Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկող սերնդի իդեալը պետք է դառնան ազատամարտիկները, ոչ թե հաստավիզները»

Հունիս 20,2013 14:29

«Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքն ընդունվելուց հետո «սուտի» ազատամարտիկները, որոնք չեն կռվել, սակայն այդ անվան տակ ման են գալիս, կմաղվեն:

«Եթե մենք մեր պատերազմի վետերաններին, մասնակիցներին լավ չվերաբերվենք, հետագայում ո՛չ լավ բանակ, ո՛չ էլ լավ, հայրենասեր սերունդ կունենանք: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը հենց այդտեղից է սկսվում: Մեր սերնդի համար իդեալը պետք է դառնան ա՛յդ տղաները, ոչ թե հաստավիզ, անգրագետ, հարստացած ինչ-որ մարդիկ»,- «Առավոտի» հետ զրույցում խիստ կարեւորելով այս օրերին խորհրդարանում քննարկվող գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը՝ ասաց ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը: Ըստ պարոն Մխիթարյանի՝ պատերազմից 20 տարի է անցել, սակայն 1989-ից մինչեւ 1994 թվականները Արցախում, Հայաստանի սահմանամերձ գոտիներում մարտնչած, վիրավորված եւ զոհված շատ տղաներ, որոնք կամավոր կերպով են մեկնել ռազմաճակատ, ոչ մի կարգավիճակ այսօր չունեն. «Ճիշտ է, շատերը տարբեր հասարակական կազմակերպությունների՝ «Երկրապահ կամավորականների», «Ազատամարտիկների» հ/կ անդամ են, բայց փաստն այն է, որ նրանք կարգավիճակ չունեն: Այսօրվա օրենքը հենց դրա համար ենք կարեւորում: Շատերն ասում են, որ այս օրենքը բարոյական է, իսկապես, այն բարոյական տարրեր ունի, եւ եթե մարդ կռվել է իր հայրենիքի, հողի համար, պետք է ունենա այդ կարգավիճակը: Այսօր շատ-շատերը Արցախում չեն կռվել, բայց այդ անվան տակ են հանդես գալիս: Օրենքն ընդունելուց հետո ստեղծված հանձնաժողովը կվերանայի, թե ով իրավունք ունի ազատամարտիկ կոչվելու եւ այդ կարգավիճակն ունենալու»:

Պարոն Մխիթարյանը, որը նաեւ «Աֆղանստանի պատերազմի վետերանների միության» նախագահն է, սեփական փորձով է համոզվել, որ առանց համապատասխան օրենքի շատ դժվար է կարգավիճակ չունեցող ազատամարտիկի համար մի հարց լուծել. «Ես 20 տարուց ավելի է՝ վետերանական կազմակերպության ղեկավար եմ, ամեն տարի մեծ դժվարությամբ կարողանում ենք հաշմանդամներին ուղեգրերով ուղարկել վերականգնողական կենտրոն՝ բուժման, այս անգամ մեր վետերանների համար մոտ 16 ուղեգիր անվճար կարողացել եմ բերել Տուապսեի եւ Մերձմոսկովյան վերականգնողական կենտրոններում վերականգնողական բուժում ստանալու համար: Պատերազմի մասնակից հաշմանդամների համար սայլակների հարց ենք լուծում եւ այլն: Սակայն այդ ամենը շատ քիչ է, եւ օրենքն ընդունվելուց հետո ես կուզեի, որ այն շարունակական լինի՝ հետագայում բյուջեում տող մտցվի, որ ազատամարտիկների սոցիալական ծախսերը մեծացվեն, որ նրանց համար առողջապահական վերականգնողական կենտրոններ ստեղծվեն: ԱՄՆ-ում եւ եվրոպական շատ երկրներում կան վերականգնողական կենտրոններ, որտեղ պատերազմի մասնակիցները բուժվում են հոգեկան լուրջ խնդիր հանդիսացող հետպատերազմյան սինդրոմներից: Պատերազմ անցած բոլոր մարդկանց մոտ այդ սինդրոմներն առաջանում են հիմնականում սոցիալական անարդարությունից»:

Պարոն Մխիթարյանը նաեւ օրինակ բերեց ԱՄՆ-ի՝ վետերաններին բյուջեով հասանելիք գումարների չափը, որոնք տարեկան 120 միլիարդից ավելի են կազմում. «Միացյալ Նահանգներում վետերանների նախարարություն կա, նրանք բավականին մեծ արտոնություններ ունեն: Մեր ուզածը շատ քիչ բան է՝ հասկանալով, որ երկրի վիճակը լավ չէ, բյուջեն սահմանափակ է, գոնե այդ բարոյական մասը կարողանանք ապահովել. մարդը, որը վիրավոր է եղել Աֆղանստանում, Արցախում, Հայրենական պատերազմում, կարողանա գնալ բուժման, եւ նրանց ծախսերը հոգան, իսկ դրա համար պետք է ունենան կարգավիճակ, որից հետո օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով կառավարությունը նրանց վիճակը մի քիչ բարելավի: Նույն կարգավիճակում են զոհվածի ընտանիքները: Մենք միշտ էլ պատրաստ ենք մեր երկրին ծառայելու, Աստված չանի, եթե պատերազմ լինի, ես համոզված եմ՝ այդ տղաները պատրաստ են անգամ այդ վիճակով գնալ պատերազմել: Մեզ հետ տղաներ կային Աֆղանստանում պատերազմած, որոնք ոտքը կտրված, պրոթեզով եկան Ղարաբաղի պատերազմ, շատերը աֆղանական պատերազմից ողջ-առողջ վերադարձան, բայց Արցախյան պատերազմում զոհվեցին, հաշմանդամ դարձան: Այդ բոլորի հոգսերը միայն հասարակական կազմակերպության վրա չի կարելի թողնել, իսկապես անհնար է: Պետք է պետությունը, կառավարությունը դեմքով շուռ գա դեպի պատերազմած տղաները, նրանք շատ բան չեն ուզում այս երկրից»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930