Այսօր «Հենարան» մամուլի ակումբի հյուրերն էին Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը, ուսումնական գծով տնօրեն Ասյա Զալյանը, հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Նարինե Միքայելյանը և ռուսաց լեզվի ուսուցիչ, արհկոմի նախագահ` Մանյա Ծատուրյանը:
Կարինե Ստեփանյանը ներկայացրեց իր և նույն դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի միջև եղած բազմաթիվ դատական քաշքշուկները, որի պատճառով էլ դպրոցի աշխատակազմը մայիս ամսից սկսած աշխատավարձ չի կարողանում ստանալ, քանի որ ԴԱՀԿ-ն արգելանք է դրել դպրոցի աշխատավարձերի հաշվեհամարին:
Տնօրենն ասում է, որ այս խնդիրը առաջացել է 9 տարի առաջ, երբ Սուսաննա Սարգսյանը կրճատվել է աշխատանքից ու դիմել դատարան: Կարինե Ստեփանյանը փաստում է, որ ինֆորմատիկայի ուսուցչուհին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել դատարան, ու դպրոցից գումար բռնագանձել. «Նա նորից անցել է աշխատանքի, բայց չի ներկայացել դասերին: Ինձանից պահանջում էր 10 դասաժամ, իսկ դա տեխնիկապես անհնար է»: 2004թ.-ին չներկայանալով դասերին, ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից ու կրկին դիմել դատարան՝ տնօրենի դեմ քրեական գործի հարուցմամբ:
Տնօրենն ասում է, որ 2007թ.-ին արդեն դպրոցից բռնագանձվել է 2մլն 632 հազար դրամ, իսկ այս տարվա ապրիլին 1մլն 870 հազար դրամ:
Կարդացեք նաև
3 անգամ դիմել են մարզպետարան, 8 անգամ՝ դատական ակտերի հարկադիր կատարման մարմին, ու արդեն 9 տարի է մասնակցել են 10 դատական պրոցեսին, բայց արդյունք չկա, ու խնդիրը մնում է անպատասխան, ցավով նշում է Կարինե Ստեփանյանը :
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերջապես արդարությունը հաղթանակեց, և Կարինե Ստեփանյանին ցույց տրվեց իր թառը: Իսկապես, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում: