ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 1-8-ը Գյումրիում կանցկացնեն «Դուետ» միջազգային թատերական փառատոնը:
Հայաստանյան եւ հրավիրյալ թատրոնները կներկայացնեն բեմադրություններ 2 գործող անձով՝ հավատարիմ մնալով փառատոնի անվանը: Միջոցառումը կբացվի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացումով:
Փառատոնի ձեւաչափով յուրաքանչյուր օրվա վերջում նախատեսված են հեռուստատեսային ուղիղ հեռարձակմամբ ստեղծագործական խմբերի, մասնագիտական հանձնախմբի, արվեստագետների ու արվեստասերների մասնակցությամբ քննարկումներ:
Ի տարբերություն հայաստանյան եւ դրսում անցկացվող թատերական փառատոների, «Դուետի» երկու մասնագիտական հանձնախմբում ընդգրկված չէ ոչ մի թատերագետ: Ավելին, առաջին հանձնախմբում հրավիրված է ֆրանսաբնակ գյումրեցի կինոռեժիսոր Լեւոն Մինասյանը: Aravot.am-ի հարցին` ի՞նչ սկզբունքով են կազմվել հանձնախմբերը, բեմադրիչ, փառատոնի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը պատասխանեց. «Մեր փառատոնը մրցանակային տեղերով չէ, հետեւաբար նպատակահարմար չգտանք թատերագետների առկայությունը: Եվ քանի որ յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի են ունենալու քննարկումներ, ապա հանձնախմբի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել ենք միայն ու միայն բարձրակարգ մասնագետների, այդ թվում՝ ռեժիսորներ Լյուդվիգ Հարությունյանին, Վահե Շահվերդյանին, դրամատուրգ Աննա Աղասարյանին, դերասան Վարդան Պետրոսյանին, կինոյի եւ թատրոնի արտիստ Անատոլի Կոտին եւ մյուսներին: Ինչ վերաբերում է կինոռեժիսոր Լեւոն Մինասյանի ներկայությանը հանձնախմբում, ապա դա մեկից մեկ պարզ է. բարձրակարգ մասնագետ եւ ղայդին գյումրեցի»:
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ