Նրանց մի մասը հրաժարվում է պարտադիր ուսուցում ստանալուց:
2013 թվականի տվյալներով՝ լոռեցի 16 երեխա դուրս է մնացել պարտադիր ուսումնական ծրագրից:
Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացնում է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:
«Այս պահի դրությամբ այդ երեխաներից 3-ի` hետագա ուսումնական պրոցեսի մեջ ընդգրկվելու հարցն արդեն իսկ լուծված է, 7 երեխա ծնողների հետ տեղափոխվել է արտերկիր, ընդհանուր առմամբ՝ այսօր ունենք խնդիր 6 երեխայի հետ կապված»,-ասում է Նարեկ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի արդեն եկող ուսումնական տարվանից` սեպտեմբերից, այս 6 երեխաները եւս ընդգրկվեն ուսումնական ծրագրերում:
«Խնդիրն այն է, սակայն, որ այս 6 երեխաներից երկուսի թե ծնողներն են դեմ, թե հենց իրենք երեխաներն են կտրականապես հրաժարվում դպրոց հաճախել: Երեխա կա, որ դպրոց գնալու փոխարեն, ծնողի հետ հավասար աշխատում է, ավելին՝ հրաժարվում է ուսում ստանալուց, ինչը, իհարկե, անթույլատրելի է»:
Երեխաների` պարտադիր ուսուցում ստանալու հանդեպ ծնողների անտարբեր վերաբերմունքի պատճառներն էլ, Նարեկ Սարգսյանի կարծիքով, տարբեր են:
«Պատճառները ոչ լիարժեք ընտանիքն է, ծնողավարման հմտությունների բացակայությունն է, նաեւ երեխաների անտեսումը ծնողների կողմից»:
Նա ասում է, որ ժամանակն է նման ծնողների նկատմամբ ավելի խիստ գտնվել եւ դիմելով դատարան` պահանջել սահմանափակել նրանց իրավունքները:
«Մտածում ենք, որ հարկավոր է դատարան մտնել եւ նման ծնողների իրավունքների սահմանափակում պահանջել»,-եզրափակում է նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ