Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի վրա կրակողը ցուցմունք տվեց

Հունիս 20,2013 14:46

Hayrikyan-4 Hayrikyan-2 Hayrikyan-3Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ցուցմունք տվեց Խաչիկ Պողոսյանը: Այսօր դատական նիստի դահլիճում են ոչ միայն Պարույր Հայրիկյանը, այլ նաեւ նրա մերձավորները, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը: Ամբաստանյալը իր ցուցմունքի ժամանակ հաճախ էր կոռեկտության սահմաններն անցնում, ինչի պատճառով արժանացավ դատավոր Գագիկ Պողոսյանի նախազգուշացմանը: Խաչիկ Պողոսյանն ասաց, որ մյուս ամբաստանյալի՝ Սամվել Հարությունյանի հետ մոտ են եղել եւ հունվարի 15-20-ը Սամվելն իրեն ասել է՝ մի հատ գործ կա անելու, մարդ կա վախեցնելու:

Ըստ ամբաստանյալի՝ Սամվելն իրեն չի ասել, թե ում եւ ինչու: Հետագայում իրեն ասել է, թե պետք է վախեցնել Պարույր Հայրիկյանին: «Քցի-բռնի, ասի կարող է անձնական հարց է, չհարցրեցի, թե ինչու: Սամվելը Պարույր Հայրիկյանի տան տեղը գիտեր»,- ասաց նա: Այնուհետեւ նկարագրեց, թե ինչպես է Բաղրամյան փողոցում հետեւել Պարույր Հայրիկյանին, անգամ տեսել է, որ Հայրիկյանը մոտեցել է ՀՀ նախագահի մյուս թեկնածուներին՝ Անդրիաս Ղուկասյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նկարագրեց հունվարի 31-ի՝ դեպքի օրը, թե ինչպես իր տանը գտնվող «Նագանով», լիցքավորված 7 փամփուշտով, հետեւել է Պարույր Հայրիկյանին: «Պարույր Հայրիկյանը մուտքի մոտ էր, արդեն մտնում էր շենք (Տպագրիչների փողոցում գտնվող), հետո ետ եկավ, մոտեցավ իր մեքենային: Երեք մեքենա կար, ես ու Հայրիկյանը դեմ դիմաց դուրս եկանք: Ցելոֆանով էր զենքս, ես ձեռքս պարզեցի Հայրիկյանի ուղղությամբ, նա արեց շարժումներ պաշտպանվելու համար, անզգուշաբար կպավ իրեն:

Թե սայթաքեց, թե ոտը կպավ լյուկին՝ նա հետ-հետ գնաց, ընկավ: Ինչո՞ւ չի ասում, որ ընկավ: Երեւի չի ուզում ասել, որ ընկավ: Միացավ մեքենայի սիգնալիզացիան եւ նա գոռում էր՝ օգնեցեք: Երբ մոտեցա Հայրիկյանին, որպեսզի չգոռա, ասացի՝ սուս: Պարույր Հայրիկյանը չնայած ասում է չեմ լսել, բայց ես ասացի սուս եւ երկրորդ կրակոցն արեցի: Ոչ մի վկա չի եղել, ոչ մեկը չի գոռացել»,- շարունակում էր նա՝ ինչ-որ տեղ հոխորտալով: Նա հայտնեց, որ գնացել է ոչ իրեն սպասող մեքենայի ուղղությամբ, այլ տաքսի է կանգնեցրել ու բարձրացել Քանաքեռ: Նա նաեւ հայտնեց, որ մինչեւ ձերբակալվելը մեկ շաբաթ եղել է Սամվել Հարությունյանի հետ եւ իրենք որոշել են, որ եթե իրենց բռնեն, ապա կհայտնեն, որ Վարդան Սեդրակյանն է պատվերը տվել, քանի որ, ըստ այսօրվա կառուցված ցուցմունքի տրամաբանության, Վարդան Սեդրակյանը լինելով նախագահի թեկնածու, պետք է իրենց օգներ:

Մեղադրող Արամ Ամիրզադյանի հարցին, թե նախաքննության ժամանակ նրանք հարցաքննվել են 9 անգամ, տարբեր սենյակներում եւ ինչպե՞ս է, որ Սամվել Հարությունյանի հետ տվել են միեւնույն ցուցմունքները կամ Վարդան Սեդրակյանի անունը տալը ի՞նչ նպատակ ուներ, ամբաստանյալը պատասխանեց՝ նպատակ չեմ ունեցել: Երբ մեղադրանքը պաշտպանող Ամիրզադյանը հիշեցրեց դատարանում Սամվել Հարությունյանի տված հայտարարության մասին՝ «գումար շորթելու», ամբաստանյալն ասաց՝ «ես որեւէ նպատակ չեմ ունեցել»:

Մանրամասները՝ ավելի ուշ

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930