Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անիի նախկին ոստիկանապետի որդին` Վարդան Ղուկասյանի դստեր մասին. «Բա Մանյան չգա՞ դատարան, տեսնենք էդ ո՞ւմ եմ խանդել»

Հունիս 20,2013 19:40

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:

Դատը  սկսվելուն պես երկու ժամով ընդմիջվեց, որովհետ եւ դատակոչված վկաները չէին ներկայացել դատարան: Վկաներից մեկը զինծառայող Աշոտ Գինոսյանն էր, որին թեեւ զորամասի հրամանատարությունը թույլատրել էր գալ Գյումրի, սակայն վերջինս մայրաքաղաքից այդպես էլ տեղ չհասավ: Մյուս վկաներն էլ բժշկական տեղեկանքներ էին ներկայացրել անկողնային հիվանդ լինելու, հիվանդանոցներում բուժվելու մասին:

Դատարանը հարցում էր կատարել Գյումրու «Ճերմակ» հիվանդանոց` ճշտելու, թե  Գյումրու քաղաքապետի ու նրա դստերը` Մանյայի բուժման համար որքա՞ն ժամանակ է պահանջվում: Հիվանդանոցից պատասխանել են, թե ցույց կտա բուժման ընթացքը: Անկողնային հիվանդ է նա եւ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը`Անահիտ Նիկոյանը, որի ոտքը կոտրվել է, վիրահատված է: Վերջինս տեղեկացրել էր, որ անպայման դատարան կներկայանա ապաքինվելուց հետո: Դատավոր Մարտին Սարոյանը որոշեց հրապարակել այս վկաների նախաքննական ցուցմունքը, որն էլ վիճաբանության թեմա դարձավ: Անիի նախկին ոստիկանապետի`ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Հունան Բաբայանը առարկեց`նշելով, որ դա «Քրեադատավարական» օրենսգրքի կոպիտ խախտում է, քանի որ, ըստ 342 հոդվածի, վկաների նախաքննական ցուցմունքները կարելի է հրապարկել, եթե նրանց դատարան ներկայանալու հանգամանքները  բացառվում են:

Իսկ այժմ, ըստ փաստաբանի, բոլոր հնարավորությունները կան, որ չբացառվի նրանց ներկայությունը: Ըստ փաստաբանի, բոլորն էլ էական վկաներ են, գործի դրդապատճառի, այսինքն խանդի հողի վրա կատարած սպանության հետ առչություն ունեցող,  եւ նրանց ներկայությունը պարտադիր է:

Չնայած առարկությանը, դատավոր Մարտին Սարոյանը  որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, եւ դատախազը սկսեց ընթերցել ամբաստանյալի մոր նախաքննական ցուցմունքը: Փաստաբան Հունան Բաբայանը բոյկոտեց նիստը, վերջինս հայտարարեց, որ նման կոպիտ խախտմամբ չի կարող իրականացնել իր փաստաբանական ծառայությունը, հեռանում է նիստերի դահլիճից,  իր պաշտպանյալը  եւս կհրաժարվի մասնակցել դատական նիստին` առանց փաստաբանների:

P1302236

Վերջինս իրոք հեռացավ դահլիճից, իսկ ամբաստանյալ Հարություն Սարգսյանն ասաց. «Ես վստահ եմ, որ իմ մայրը կգա դատարան, դուք բերման ենթարկեք այն վկաներին, ովքեր կեղծ տեղեկանքներ են բերում հիվանդանոցներից: Բա մի հատ Մանյան չգա՞ դատարան, չտեսնե՞ք, որ ես նրա երեսը տեսած չկամ, անգամ 100 մետր հեռավորությունից, չհամոզվե՞ք, որ ես չեմ ճանաչում: Բա ի վերջո  չտեսնե՞մ, թե ես ո՞ւմ եմ խանդել, ո՞ւմ եմ սպանել, ինձ հասցեագրված մեղադրանքը Հովհաննես Թումանյանի  հեքիաթներից լինի»:

Դատավորը պնդում էր, որ դատը պիտի շարունակվի, դատախազները միջնորդեցին հետաձգել`նշելով, որ ամբաստանյալը իրավունք ունի պաշտպաններ ունենալու: Դատը հետաձգվեց ամսի 25-ին, ժամը 12.00-ին: Այդ ընթացքում հուզված, բարկացած դատարան մտավ Հարություն Սարգսյանի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, ու ձեռքը խփելով սեղանին` ասաց. «Պետք է, ես կնոջս շտապօգնության մեքենայով էլ դատարան կբերեմ, սայլակ կնստեցնեմ ու կհասցնեմ էստեղ»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930