Բաբկեն Պիպոյանը կաթնամթերքի 8-12 % թանկացումները հիմնավորված չի համարում, քանի որ գյուղացուց մթերվող կաթի գինը մի բան էլ նվազել է:
Մեր երկրում սննդի անվտանգության հետ կապված, միայն մի հարց է համակարգային լուծում ստացել` սփրեդի եւ կարագի խնդիրը: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: Նա այժմ ղեկավարում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը եւ գտնում է, որ ցանկացած հարցում հնարավոր է արդյունքի հասնել, եթե կա հանրային վերահսկողություն, հակառակ դեպքում պետական լիազոր մարմիններն, ըստ պարոն Պիպոյանի, իրենց գործը զլանում են անել:
Բաբկեն Պիպոյանը կաթնամթերքի 8-12 % թանկացումները հիմնավորված չի համարում, քանի որ գյուղացուց մթերվող կաթի գինը մի բան էլ նվազել է. ««Բիո կաթ» ընկերությունը մի որոշ ժամանակ չթանկացրեց իր արտադրանքը, հետո տեսավ, որ մյուս ընկերություններից որեւէ մեկը հաշվետվություն չպահանջեց անհիմն թանկացնելու համար, եւ որեւէ պատասխանատվության չենթարկվեց, այդ պատճառով էլ ինքն էլ դրեց ու թանկացրեց»: Նա չի ընդունում նաեւ այն մոտեցումը, որ բարձրացված այս կամ այն հարցի մասով պետական մարմինն ասում է՝ օրենքները չեն կարգավորում. «Եթե մեկուկես տարի առաջ կարելի էր ասել համապատասխան օրենք չունենք, ու եթե անցել է մեկուկես տարի եւ կրկին չունենք, նշանակում է՝ անգործության են մատնված»: Ըստ նրա, իրենց գործը թերի են կատարում վերահսկող մարմինները` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գյուղնախարարության տեսչությունը:
«Հայաստանի դեղ ներկրողների եւ արտադրողների միությունը հայտարարում է, որ դեղերը սեզոնային են թանկանում, ամբողջ աշխարհում նման բան չկա: Ինչ է դեղերն է՞լ են գազի գնով պայմանավորված թանկանում: Դեղերի մեծ մասն էլ հո ներկվում է: Գուցե օդափոխության համակարգի ծախսած էլեկտրաէներգիայի ծախսն էլ են դեղի գնի մեջ մտցնում»,-ասաց պարոն Պիպոյանը: Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.
Կարդացեք նաև
Որպես նախկին պաշտոնյա, պարոն Պիպոյանը փաստում է, որ հացամթերքի, մսամթերքի եւ մի շարք այլ շուկաներ կարգավորված չեն եւ արտադրողներն օգտվելով առիթից, որ պետական լիազոր մարմիններն իրենց գործը թերի են անում` սպառողների գլխին ինչ ասես` սարքում են: Նա կոչ արեց սպառողների իրավունքների խախտման դեպքերի հանդիպելիս դիմել իրենց հ/կ-ին` զանգահարելով` 010. 43.09.30 հեռախոսահամարով:
Նաեւ նշեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունից դուրս է եկել իր դիմումի համաձայն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ