Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահի ղարաբաղյան լեքսիկոնն» ու գլխավոր մարքսիստի տնտեսական «դոկտրինան» (Տեսանյութ)

Հունիս 20,2013 14:39

«Նախագահը իր տեղում չէ, վարչապետի մասին խոսելն ավելորդ է: Այնինչ նախագահը պիտի լինի նոր տնտեսական քաղաքականության վարդապետը»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Շարունակելով՝ պարոն Հակոբյանը նշեց, որ եթե չլինեն այդ վարդապետները, «պետական մեքենայի կարեկտիրովկան» անիմաստ է: ՀՀ գլխավոր մարքսիստը կարծում է, որ այս իշխանությունները նոր տնտեսական քաղաքականության մտադրություն չունեն:

Դառնալով քաղաքական դաշտին՝ Դ. Հակոբյանը նշեց. «Քաղաքական դաշտն այժմ չափից ավելի նիրհած վիճակում է, այն ուժերը, որ պիտի իրենց ցուցադրեին, այժմ աութ սայդերի կարգավիճակում են հայտնվել»:
Լրագրողներին հետաքրքրեց՝ ովքե՞ր են այդ ուժերը: Դ. Հակոբյանը պատասխանեց. «Հաճախ մեր անմիաբանության արդյունքում պատիվը տալիս ենք սրիկաներին»:

Շարունակելով տնտեսական արատավոր քաղաքականության թեման՝ պարոն Հակոբյանը նշեց. «Բանը հասավ նրան, որ տղամարդկանց չբերությունը հասավ քառասունհինգ տոկոս, ծնելիությունը հինգ անգամ նվազեց»: Իսկ թե որտեղ են այս երևույթների հիմքերը, պարոն Հակոբյանը նշում է. «25 տարվա մեջ մեր վայ-բարեփոխիչները եվրաարժեքային համակարգը դրոշակ սարքած՝ մի ողջ քաղաքակիրթ ժողովուրդ գիլյոտինի տվեցին: Ամբողջ քաղաքակրթությունը կանգնեցրին լինել-չլինելու ռուբիկոնի առաջ: Ուստի պետական մեքենայից պետք է դեն նետել միջնորդ, շահարկող, այսպես կոչված, տզրուկային կապիտալ ստեղծող բոլոր օղակները»:

Դրա համար պարոն Հակոբյանը կարևորեց պետության կողմից շուկայի վերահսկողությունը, գնագոյացման պրոցեսների վերահսկումը:
«Նախագահի ղարաբաղյան լեքսիկոնով ասած» ատկատներին էլ պարոն Հակոբյանն անդրադարձավ ու վրդովվեց. «Տիկո, արա բա դու խաբար չես՝ ինչ է կատարվում: Ո՞նց խաբար չեմ, ինչ ա կատարվում, բա էդքան փողը բաժանում իշխանություն ենք առնում»: Հետո էլ Դ. Հակոբյանն ասաց. «Իսկ մենք հույսներս դրել ենք Զաքարյան Իշխանի հայտնագործությունների վրա»: Ըստ Դ. Հակոբյանի՝ մեր խորհրդարանը «անկարող, ինֆանտիլ» է: Այնուհետև նշեց, թե եթե խորհրդարանում օրենսդրական նախաձեռնության քվեարկության ժամանակ ընդդիմության ձայների մեկ երրորդի առկայության դեպքում միայն օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի, այդ դեպքում ընդդիմությունը կլինի գործող, ոչ թե այժմյան «լակեյի» կարգավիճակում:

Ասուլիսի ընթացքում պարոն Հակոբյանը անընդհատ դասականներից մեջբերումներ էր անում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է այդ ամենը հիշում: Պարոն Հակոբյանը պատասխանեց. «Я сделан в СССР»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930