Այսօր «Հայելի» ակումբում, երբ խոսում էին Վերահսկիչ պալատի բացահայտումների, օֆշորային սկանդալի, իշխանությունների ստեղծած ամենաթողության մթնոլորտի մասին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին անդամ Վարդան Բոստանջյանը, դիմելով քննարկման մյուս մասնակցին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանին, ասաց. «Ես հասկանում եմ, որ երկիր ղեկավարելը սարսափելի ծանր գործ է, հասկանում եմ, որ խոցելությունը չափազանց շատ է, բայց մինչեւ արդյունավետ վերահսկողություն իրականացնելուն անդրադառնալը՝ ես ուզում եմ մտածել քաղաքական պատասխանատվության մասին: Ես հասկանում եմ, եւ տեսնում եմ, մեր, այսպես կոչված, ընդդիմադիր կողմը երբեւիցե չի վերցնում իր վրա պատասխանատվություն, դրա վառ վկայությունն այն է, ձեզ նման մակարդակ մարդը թողեց օրենսդիր դաշտը, դա պայմանավորված չէր իշխանություններով, դա պայմանավորված էր ձեր քաղաքական ուժով: Դա ինչ-որ տեղ կարող է նաեւ ինձ վերաբերվել»:
Ի պատասխան տիկին Ալավերդյանը նկատեց, որ ինքն իրեն երբեք չի համարել լավագույն պատգամավոր. «Ինչպես նաեւ ես երբեք չեմ համարել, որ իմ ունակությունները կիրառվելու տեղ չեն գտնելու: Եվ հիմա էլ ես, գուցե թե ավելի օգտակար եւ արդյունավետ գործ եմ անում, քան պառլամենտում»:
Պարոն Բոստանջյանը, անդրադառնալով տիկին Ալավերդյանի՝ մինչ այդ հնչեցրած «հակակշիռների եւ զսպումների» մեխանիզմին, ըստ որոնց՝ վերահսկող մարմինները պետք է հանձնել ընդդիմությանը, որը, շահագրգռված լինելով գալ իշխանության, կգտնի գործող իշխանության սխալները եւ մատնացույց կանի դրանք, ասաց. «Հակակշիռների ինստիտուտը կարեւորագույն պայման է, բայց երբեք չի եղել պատմության մեջ որեւէ մի տեղ, որ իշխանությունը գեղեցիկ ձեւով հոժարակամ զիջի իր որեւէ տիրույթը ընդդիմությանը: Միայն քաղաքացիական հասարակության միջոցով է հնարավոր հակակշիռների ինստիուտը ձեւավորել: Եթե այսօր մեր ժողովուրդը հակված է թողնել տարբեր խնդիրներ եւ հեռանալ երկրից, ուրեմն իշխանությունից մի սպասեք, որ նա կզիջի իր տիրույթները»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ