություններ ունի օգտագործվելու եւ չարաշահվելու»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ