Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հեգնեց Արմեն Մովսիսյանին

Հունիս 20,2013 16:17

«Եթե մենք վտանգ զգայինք, ապա նման հարց բանակցությունների սեղանին չէինք դնի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն՝ անդրադառնալով իր և «Գազպրոմի» նախագահի մոսկովյան հանդիպմանը, որի ընթացքում, ինչպես կրկին հաստատեց նախարարը, քննարկվել է ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու հարցը:

Նախարարը պարզաբանեց, որ վերոնշյալ հարցն ընդամենը ռուսական կողմի հետ բանակցությունների սցենարներից մեկն է, որևէ գործարք առայժմ կատարված չէ. «Եթե այդ գործարքը շահավետ կլինի ՀՀ կառավարության համար, ապա կանենք, եթե ոչ, ուրեմն՝ չենք անի։ Որևիցե մեկը ոչ մեզ ստիպում է, ոչ էլ պարտադրում»: Հիշեցնենք, որ բանակցություններն ավարտվելու են հունիսի վերջին։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ եթե «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդ»-ում ունենա 100 տոկոս բաժնեմաս, արդյոք դա վտանգավոր չէ՞ մեր երկրի համար եւ տնտեսական, եւ քաղաքական իմաստներով, Արմեն Մովսիսյանն ասաց` դա ոչինչ չի փոխում, որևէ առումով։

Փարատելով բոլոր մտավախությունները՝ նախարարը հստակեցրեց, որ Հայաստանում էներգամատակարարման գործառույթները լիցենզավորված են, իսկ գազամատակարարման համակարգն աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում, ուստի էական չէ, թե ով կլինի «տերը»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադարձավ այս հարցին՝ առաջարկելով կազմակերպել քննարկում, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնենք.«Կարծում եմ՝ խորհրդարանն առնվազն պարտավոր է իմանալ այդ ապահովության գինը, ինչի դիմաց ենք մենք կառավարության 20% բաժնեմասը դարձրել բանակցության առարկա: Առաջարկում ենք կազմակերպել քննարկում՝ տեղեկանալու ապահովության գնին, որպեսզի չկանգնենք փաստի առաջ, որ հետո չպարզվի, թե չեն հիշում անգամ ստորագրման ամիս-ամսաթիվը»,- ընդգծեց տիկին Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ անցած քառօրյայի եւ արտահերթ նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները քանիցս խնդրեցին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին ասել, թե որ ամսաթվով է ստորագրված գազի գնի բարձրացման պայմանագիրը: Նախարարը անընդհատ խուսանավեց հստակ պատասխանից, ապա պատճառաբանեց, որ ստորագրման ամսաթիվը չի հիշում:

Նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ այդ հարցն ԱԺ նիստի օրակարգում չէ, բայց ժամանակին այն անպայման կքննարկվի։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930