Ըստ Վարդան Բոստանջյանի՝ ազատական տնտեսության անցնող երկրներում կապիտալի նախնական կուտակման կատաղի, սումբուր ձեւը պարտադիր պայման է, բայց պետք է մի քիչ մեղմ անել դա, որ հասարակությունը շատ չգրգռվի
«Օֆշորային այդ մեխանիզմը, որը ներդրվել է միջազգային կապիտալի կողմից, ազատականության գաղափարի այն պայծառ դրսեւորումներից էր, որ կապիտալը կարող է առանց խոչընդոտների տեղափոխվել տեղից տեղ՝ առանց պետական միջամտության: Բայց այսօր հասել ենք մի վիճակի, երբ որ հստակ երեւում է, որ հենց ա’յդ մեխանիզմներով են տեղի ունեցել ե’ւ միջազգային ֆինանսական տնտեսական ճգնաժամը, եւ փողերի լվացումը: Ստացվում է, որ աշխարհում վերահսկվում է ամեն ինչ, բայց մնացել է մի քանի տեղ, կղզիացած, որտեղ ամեն ինչ կարելի է անել, բայց՝ ոչ բոլորին է թույլատրված: Սա անհավասարության մեխանիզմն է՝ պետությունների մեջ: Այն, որ Հայաստանում օֆշորից սկսեցին օգտվել մինչեւ անգամ շուկայական հարաբերությունները չկայացած ժամանակ, խոսում է այն մասին, որ հայկական քաղաքական էլիտան աշխույժ ձեւով մտել է ե’ւ փողերի լվացման, ե’ւ ֆինանսական խաղերի մեջ՝ բացարձակապես հաշվի չառնելով ոչ երկրի անկայուն վիճակը, ոչ հասարական շահը»,-սա ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքն է օֆշորային խնդիրների մասին:
Նա, սակայն, չուզեց ավելի անձնավորված խոսել, մասնավորապես, չցանկացավ գնահատական տալ վարչապետի եւ Նավասարդ Կճոյանի անվան շուրջ ծավալված սկանդալին. «Ես այն մարդկանցից եմ, որ չգիտեմ ով ինչ ունի, ինչքան ունի եւ որտեղ ունի: Դա ինձ չի հետաքրքում, ինձ ավելի լուրջ խնդիր է հետաքրքրում: Այնքան մեծ է մեր իշխանությունների, մեր դատաիրավական համակարգի հանդեպ անվստահությունը, որ ինչ էլ ասեն, ոնց էլ արդարանան, ինչ էլ անի դատախազությունը՝ մարդիկ չեն հավատալու: Եթե նույնիսկ որեւէ դեպքում արդար դատավարություն է կայանում, մարդիկ չեն հավատում այնպես, ինչպես չեն հավատում իշխանությունների որեւէ խոսքին, որովհետեւ իր գործունեությամբ իշխանությունը այնքան է անվստահության եւ անպատժելիության մթնոլորտ ձեւավորել, որ ժողովրդի վստահության քվե չի կարողանում ստանալ: Մեծ խզում կա՝ իշխանությունը գտնվում է օվկիանոսի մի ծայրում, ժողովուրդը՝ մյուս»:
Կարդացեք նաև
Իսկ Վարդան Բոստանջյանը գտնում է՝ քանի որ վարչապետն այդ հարցը պարզաբանելու համար դիմել է դատախազություն, մինչեւ դատախազության պարզաբանումը, իրենց կողմից որեւէ բան ասելը՝ անլուրջ կլինի: Բայց նա նույնպես ընդհանուր գծերով անդրադարձավ օֆշորային խնդիրներին. «Ցանկացած կենտրոնացված իշխող կառավարումից դեպի ազատական հարաբերություններ անցնելու պարագայում անպայմանորեն, ուրիշ ելք չկա, պետք է լինի կապիտալի նախասկզբնական կուտակում, որը տեղի է ունենում շատ սումբուր, կատաղի ձեւով: Դա պետք է ազատական տնտեսությունում գործունեություն ծավալելու համար, դա պարտադիր պայման է, բայց այդուհանդերձ դա կարելի է անել մեղմ ձեւերով, որպեսզի հասարակությունը չընդվզի՝ եկամուտները չբեւեռանան, աղքատության մակարդակը չբարձրանա: Օֆշորը ստեղծած է փողի համար, որ ազատ շրջանառվի, դա վատ բան չէ, բայց հարկավոր է այդ օֆշորում գտնվելու պարագան մեծապես նպաստի տվյալ երկրում գործունեության զարգացմանը»:
Իսկ հնարավո՞ր է օֆշորում գրանցել ընկերություն մեկի անվամբ՝ առանց նրա իմացության՝ այս հարցին ի պատասխան Վարդան Բոստանջյանը բարկացավ. «Երբեւիցե չեմ գրանցել, չեմ մտել նման երեւույթների մեջ: Մենք շատ կարեւոր բաների մասին ենք խոսում, իսկ դուք՝ գրանցե՞լ են, թե՞ չեն գրանցել… Ջհանդամի’ն գրանցեն: Դա չէ էականը…»: Սակայն տիկին Ալավերդյանը կարծում էր, որ օֆշորային գոտում այնպիսի ճկուն համակարգ է ներդրված, որ անգամ ուրիշի անունով ընկերություն գրանցելու հնարավորությունը չի բացառվում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ