Լրահոս
Օրվա լրահոսը

Բիոզուգարան ունենք, տուրիստ գրեթե չունենք

Հունիս 20,2013 14:34

«Տուրիզմ առանց զուգարանների հնարավոր չէ զարգացնել»,- օրերս նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստան ներկրված թանկարժեք բիոզուգարանների անհրաժեշտությանը, եւ ապա ավելացրել. «Հիմա էկոնոմիկայի նախարարությունը անհաջող փորձ է արել»: Զուգարաններ, իհարկե, անհրաժեշտ են, բայց զբոսաշրջիկներին դժվար թե հնարավոր կլինի միայն թանկարժեք զուգարանով գայթակղել մեր երկիր այցելելու համար. հո չե՞ն գալու միայն զուգարանով զմայլվեն: Պարզվում է, ժամանակակից զուգարաններով կարելի է որպես տուրիստ ներգրավել միայն ճապոնացիներին, այն էլ այն դեպքում, եթե այդ զուգարանները լինեն ճապոնական արտադրության: Բայց այդ ճապոնական արտադրության գերժամանակակից զուգարաններն աշխարհի մի քանի քաղաքներ ու մի քանի հյուրանոցներ կարող են իրենց թույլ տալ ունենալ, քանի որ դրանք իսկապես շատ թանկ են ու ոչ ճապոնացիների համար դժվար կիրառելի:

«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով մեր այն հարցին, թե բիոզուգարաններով որքա՞ն զբոսաշրջիկ կարող ենք ներգրավել Հայաստան, ոլորտում մեծ փորձ ունեցող, Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանն ասաց. «Միակ երկիրը, որտեղ կարող ես նման PR-ով հանդես գալ՝ ակնկալելով մեծ հոսք, դա Ճապոնիան է, որոնք շատ մեծ ուշադրություն են դարձնում զուգարաններին, բայց դա միայն այն դեպքում, եթե այդ զուգարանները հենց ճապոնական կլինեն, իսկ դրանք իրենցից ներկայացնում են շատ լուրջ տեխնիկական կոնստրուկցիաներ, որոնցից այլ ազգերը բավական դժվարությամբ են օգտվում»: Իսկ թե այդ ինչ կոնստրուկցիաներ են, որ ասենք՝ այլ ազգերը դժվարությամբ են օգտագործում, պարոն Թանաշյանը փակագծերը չբացեց, միայն ասաց. «Տեխնիկապես շատ ուժեղ հագեցվածությամբ զուգարաններ են, ճապոնացիները նախընտրում են այդ զուգարանները: Չնայած մեր սովորական հյուրանոցներում էլ շատ լավ մնում են ճապոնացիները»:

Մոտ 200 հազար դոլարանոց բիոզուգարանների ծրագիրը վարչապետը անհաջող փորձ է համարել՝ նշելով, որ դրանք կարող էին դառնալ բիզնես ու շահագործողի ծախսերը փակել: Բայց վարչապետի այս հայտարարության ֆոնին ուշագրավն այն է, որ նման անհաջող փորձ անելուց առաջ այս թանկարժեք զուգարանների շահագործել-չշահագործելու հարցը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել է տարիներ առաջ, ու զբոսաշրջային բիզնեսով զբաղվողները չեն համաձայնվել դրանք շահագործել, եւ անհասկանալի է, թե ինչո՞ւ կառավարությունը դա իմանալով, տուրիզմի ոլորտում այլ լուրջ խնդիրները թողած, որոշեց հսկայական գումարներն անիմաստ ծախսել բիոզուգարանների վրա:

Բիոզուգարանների գաղափարը էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի պաշտոնավարման ժամանակ զբոսաշրջային բիզնեսով զբաղվողների հետ քննարկվել է, նախարարը նույնիսկ փորձեր է արել համոզել նրանց ու «նաղդել» այդ զուգարանները, բայց բոլորը հրաժարվել են:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց պարոն Թանաշյանը, ծախսերը հաշվարկել են ու հասկացել՝ մոտ 15 տարում զուգարանների ամբողջ գումարը կփակվեր, ու կսկսեին եկամուտ ստանալ: Բացի այս, միայն զուգարան շահագործելն էլ շահավետ չէր, անհրաժեշտ էին դրան կից այլ ենթակառուցվածքներ՝ ռեստորան, ատրակցիոններ, սրճարաններ կամ, պարոն Թանաշյանի խոսքերով ասած՝ մի ինչ-որ գեղեցիկ «պանորամա» եւ այլ հետաքրքիր բաներ, որտեղ այցելուները կօգտվեին նաեւ թանկարժեք ու երգող զուգարանից:

«Այն հարցերը, որոնք կապված են բիոզուգարանների հետ, ենթադրվում էր մասնավոր-պետական հատվածներ ներդրումային համագործակցությամբ: Այս ծրագիրը երեւի չի իրագործվել այն պատճառով, որ զբոսաշրջության ոլորտում նման ներդրումներ կարող են անել խոշոր ընկերությունները, թեեւ նորից պետության խնդիրն է ներդրողներին շահագրգռելը, բայց ասել, որ զբոսաշրջության զարգացումը մեծապես կախված է այդ բիոզուգարաններից, ես համամիտ չեմ: Մենք ավելի շատ այլ խնդիրներ ունենք՝ սկսած երկրում նոր զբոսաշրջային հետաքրքրությունների եւ ենթակառուցվածքների ստեղծումից, տարբեր տեսակի անիմացիաների ստեղծումից, որոնք այսօրվա պահանջներին համահունչ են միջազգային զբոսաշրջության մեջ, մինչեւ երկրի ճիշտ PR-ը եւ ներկայացումը միջազգային շուկայում: Եվ ընդհանրապես՝ նոր շուկաների ի հայտ բերումը մարկետինգային խնդիր է, այսինքն՝ ավելի շատ անհրաժեշտ էր այդ գումարները ծախսել մարկետինգի վրա, այլ ոչ թե բիոզուգարանների»,- ասաց Եղիշե Թանաշյանը:

Այն, որ Հայաստանում զուգարանների պակաս կա, եւ զբոսաշրջիկներն ու նույնիսկ տեղացիներն իրոք դժգոհում են դրանց բացակայությունից կամ եղածների, մեղմ ասած՝ անմարդկային վիճակից, ոչ ոք չի ժխտում:

Պարոն Թանաշյանի ներկայացմամբ՝ դեռ 15 տարի առաջ բուռն քննարկվում էր զուգարանների թեման. «Այն ժամանակ, երբ սկսում էինք եվրոպական եւ այլ աշխարհամասերից զբոսաշրջիկներ ընդունել, նման ենթակառուցվածքներով ուղղակի անհնար էր յոլա գնալ: Տարիների ընթացքում հիմնականում պատմամշակութային եւ այլ կառույցներում որոշ չափով այդ հարցը լուծվել է: Ես չեմ կարող ասել, որ եղածը բավարար է, ցավոք, կան վայրեր՝ բավականին շատ այցելություն ունեցող, դեռեւս շատ վատ վիճակում է զուգարանների հարցը»:

Լավ զուգարան ունենալը լավ է, բայց դա չի խթանում տուրիստների աճը, գոնե այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ կազմակերպված եւ անհատական տուրիստական այցելությունների ծավալը նվազել է: Պարոն Թանաշյանի ներկայացմամբ՝ մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում վերջին տարիներին միշտ այս ոլորտում աճ է եղել, այս տարի՝ հակառակը: Սա, ըստ մասնագետի, պայմանավորված է հիմնականում պարսիկների այցելության կտրուկ նվազմամբ, իսկ սրա պատճառն էլ Իրանում արտարժույթի թանկացումն է, քաղաքական խնդիրն ու Հայաստանի գնաճը. «Պարսիկները գերադասում են Վրաստան գնալ: Մարտ-ապրիլին տուրիստների թիվը կտրուկ նվազել է»: Պարոն Թանաշյանի խոսքերով՝ հյուրանոցային ծառայություններն ու սնունդը բավականին թանկացել են ու նորից են թանկանալու, բացի այդ՝ տուրիստների ծավալի նվազումը մեծապես կախված է եղել մի քանի ավիաընկերությունների ու «Արմավիայի» փակմամբ: Ընդ որում, ըստ մասնագետի՝ ավիատոմսերի 20-25% թանկացումն էլ լուրջ ազդեցություն ունեցավ. «Այս պարագայում երկիրը դարձել է անմրցունակ, ու սկսեցին Վրաստան գնալ: Վրացական ընկերությունները ամեն օր տուրիստներ են տեղափոխում Թբիլիսի՝ Թուրքիա մեկնելու համար, ավիատոմսի արժեքը նույնիսկ պիկ սեզոնին 200 դոլար է: Մեզ անհրաժեշտ է շտապ ազատականացնել օդային շուկան եւ ազգային փոխադրող ունենալ՝ օգտագործելով նաեւ տրանզիտային եղանակը»:

 ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովսեփ says:

    Էս կոնտեկստում արժե անդադառնալ մի երևույթի, որին բազմիցս ականատես եմ եղել Բագրատաշենի մաքսատանը: Բանն այն է, որ ՀՀ օրենքների համաձայն Հայաստանի մաքսային սահման մեքենայով հատելու դեպքում վարորդները պետք է գումար վճարեն (բացառությամբ միայն վրացական մեքենաների): Իսկ այդ գումարը բավականին մեծ է: Օրինակ, մարդատար մեքենաների համար մեկ ամսով ժամանակավոր ներմուծելու համար վճարը կազմում է մոտ 30 հազար դրամ: Առնվազն երկու անգամ ես ականատես եմ եղել, թե ինչպես Վրաստան այցելած զբոսաշրջիկները, ովքեր որոշել էին ձեռի հետ նաև կարճատև այց կատարել Հայաստան, հրաժարվել են այդ մտքից զուտ այդ վճարի պատճառով:
    Հարգելի կառավարություն, մենք այդ երկիրը չենք, մենք գտնվում ենք մեկուսացման մեջ: Վրաստանը կարող է իրեն նման օրենքներ թույլ տալ, քանի որ տարանցիկ երկիր է: Իսկ Հայաստանում ճանապարհներն ավարտվում են: Անհրաժեշտ է կամ վերացնել այդ անտրամաբանական վճարները, կամ էլ գոնե նվազագույնի հասցնել՝ սահմանելով մի ինչ-որ խորհրդանշական գումար: Մենք Ամերիկա ու Եվրոպա չէնք, որպեսզի արհեստական խոչնդոտներ կիրառենք սահմաի վրա: Էսպես տուրիզմ չեն զարգացնում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930