ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը չի սիրում խորհրդարանում որպես անհատ հանդես գալ, իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա՝ «ծնվել ա, որ մեղադրի»:
Օրերս Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների բնակիչներն Aravot.am-ի հետ զրուցում դժգոհել էին, որ այդ տարածաշրջաններից ԱԺ պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանը չի կատարել դեռ մեկ տարի առաջ տված իր նախընտրական խոստումը՝ տարածաշրջանում ջայլամաբուծություն զարգացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ դեռ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այդ առիթով լրագրողների հետ զրույցում պարոն Աղաբաբյանն անգամ լուրջ տնտեսական հաշվարկներ էր ներկայացրել: Երեկ «Առավոտը» ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է հապաղում իր նախընտրական խոստումը կյանքի կոչելու հարցում: Պարոն Աղաբաբյանը վերահաստատեց, որ այդ առիթով «լուրջ ծրագրեր» ունի, որոնք դեռ ուժի մեջ են: «Բայց դա էդքան հեշտ չի: Բոլոր դեպքերում կենդանու հետ գործ ունենք: Մեր բնակլիմայական պայմաններին ամեն տեղի կենդանին չի, որ կարող է դիմանալ, դրա համար էդ հետազոտություններով, ամեն ինչով հետաքրքրվում ենք ու փորձում ենք, բայց հիմնական խնդիրը կայանում է ֆինանսավորման մեջ»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը՝ հավաստիացնելով, որ ընթացիկ տարում այդ խնդիրն էլ կլուծվի: Պարոն Աղաբաբյանը պատմում է, որ ֆինանսական հարցերը դեռ անցյալ տարի պետք է կարգավորվեին, բայց դե, էդպես ստացվեց՝ ասաց պատգամավորը՝ այդպես էլ անտեսելով մեր խնդրանքը՝ հրապարակել ներդրողների անունները. «Ես կուզեի, որ էդ ծրագիրը բաց լիներ ընդհանրապես: Նման գործունեությամբ հայ ժողովուրդը, ովքեր որ ունեն էդ հնարավորությունները, զբաղվեն: Մեր կողմերում ամեն ինչ շատ համեղ է լինում, էկոլոգիապես մաքուր: Հետեւաբար ես բոլորին եմ հրավիրում այնտեղ՝ ջայլամաբուծության մարտի դաշտ, որ մասնակցեն»: Իր ծրագրին մասնակից դառնալ ցանկացողների առջեւ պատգամավորը սահմանափակումներ չի դնում՝ կարող են անհատական գործունեություն էլ ծավալել, խմբակային էլ: Տեղացիների ներդրումը կարող է ոչ ֆինանսական էլ լինել՝ աշխատուժի ձեւով, արոտավայրեր աճեցնելու եղանակով, նաեւ կարող են ջայլամաբուծական ընկերության բաժնետերեր դառնալ ու, ինչպես հավաստիացնում է Աղաբաբյանը, հարստանալ: Նա հավատացած է, որ «էդ տեսակի մսի արտադրությունը» Հայաստանում ապագա ունի. «Ես դեռ մի 15-20 տարի ապրելու ժամանակ ունեմ, ոնց ուզում ա ըլնի՝ կսկսեմ: Ուղղակի միակ դժվարությունս ֆինանսական վիճակն է, հենց բարելավվեց, անպայման սկսելու եմ»: «Առավոտի» զարմանքը փարատելով՝ մեր զրուցակիցն ասաց, որ 15-20 տարի չի պատրաստվում պատգամավոր լինել: Ու իր այս ծրագիրը կյանքի է կոչելու՝ անկախ նրանից, թե հետագայում որտեղ կլինի: «Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ման գալիս ինչ-որ մեխանիզմներ, որով ես պատգամավոր դառնամ: Ես հենց էդ մեխանիզմն եմ: Տարիք գոյություն ունի, հո չե՞ս կարող ամբողջ կյանքդ պատգամավոր լինել»: Ընդառաջելով մեր խնդրանքին՝ պարզաբանել, թե ինչ ասել է՝ ես հենց պատգամավոր դառնալու մեխանիզմն եմ, Աշոտ Աղաբաբյանն այսպես խոսեց. «Պարզ ասեմ, հարկավոր ա ընդամենը ժողովրդի հետ մաքուր լինել, անկեղծ լինել, ապրածդ ճանապարհը ընդունելի լինի: Դրանից լավ մեխանի՞զմ»: Աղաբաբյանը վստահ է, որ իր նշած բոլոր չափանիշներին ինքը բավարարում է. «Երրորդ ընտրությունն ա, որ ընտրվում եմ, եւ կյանքում սկանդալ չի եղել, մի հատ դիմում-բողոք չի եղել, եթե եղել ա՝ չի ապացուցվել»:
Ո՞վ է հուշել պատգամավորին ջայլամ բուծել մի տարածաշրջանում, որտեղ տարվա մեծ մասը ձմեռ է: Ինչո՞ւ ոչ խոշոր եղջերավոր անասունների կամ խոզաբուծական ֆերմաներ՝ «Առավոտի» հարցերին պարոն Աղաբաբյանն ասաց. «Դա ունի տնտեսական հաշվարկներ: Որովհետեւ ջայլամը տարեկան կարող է ունենալ մոտավորապես 100 ձագ, իսկ խոշոր եղջերավոր անասունները տարեկան մեկ ձագ են ունենում: Այսինքն՝ ջայլամի ընդհանուր արտադրողականությունն ավելի բարձր է, ու ջայլամն ավելի քիչ ծախս է պահանջում. սկզբնական ներդրումից հետո ջայլամի հետագա շահագործումն ավելի էժան է, քան թե կովի կամ ոչխարի, խոզի: Ջայլամի եկամտաբերությունն արագ կլինի, իրեն արդարացնող բիզնես է սա: Բա ոնց, պատգամավորը հո նրա համար չի՞, որ ինքը հարուստ ըլնի փող բաժանի: Պատգամավորը նրա համար ա, որ խելոք գործեր առաջարկի, մեխանիզմներ առաջարկի, օրենսդրական նախաձեռնություններ առաջարկի, որ արտադրությունը եւ, ընդհանրապես, մարդու սոցիալական վիճակն ավելի հեշտ լինի»: Հետաքրքրվեցինք, իբրեւ Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների խնդիրներից լավատեղյակ մարդ՝ է՞լ ինչ նախաձեռնություններով է Աղաբաբյանը պատրաստվում հանդես գալ խորհրդարանում: «Ֆրակցիան ինչի՞ համար գոյություն ունի: Ֆրակցիայում մենք բոլոր հարցերը քննարկում ենք՝ անկախ նրանից, թե ով ա առաջարկությունն անում, դա ֆրակցիայի առաջարկությունն ա: Մեր ֆրակցիայի բոլոր օրենսդրական նախաձեռնությունները համարվում են մերը: Ես չեմ սիրում որպես անհատ նման տեղերում հանդես գալ: Որպես անհատ հասարակության մեջ եմ հանդես գալիս»:
Հետաքրքրվեցինք՝ իբրեւ իր ընտրողների հոգսերով մտահոգ մարդ, ի՞նչ է մտածում օրերս Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած 2012 թվականի հաշվետվության մասին, համաձայն որի՝ բյուջեից, ասել է թե՝ նաեւ իր ընտրողներից, 701 միլիարդ դրամի յուրացումներ են եղել: «Ես ձեզ մի բան ասեմ. ամեն մարդ իր անհատական մոտեցումն ունի, բայց մեր մոտեցումները համապատասխանեցված են մեր ֆրակցիայի մոտեցումներին: Մեր ֆրակցիայի ներսում, որ դուք գաք նստեք լսեք, բոլոր հարցերը քննարկվում են եւ շատ կոշտ: Երկրորդը՝ էն ճշմարտությունը, որը այսօր ներկայացնում ա Վերահսկիչ պալատը, դրանք քննարկվում են: Կան քրեական տարրեր, անպայման կպատժվեն: Եթե նման բաներ չկան՝ վա՞տ է, որ մենք քննադատում ենք կառավարությանը: Այս քաոսը որ առաջացել է… ես իրոք չեմ խորացել այդ հարցի մեջ, բայց ես հավատացած եմ, որ ֆրակցիայի մեր ընկերները իրենց ու ֆրակցիայի կարծիքը ասել են: Ես կփորձեմ համամիտ լինել, որովհետեւ դա իմ ֆրակցիան ա, իմ կուսակցությունն ա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Կարդացեք նաև
«Առավոտը» փորձեց հասկանալ՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ական պատգամավորն այն մեղադրանքներին, որոնք ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Իշխան Զաքարյանի, Սերժ Սարգսյանի, վերջինիս ընտանիքի անդամների՝ եղբոր եւ փեսայի, Տիգրան Սարգսյանի հասցեին: «Դե, Նիկոլ Փաշինյանը ծնվել ա, որ մեղադրի»,- ասաց Աղաբաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկելով սեփական լրագրողական հետաքննությունն անցկացնել եւ ապացուցել իր հայտարարությունների իսկությունը: «Կարողա՞ ինքը ասում ա՝ կանաչ ա, մենք ասում ենք՝ կապուտ ա: Ճշմարտություններ կան, որոնց դեմը չես կարող կտրել, դրանք հիմնավորել ա պետք»,- ասաց Աղաբաբյանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ