Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի դեմ «Բրատ» ֆիլմի ազդեցության տակ ընտրվեց «խլացուցիչով» մարտական զենքը

Հունիս 20,2013 19:06

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք տվեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի վերջին կրակած, մահափորձի գործով ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը, որից հետո ամբաստանյալը հարցաքննվեց, եւ այնքան շատ էին հակասությունները նախաքննության ժամանակ տված ցուցմունքների միջեւ, որ մեղադրանքը պաշտպանող դատախազը` Արամ Ամիրզադյանը հրապարակեց նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները:

IMG_1174

ԱԱԾ քննչական վարչության քննիչի մոտ փետրվարի 13-ին տված ցուցմունքում, մեղադրյալի կարգավիճակում գտնվող Խ.Պողոսյանն ասել էր, որ պնդում է նախկինում տված իր ցուցմունքները, եւ հայտնում. «Իրոք, Վարդան Սեդրակյանը իր օֆիսում, որը գտնվում էր «Կինո Երեւանի» հետնամասում, ցույց տվեց թերթում պատկերված Պարույր Հայրիկյանի նկարը, եւ ասաց` սրան պետք է ուժեղ վախեցնեք: Առաջարկեց վախեցնելու մի քանի տարբերակ, այդ թվում մեքենան վառելու, նրան ծեծելու, վրան կրակելու տարբերակները, վերջում ասաց, որ ավելի լավ է կրակենք նրա վրա, բայց ոչ սպանելու համար: Հայրիկյանի վրա կրակելու օրն ու պահը ընտրվել է մեր կողմից, որ նրա կողքին այլ մարդ, կամ թիկնապահ չլինի, նախ, որ մենք ապահով լինենք, եւ հետո, որ կողքից այլ մարդիկ չտուժեն»:

IMG_1165

Քննիչի այն հարցին, թե այդ դեպքում, ինչու չընտրեցիք զենքի այլ տեսակ, այլ ընտրեցիք մարտական փամփուշտներով ատրճանակ, որն ավելի լուրջ սպառնալիք էր Պարույր Հայրիկյանի համար, նաեւ նրա շրջապատի համար, մեղադրյալը պատասխանել էր. «Մարտական զենք ենք ընտրել, որ կրակեինք պատին կամ գետնին, որ հետո հայտնաբերված գնդակների առկայությամբ  Վարդան Սեդրակյանին ապացուցեինք, որ իրոք, կրակել ենք Հայրիկյանի վրա: Իսկ գտնված փամփուշտներով էլ Հայրիկյանն ավելի կվախենար: Եթե ուզենայի սպանել, ապա զենքի մեջ կար հինգ փամփուշտ, դրանք ամբողջը կկրակեի Հայրիկյանի վրա»:

Հետեւել էր մեկ այլ հարց. եթե նպատակ չունեիք սպանելու, ապա ինչո՞ւ էիք զենքը պահել կրծքավանդակին, այլ ոչ թե ոտքերին, կամ թեկուզ այլ տեղ, օդ, գետնին, Խաչիկ Պողոսյանը պատասխանել էր. «Ուզել է կրակել նրա կողքին, գնդակը նրա աջ ուսին կպել է միամիտ»:

Ի դեպ, դատարանում նա ասաց, թե Հայրիկյանը հասցրել է բռնել իր ձեռքը, իսկ նախաքննության ժամանակ հայտնել էր այսպես. «Առաջին կրակոցից հետո նա մեծ աղմուկ բարձրացրեց, ձեռքի պորտֆելը շպրտեց վրաս, ոտքը կպավ լյուկին, սայթաքեց, ընկավ, կողքի մեքենայի վրա, սիգնալիզացիան միացավ:Ուզեցի կրակել նրա ոտքի կողքերը, որ վախենա, վախից ձայնը կտրի, սակայն որտեղին կպավ գնդակը, չիմացա»:

Ինչ վերաբերում է «վախեցնելուց հետո» տրվելիք կոնկրետ գումարին, նա դատարանում ասաց, թե կատարել է իր ընկերոջ՝ Սամվել Հարությունյանի խնդրանքը, առանց որեւէ նպատակի, մինչդեռ նախաքննության ժամանակ հայտնել էր. «Սամվելն ասաց զենքի համար փողը կտա: Ստույգ գումար Վարդանն այն ժամանակ չի ասել, սակայն հիշատակել է, որ գոհ կմնանք»:

Այն հարցին էլ, թե՝ Ձեր իսկ ասելով, նպատակը Հայրիկյանին վախեցնել էր, եւ եթե չկրակեիք, Հայրիկյանը աղմուկ չէր բարձրացնի, ինչ է, ձեր նպատակն այն էր, որ Հայրիկյանը աղմուկ բարձրացնի, ինչի մասին է խոսքը, մեղադրյալը պատասխանել է. «Աղմուկ ասելով, նկատի ունեմ, որ նա վախենար շատ լուրջ, մեջը վստահություն լիներ, որ իրեն ուզում են սպանել: Աղմուկ բարձրացնելու վերաբերյալ Սեդրակյանը մեզ հանձնարարություն չէր տվել: Երբ Սամվելի ներկայությամբ հարցրեցի Վարդան Սեդրակյանին, թե ինչի համար է ուզում Հայրիկյանին վախեցնել, նա ասաց, թե դա մեր խելքի բանը չէ»:

Մինչ զենքի օգտագործվելը, այն փորձարկվել էր: Խաչիկ Պողոսյանն ասել էր, թե Թբիլիսյան խճուղու ճանապարհով անցնելիս, տեսնելով առանց մարդկանց եւ շինությունների մի հատված, կրակել է «նագանը», սակայն ձայնը բարձր էր: Ղեկին մյուս ամբաստանյալն է եղել` Սամվել Հարությունյանը: Ըստ Խաչիկի, Հայրիկյանի վրա մահափորձից երկու օր առաջ գնացել են իր տուն, ատրճանակի վրա ամրացրել է կպչուն լենտով կես լիտրանոց տարողության պլաստմասայի շիշ, տան բակում փորձարկվել է: Ձայնը ցածր էր.«Հիշեցի իմ կողմից սիրված «Բրատ» ֆիլմում գլխավոր հերոսի կողմից կրակելու հետ կապված գործողությունները, երբ վերջինս պլաստմասե շիշը ամրացնելով ատրճանակի փողին, շուկայում կրակում է չեչենի վրա ու ոչ ոք կրակոցի ձայնը չի լսում»:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930