Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը, աշխարհի ամենալավ զուգարանները, բնական կարիքներն ու հումորը

Հունիս 20,2013 17:54

«Հիմա եթե աշխարհի լավագույնն ես անում, ամեն ինչ պետք է լավագույնն անես, մարդիկ գան ծառայություններից օգտվեն։ Համար մեկ պրոբլեմը ո՞րն է այսօր տուրիստների համար… բոլորը գալիս են, ասում են՝ զուգարան չկա։ Տուրիզմ առանց զուգարանների հնարավոր չէ զարգացնել»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի  ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ պետք է այդքան գումար ծախսել երգող զուգարանների տեղադրման համար, այսպիսի դիտարկում արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ այն անվանելով աշխարհի լավագույն զուգարանը՝ նաև նշեց. «Տաթեւի ճոպանուղին ինչո՞ւ է պետք կառուցել…եթե ճոպանուղին նորմալ է, բա ճոպանողու կողքը մի նորմալ զուգարան չպե՞տք է լինի»։

Aravot.am-ը երգիծաբան Մկրտիչ Արզումանյանից հետաքրքրվեց` ինքը` որպես քաղաքացի, հպա՞րտ է, որ ՀՀ-ում աշխարհի ամենալավ զուգարաններն են տեղադրված: Նա պատասխանեց. «Ո՞նց կարելի է զուգարանով հպարտանալ: Դա նորմալ բան է: Դրանք ողջ մայրուղու վրա պիտի տեղադրված լինեն, որ մարդիկ թփերի մեջ իրենց բնական կարիքները չհոգան: Դա նորմալ երևույթ է, նորմալ երկրներում ընդունված բան: Ինձ համար դա սովորական բան է»:

Հետաքրքրվեցինք` արդյոք զուգարանների խնդիրն ամենակարևո՞րն է մեր երկրում, որ այդքան լայնորեն քննարկվում է, Մ. Արզումանյանը պատասխանեց. «Եթե բոլոր խնդիրներն այս երկրում լուծվել են, մնացել է զուգարանների հարցը, ուրեմն մենք մտնում ենք աշխարհի ութնյակի երկրների մեջ, դառնում ենք իններորդը: Կարող ենք մյուս երկրների հետ հավասար գնալ տարբեր միջոցառումների, քանի որ զուգարանների խնդիրը շատ կարևոր ու արդիական է, որը նույնիսկ թիրախային խփել է նաև մյուս կենսական խնդիրներին, այսինքն`ապահովել է նաև այդ խնդիրների լուծումը»:

Զուգարանների բարձր արժեքի մասին էլ ասաց. «Այդ դեպքում լավ չի՞ այդքան գումարը դրվի ու հայ տիեզերագնաց ուղարկվի մոլորակից դուրս: Մարդը գնա ման գա, այդ ժամանակ կհպարտանանք»:

Հպարտանալու հետ կապված հարցի վերաբերյալ հումորիստ Արամ MP3-ն էլ փոխանցեց հետևյալը. «Չէ, դրանով հպարտանալ պետք չէ: Ավելի լավ ու կարևոր արժեքներով կարելի է հպարտանալ: Այնպես չէ, որ եթե այլ երկրում դու տեսար զուգարան, ասես մեր զուգարաններն ավելի լավն են, քան ձերը: Ուղղակի պիտի ուրախանանք, որ նման բան կա մեզ մոտ, լավն են մեր զուգարանները: Դեռ այն ժամանակ, երբ գետնանցումները, վերելակներն էին զուգարանների վերածվել, թեման քննարկվում էր: Այս դեպքում գոնե մարդիկ կկարողանան իրենց կարիքները հոգալ աշխարհի ամենալավ զուգարաններում: Եթե ըստ կարևորության նայենք, ապա կարող ենք ասել, որ այդ խնդիրն էլ է լուծվում: Կարող ենք մի հատ փոքրիկ պտիչկա դնել, որ այդ հարցն էլ լուծվեց: Այնպես չէ, որ վատ բան է դա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Avproduction.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armine G says:

    Իսկապես շատ զավեշտական հարց է: Իրո՞ք կարծում եք որ երկու բիոզուգարանների առկայությունը ամբողջ Հայաստանի տարածքում լուծել է զուգարանների հարցը զբոսաշրջիկների համար: Այլ կերպ ասած հենց որ զբոսաշրջիկը զուգարան գնալու պահանջ ունենա, պետք է թողնի իր շրջագայությունը ու շտապի դեպի Տաթևի ճոպանուղու կամ Երևանի բիոզուգարան: Եվ այդպես օրը մի քանի անգամ: Հետո վերադառնալով իր երկիրը բոլորին կհորդորդի այցելել Հայաստան, որովհետև Հայաստանում են այն երկու ամենագեղեցիկ բիոզուգարանները, որ կյանքում գոնե մեկ անգամ պետք է տեսնել: Պրն Սարգսյանը այսպիսով մեծ թափ է տալիս տուրիզմի զարգացմանը Հայաստանում, իհարկե չհաշված թե ինչ մեծ թափ էր դա որոշ մարդկանց գրպաններին:

  2. Maxim says:

    Armine-ի մեկնաբանությունը շատ տրամաբանական է, և իհարկե հասկացողի համար՝ ողբերգական:
    Բայց ես կցանկանայի այս բիոզուգարանների հարցը մեկնաբանել մեկ այլ տեսանկյունով:
    Օրինակ, մեր ժողովրդի մեջ կա այսպիսի մի դատողություն, որ եթե մի խումբ մարդիք, սեղանի շուրջ,
    կերուխում են արել, այն էլ ոչ մեկ անգամ, ապա նրանք իրար հետ ունեն կերուխումային սերտ կապ, և
    նրանք հավատարմորեն կարող են երկիրը թալանել, ընտրությունները վերածել խեղկատակության, և
    ցանկացած բարոյական նորմ վերափոխել համաձաձն իրենց հնչեցրած բաժակաճառերի: Կան ազգեր,
    ժողովուրդներ, որոնք այս մեր փիլիսոփայությունը չեն հասկանում, թեպետ աշխարհը նրանց համարում է զարգացած ժողովուրդ, քանի որ ունեն շատ բարձր զարգացած տնտեսություն:
    Բայց մենք չպետք է սահմանափակվենք միայն կերուխումներով, այլ տալ այդ երևույթի շարունակությունը, այսինքն նույն սերտ կապը հաստատել բիոզուգարաններում, կողք կողքի:
    Պատկերացրեք երկրի առաջին դեմքերի խնջույքներում հնչած կլկլոցով երաժիշտությունը ավարտվի
    բիոզուգարաններում, մեկ այլ երաժիշտությամբ, որը սեղանի վրայի ուտեստների բազմազանությունը
    տա իրեն յուրահատուկ նոտաները, ակորտները, քարորդները և այլն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930