«Նախկինում էլ կային նման բաներ, նախկինում էլ էր Վերահսկիչ պալատը խախտումներ բացահայտում, բայց նախորդ տարիների կտրվածքով այս աստիճան ցցունություն չկար: Այս տարի ավելի դիպուկ եւ ծավալային բացահայտումներ են: Վերահսկողական մեխանիզմը ցանկացած երկրի համար կարեւորագույն գործող մեխանիզմ պետք է լինի, որը կհսկի, որ պետական բոլոր միջոցները արդյունավետ օգտագործվեն, ծախսվեն: Հայաստանի Հանրապետությունում միշտ ունեցել ենք խոցելիություն՝ պետական միջոցների նպատակային օգտագործման առումով: Ես հակված եմ մտածելու, որ փոշիացման, ոչ ճիշտ ծախսման երեւույթներ կան, որոնք դատապարտելի են, բայց նաեւ հակված եմ մտածելու, որ դրանով թե գործադիր իշխանությունը եւ թե դատականը կզբաղվեն, չնայած դեռ դատական իշխանությունը աշխուժություն չի ցուցաբերում: Ես ուզում եմ մտածել, որ այլեւս չունենք այլ հնարավորություն, քան դրա դեմն առնելը»,-այսօր «Հայելի» ակումբում, անդրադառնալով Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումներին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Այն, որ դատական մարմինները դեռ «աշխուժություն» չեն ցուցաբերում այս բացահայտումների հետ կապված՝ պարոն Բոստանջյանը սխալ է համարում. «Ոչ միայն պետական չարաշումների, այլեւ ցանկացած այլ հարցով դատական մարմինների հանդեպ մեր երկրում կա վստահության մեծ դեֆիցիտ, ինչը տարբեր մարմինների կողմից միշտ բարձրաձայնվել է»:
«Հայելու» մյուս հյուրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, նույն հարցին անդրադառնալով, նշեց, որ «Հայաստանում պատրանք է որեւէ անկախ մարմին ունենալը»՝ նկատի ունենալով Վերահսկիչ պալատը: Եվ որպես Վերահսկիչ պալատի անկախ աշխատանքի երաշխիք՝ տիկին Ալավերդյանը շեշտում էր այդ մարմինը ընդդիմությանը հանձնելու կարեւորությունը: «Մեր երկրի նման երկրներում միակ հստակ մեխանիզմը, որ վերահսկող մարմինները անկախ կլինեն՝ հակակշիռների մեխանիզմն է: Քանի դեռ մեր իշխանությունները չունեն քաղաքական կամք դրսեւորել եւ անկախ դատարաններ, անկախ վերահսկիչ մարմիններ ստեղծել, պետք է այդ մարմիններում մեծամասնություն կազմի ընդդիմությունը: Որովհետեւ այն ընդդիմադիր ուժը, որը ձգտում է գալ իշխանության, ավելի լավ կհայտնաբերի գործող իշխանության սխալները: Ինչպե՞ս կարող է նույն քաղաքական ուժը ե’ւ թալանի, ե’ւ վերահսկի, ե’ւ պատժի, դա տրամաբանությամբ հնարավոր չէ: Ես հինգ տարի ԱԺ-ում լինելով, ամեն տարի տեսել եմ, որ Վերահսկիչ պալատը բացահայտումներ է արել, եւ ոչինչ չի հետեւել դրան: Միայն խոսքեր են եղել, թե՝ կանենք, կպատժենք, բայց գործ չի եղել»:
Իսկ այն, որ այսօր քաղաքական մեծամասնությունն է բարձրաձայնում խախտումների մասին՝ ըստ տիկին Ալավերդյանի՝ արվում է «գլուխ գովելու» համար. «Ուզում են գլուխ գովել, թե մենք այն իշխանությունն ենք, որ կարողանում ենք խոսել մեր թերությունների մասին: Բայց այն, որ միայն խոսում ես այդ մասին, քեզ մեծ պատիվ չի բերում, եթե հետո չես ուղղվում»:
Կարդացեք նաև
Տիկին Ալավերդյանի առաջարկած հակակշիռների մեխանիզմին անդրադառնալով՝ Վարդան Բոստանջյանն ասաց. «Ձեր տրամաբանությունը անխոցելի է, սակայն աշխարհի զարգացած երկրներում այնպիսի հստակ իրավական հիմքեր են դրված, որ ամենեւին կապ չունի՝ իշխանություն ես, ընդդիմություն ես, չես կարող վատ վերահսկել, կամ որեւէ այլ բան վատ անել: Հարյուրավոր տարիների ընթացքում են նրանք հասել այդ կատարելությանը»: Տիկին Ալավերդյանն էլ ճշտեց՝ «բա դրա համար էլ ես շեշտեցի՝ մեզ նման երկրներում, մեր իրավիճակի երկրներում» :
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ