Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանն իր վրա կրակողին․ «Դուք որեւէ բանից վախենո՞ւմ եք»

Հունիս 20,2013 19:51

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մնաց այնքան, մինչ ավարտվեց ամբաստանյալ, իր բակի մուտքի դիմաց այս տարվա հունվարին իր վրա կրակած ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի ցուցմունքն ու հարցաքննությունը: Ամբաստանյալի նախաքննության ժամանակ տված ցուցմունքների հրապարկման ժամանակ տուժողի ներկայացուցիչը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լեւոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իր վստահորդը հիվանդանոց է գնալու, դատարանը թույլատրեց Հայրիկյանին գնալ:

Մինչ այդ, կարճ ընդմիջման ժամանակ նկատեցինք, որ Հայրիկյանը ձեռնոցով չէր, ինչպես նախորդ նիստի ժամանակ, եւ հարցրեցինք, թե ինչպես է նրա առողջական վիճակը: Նա ցույց տվեց աջ ձեռքը, որի մատները գրեթե չէի շարժվում, իսկ սեղանի վրայից էլ հազիվ կարողացավ երկրորդ ձեռքի օգնությամբ վերցնել թղթերը:

Դատական նիստերի դահլիճը երկու մասի է բաժանված. մի մասը հավատում է, որ ամբաստանյալները` Վարդան Սեդրակյանը, Խաչիկ Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը կատարել են Հայրիկյանի դեմ մահափորձ, դրանք Հայրիկյանի հարազատներն ու նրա քաղաքական անցյալին տեղյակ անձինքն են, մի մասը` լրագրողների շարքերում մշտապես տեղավորված էպոսագետի կինը, որդին, նրանց շրջանակներն են, որոնց անհասկանալի քրքիջին հաճախ տոն են տալիս նաեւ լրատվամիջոցները:

Պարույր Հայրիկյանն ուզում էր հայտարարություն անել այսօր, սակայն  հետաձգեց, փոխարենը հարցն ուղղեց ամբաստանյալին, նրա ցուցմունքից հետո.«Փաստորեն, ձեր առաջնորդը, սցենարիստը Սամվել Հարությունյանն է: Ինչպես պատահեց, որ երբ ձեր առաջնորդը հայտարարություն արեց, դուք այդ օրը չմիացաք նրան, քսիֆ ստացա՞ք»:

Խոսքն այն հատարարության մասին էր, թե Վարդան Սեդրակյանից գումար շորթելու նպատակ են ունեցել, եւ որ Վարդան Սեդրակյանը տեղյակ չի եղել: Ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանն ասաց. «Երբ  ասաց, հաջորդ նիստը հետաձգվել էր »: Պ.Հայրիկյանին հետաքրքրեց. «Դուք որեւէ բանից վախենո՞ւմ եք….քննիչներից, քրեական աշխարհից»: Հետեւեց «խրոխտ» պատասխանը. «Շան հաչոցից էլ եմ վախենում: Սաղից էլ վախենում եմ»:

Դատավոր Գագիկ Պողոսյանը ամբաստանյալի այդ վարքագիծը տեսնելով հարցրեց՝ դուք ճանաչե՞լ եք Պարույր Հայրիկյանին: Ասաց, որ գիտեր, նա մարդու իրավունքների պաշտպան է: Դատավորի այն հարցին էլ, թե դուք պաշտպանի` իմ, ձեր, բոլորիս պաշտպանի վրա եք կրակել, ամբաստանյալը նորից պնդեց՝ վախեցնելու նպատակ է հետապնդել: Հետո մոռանալով, որ «չի ճանաչում» Պարույր Հայրիկյանին, մի հարցի ժամանակ էլ ասաց, թե՝ «Հայրիկյանը տանջված մարդ է»,  ապա՝ «Հայրիկյանը կրակել գիտի, զենքին տեղյակ մարդ է»:

Իսկ թե ինչու չի օգնել իր գործողությունների հետեւանքով բակում ընկած Հայրիկյանին, այս «խրոխտ» վարորդը պատասխանեց. «Այդ պահը չէր: Մի երկու րոպե էլ մնայի, կարող էր մեկը գալ, մի բանով էլ տալ, ինձ սպաներ: Հեռացա»:

Նախաքննության ցուցմունքները, երբ հրապարակում էր մեղադրող Արամ Ամիրզադյանը, Խաչիկ Պողոսյանն այսպիսի միտք էր ասել. «Սխալ եմ նշել, թե զենքը նետել եմ աղբարկղը: Մտածել եմ, թե այդպես թեթեւ կլինի: Համագործակցելով նախաքննության մարմնի հետ, կնոջս միջոցով զենքը հանձնել եմ»:

Երբ ավարտվեց նախաքննության ցուցմունքների հրապարակումը եւս, դատախազը փորձեց հարց տալ, թե հաստատում եք ցուցմունքները: Ամբաստանյալը կիսատ-պռատ ակնարկներ արեց, թե մինչ չի ստորագրել, իր խուցը չեն փոխել: Նա նորից ասաց, թե Վարդան Սեդրակյանի մասով «սաղ սուտ» են, իսկ վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն էլ նկատեց, թե ամբաստանյալի ցուցմունքը «Հրաչյա Աճառյանի ակցենտով էր»:

Սակայն ինչու հիշել Հրաչյա Աճառյանին, երբ նրա ցուցմունքը հարցերի պատասխան տալիս է:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 24-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930