Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկություններ` Նոյեմբերյանի զորամասի աղմկահարույց միջադեպի հետ կապված

Հունիս 20,2013 15:29

«Ազատություն» ռադիոկայանԳլխից ծանր վիրավորված զինվորի մարմնի ձախ հատվածը չի աշխատում:

Հայաստանի Զինված ուժերի Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական 6 պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, քննարկվում է այդ օրը պահակային ծառայության մեջ գտնված մարտկոցի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Խոսքը մայիսի 15-ի աղմկահարույց միջադեպի մասին է, երբ, ըստ քննության, 20-ամյա զինծառայող, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով սպանել էր պահակախմբում ընդգրկված 19-ամյա ծառայակից Լյուքս Ստեփանյանին եւ գլխից ծանր վիրավորել 19-ամյա Հրաչյա Սարգսյանին, ինչից հետո սպանված զինծառայողի հարազատները արդարադատության պահանջով, ի նշան բողոքի որոշել էին նրա մարմինը բերել կառավարության շենքի մոտ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացավ անձամբ հետամուտ լինել, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն, եւ նշանակվեց ծառայողական քննություն:

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել, որ պահակային ծառայություն իրականացնող զինվորներին հսկող սպան` տվյալ մարտկոցի հրամանատարը, դեպքի պահին պահակատանը չի եղել: Թե ուր է եղել նա` պաշտոնապես չի հաղորդվում: «Իր գործն արդեն առանձին քրեականով կգնա: Պահակային եւ կայազորային ծառայության կանոնագիրքը, ունենալով օրենքի ուժ, ենթադրում է, որ պահակային ծառայության թերացման ժամանակ պատասխանատու անձը կարող է ենթարկվել նաեւ քրեական պատասխանատվության, եթե դա հիմնավորվի», – ասաց պաշտպանության նախարարի խոսնակը:

«Տվյալ գնդի հրամանատարի տեղակալները երկու, շտաբի պետը գնդի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը ազատվել են պաշտոնից, պաշտոնից ազատվել են նաեւ տվյալ ստորաբաժանման, այսինքն՝ դիվիզիոնի հրամանատարը, հրամանատարի տեղակալները», – փոխանցեց Հովհաննիսյանը:

Բացի պահակակետը հսկող սպայից, պաշտոնանկ արված մյուս զինվորականներին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պաշտպանության նախարարությունը չի տեսնում: «Քրեական պատասխանատվության ենթարկելու հարց այս պահին ծառայողական քննությունը չի գտել, որովհետեւ քրեական պատասխանատվության են ենթարկվում այն մարդիկ, ովքեր կոնկրետ հանցագործություն կատարում կամ անգործություն են թույլատրում հանցագործության կատարման համար: Իսկ այս դեպքում մարդիկ տեղում չեն եղել, մարդիկ անմիջապես ներգործություն չեն ունեցել հանցագործության վրա», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հիշեցմանը, որ աղմկահարույց այս դեպքից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի սպասվող պաշտոնանկության մասին լուրերը, պաշտպանության նախարարի խոսնակը արձագանքեց. – «Դրանք մարդկանց ենթադրություններն են, եզրակացություններն են, միգուցե վատ տրամադրությունների եւ ցանկությունների արդյունքն են: Բացի այդ, տվյալ տրամաչափի պաշտոնյան ազատվում կամ նշանակվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»: Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ Խաչատուրովի պաշտոնանկության հիմքեր չկան:

Գլխից ծանր վիրավորված զինվորը` Հրաչյա Սարգսյանը գիտակցության եկել է, սակայն նրա մարմնի ձախ հատվածը չի աշխատում:

Զինծառայող Դավիթ Խաչատրյանը, հիշեցնենք, ձերբակալվել է միջադեպից անմիջապես հետո, ապա նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Իրինա Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930