Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանվել է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց:
Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 144 քաղաքացի: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:
Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 299 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին լուծումները տրվել են տեղում, մյուս մասն ընթացքի մեջ է: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը նշել է, որ ընթացքի մեջ գտնվող հարցերը հիմնականում կապված են քաղաքապետարանի տարեկան ծրագրային աշխատանքների հետ և, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հատուկ հսկողություն է իրականացվում դրանց կատարման ընթացքի նկատմամբ:
Նշենք նաև, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների և վարչական շրջանների ղեկավարների ընդունելություններին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ ներկայացնելով անձնագիր: Հիշեցնենք, որ վարչական շրջանների ղեկավարների ընդունելությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն