Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայում էլ կա նախանձ եւ անհանդուրժողականություն»

Հունիս 20,2013 14:25

Շվեդիայի  թագավորական բալետի  մենապարող Արսեն Մեհրաբյանի խոսքով, սակայն, դրա մասին հանդիսատեսը չի իմանում

Պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի հրավերով Երեւանում է արդեն 15 տարի եվրոպական տարբեր թատրոններում հանդես եկող բալետի արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արսեն Մեհրաբյանը, որի հետ «Առավոտը» հանդիպել էր շուրջ 3 տարի առաջ: «Բարեկամություն» անսամբլի հետ արվեստագետը հայաստանյան այլ կոլեկտիվների ու մենակատարների թվում կմասնակցի Սանկտ Պետերբուրգում հուլիսի 1-5-ը անցկացվող «Երեւանի օրերին»:

Մեզ հետ զրույցում արվեստագետը հայտնեց, որ Համբուրգի, ապա՝ Ցյուրիխի թատրոններում աշխատելուց հետո, 2011թ. ինքն այլեւս Շվեդիայի    թագավորական բալետի  մենապարող է: Արսենը հավելեց նաեւ, որ այդ ընթացքում  աշխատել է իսկապես աշխարհահռչակ խորեոգրաֆներ Մարսիա Հայդեի, Ֆրանկ Անդերսենի, համաշխարհային մոդեռն բալետի հիմնադիրներից Մաց Էկի, Նատալյա Մակարովայի հետ: Գլխավոր դերապարերով հանդես է եկել Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» (Կարաբոս), Ավգուստ Բուրնովիլի խորեոգրաֆիայով Ֆրանկ Անդերսենի «Սիլֆիդա», Չայկովսկու «Ռոմեո եւ Ջուլիետ» (Ջուլիետի հայր), Ադանի «Ժիզել» (Ալբերտ, Հանս) բեմադրություններում:

Հարցին, թե ինչո՞ւ է տեղափոխվել  Շվեդիայի թագավորական բալետ, Արսենը պատասխանեց. «Վերջին շրջանում եվրոպական թատրոններում, այդ թվում՝ «Ցյուրիխ բալետում», Բեռլինի օպերայի եւ բալետի, Փարիզի «Գրանդ օպերայում», Լոնդոնի «Քովեն Գարդենում»  եւ այլն, տեղի ունեցավ սերնդափոխություն, փոխվեցին գեղարվեստական ղեկավարներ, հրավիրվեցին երիտասարդ մասնագետներ: Շվեդիայի թագավորական բալետում էլ նշանակված նոր տնօրենը շուրջ քսան պարողների թվում իմ եւ Վահե Մարտիրոսյանի հետ եւս կնքեց աշխատանքային պայմանագիր: Ավելին՝ նոր տնօրենը հիմնովին փոխեց ընթացիկ խաղացանկը եւ արդեն 2014-ից կսկսվեն թատրոնի հյուրախաղերը աշխարհով մեկ»: Ռեպլիկին, թե նման փոփոխություններին ինչպե՞ս են արձագանքում ԶԼՄ-ները եւ արվեստասեր հասարակությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդհանրապես եվրոպական թատրոններում տեղի ունեցող փոփոխությունները չեն դառնում քննարկման առարկա, մշակութային օջախների պատերից «խոհանոցային» խոսակցությունները դուրս չեն գալիս, թեեւ  թատրոններում կա եւ մասնագիտական նախանձ, եւ  անհանդուրժողականություն, խմբավորումներ…»:

Հետաքրքրությանը՝ դրսում հայկական բալետով ընդհանրապես հետաքրքրվո՞ւմ են, Արսենն ասաց. «Կոնկրետ՝ խորեոգրաֆ Մարսիա Հայդեի ասիստենտը՝ ուրուգվահայ Պաուլո Ահարոնյանը եւ Ֆրանկ Անդերսենը, ով ցանկալի հյուր է Վրաստանի եւ ռուսաստանյան թատրոններում, քանիցս ինձ ասել են, թե կուզեին տեսնել Երեւանի օպերային թատրոնը եւ աշխատել բալետային խմբի հետ»: Արվեստագետը հավելեց նաեւ. «Ցանկացած թատրոն, որ ուզում է ունենալ ներկայանալի խաղացանկ, բարձրարվեստ ներկայացումներ, անհրաժեշտ է, որ հնարավորինս հաճախ հրավիրվեն բարձրակարգ մասնագետներ, այնպես, ինչպես ժամանակին Երեւանում  «Սպարտակն» իրականացրեց Յուրի Գրիգորովիչը»:

Իսկ հարցին՝  Արեւմուտքում ավելի շատ բեմադրվում է ժամանակակի՞ց, մոդե՞ռն, թե՞  դասական բալետ, Արսենը հայտնեց, որ եվրոպացի հանդիսատեսը, իհարկե, նախընտրում է դասական ներկայացումները, որոնք այդքան էլ հաճախ չեն բեմադրվում, քանի որ երիտասարդ խորեոգրաֆներին ավելի շատ ձգում է  մոդեռնը: «Օրինակ, Մաց Էկը, ով այսօր միակն է աշխարհում, որ անդրադառնում է դասական թեմաներին,  սինթեզում է այն մոդեռնի հետ: Դրա օրինակը Շվեդիայի թագավորական բալետում նրա կողմից իրականացված Չայկովսկու «Ռոմեո եւ Ջուլիետն» է»,- նշեց արվեստագետը: You tube-ում հաճախ տեղադրվում են Արեւմուտքում բեմադրված էրոտիկ տեսարաններով բալետային ներկայացումներ: Հետաքրքրությանը՝ ինքը երբեւէ հանդե՞ս է եկել նման ներկայացումներում, Արսենը պատասխանեց. «Համբուրգ բալետում» Ջոն Նոյ Մայերի խորեոգրաֆիայով բեմադրված «Նիժինսկի» ներկայացման մեջ հանդես եմ եկել Ոսկե ստրուկի մենապարով: Ի դեպ, Նիժինսկին ռուս այն արտիստն էր, ով 20-րդ դարասկզբին առաջին անգամ բեմում ներկայացավ  համարյա մերկ»,- փաստեց Արսեն Մեհրաբյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930