Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ ավելի շատ հայ եմ զգում». իսպանացի գրող

Հունիս 20,2013 14:18

Իսպանացի գրող Գոնսալո Գուարչը շուրջ 30 գրքերի հեղինակ է: Հիմնականում պատմավեպեր է գրում: Ունի երեք վեպ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նրա՝ ցեղասպանության մասին պատմող առաջին վեպը՝ «Հայոց տոհմածառը», լույս է տեսել 2005 թվականին, այնուհետեւ՝ եռագրության մյուս երկու «Հայկական կտակ» ու «Սպիտակ լեռ» վեպերը: Այսօր «Հայելի» ակումբում Հայաստան ժամանած իսպանացի գրողին այսպես ներկայացրեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Խոսելով իսպանացի գրողի մասին՝ Լեւոն Անանյանը զուգահեռներ անցկացրեց նրա եւ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի, ինչպես նաեւ թուրք վիպասան Էլիֆ Շաֆակի միջեւ: Գրողների միության նախագահի համոզմամբ, նրանք բոլորն էլ հայ ժողովրդի բարեկամներն են:

Ասուլիսին ներկա էին նաեւ իսպանացի գրողի կինը, դուստրը ու փեսան, որոնք, ինչպես պարզվեց ասուլիսի ընթացքում, իրենց ուրույն դերակատարումն ունեն գրողի ստեղծագործական կյանքում: Գրողը խոստովանեց, որ իր կինն՝ Ամալյան ու դուստրը՝ Ռոսիոն, երբեմն օգնում են իրեն խմագրել իր գրածը:

«Ես իսպանացի գրող եմ, բայց գնալով ինձ ավելի շատ հայ եմ զգում»,- իր խոսքի սկզբում հայտարարեց Գոնսալո Գուարչը՝ սպասելով լրագրողների հարցերին:

Ի՞նչն է ձեզ ստիպել անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը հնչած առաջին հարցին՝ ցեղասպանության մասին եռագրություն գրած գրողը պատասխանեց.

«Այդ հարցն արդեն ինքնին մի վեպ է: Մենք Շվեյցարիայում ծանոթացանք մի հայ տիկնոջ հետ, ով ուզում էր, որ իր ընտանիքի պատմության մասին գրվեր: Հետո կարդացի Հենրի Մորգենթաուի պատմվածքները ու հասկացա, որ մի շատ կարեւոր պատմություն եմ գրելու: Հետո մեծ համակրանք զգացի հայ ժողովրդի նկատմամբ»,- խոսելով՝ վեպերի հերոսների նախատիպերի ու նախապատմության մասին՝ ասաց գրողը:

Գուարչի խոսքով՝ ինքը շատ նմանություններ է գտել հայ եւ իսպանացի ժողովուրդների միջեւ:

«Դուք նույնքան համակրելի եւ անկազմակերպ եք, ինչպես իսպանացիները: Այստեղ ցանկացած իսպանացի կարող է զգալ, ինչպես իր տանը: Ես նաեւ շփոթված եմ, որ այսքան մեծ պատվի եմ արժանանում այստեղ, գրելուց ես դրա մասին չէի էլ մտածում»,- նշեց գրողն ու հավելեց, որ Հարավային Ամերիկայի մի շարք երկրներից՝ մասնավորապես Մեքսիկայից ու Ուրուգվայից, ինքն էլեկտրոնային նամականեր է ստանում, որտեղ մարդիկ իրենց կարծիքն են հայտնում Հայոց ցեղասպանության մասին պատմող եռագրության մասին:

Հարկ է նշել, որ իսպանացի գրողի եռագրությունը մոսկվաբնակ Մովսիսյանների ընտանիքի շնորհիվ հրատարկվել է ռուսերեն լեզվով, բայց, ինչպես նշեց գրողը, այժմ փորձ է արվում այն թարգմանել նաեւ ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով:

Հարց հնչեց նաեւ Իսպանիայի թուրք համայնքի եւ նրա՝ գրողի ստեղծագործությունների հանդեպ վերաբերմունքի մասին:

«Առայժմ ոչ մի արձագանք չկա, բայց նրանց դուր չի գալիս այն, ինչ անում եմ հանուն ձեզ»,- ասաց Գ. Գուարչը:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930