Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում դժվար է ծխելու դեմ պայքարել. ծխախոտ արտադրող երկիր ենք (Տեսանյութ)

Հունիս 20,2013 14:15

Ֆիլմերում ծխախոտի թաքնված գովազդներ են արվում

«Առողջությունը դա ներդրում է երկրի տնտեսության հետագա զարգացման մեջ»,- Այսօր Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբը: ԱՀԿ-ին անդամակցող մեր երկիրը երկու հարցում պարտավորվածություն ունի` համաճարակներից, էնդեմիաներից պաշտպանվելու եւ ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը միջազգային առողջապահական կանոնակարգերով ի կատար ածելու: Մնացած հարցերում ԱՀԿ-ի հետ պարզապես համագործակցության մակարդակով ենք շփվում: Ծխախոտի դեմ պայքարի հարցում, ճիշտ է Հայաստանը վավերացրել է շրջանակային համաձայնագիրը, սակայն ինչպես ասուլիսի մյուս բանախոս, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը փաստեց առայժմ շատ անելիքներ կան այդ ոլորտում. «Մենք ունենք Ազգային ժողովի կողմից հաստատված օրենք, որով ուսումնական, բժշկական եւ այլ փակ հաստատություններում ծխախոտն արգելված է: Լավ օրենքները օրենքներ, բայց, երբ դրանք չեն կիրառվում կյանքում` լուրջ խնդիրներ են ստեղծում: Ծխախոտը դեռեւս գովազդվում է տարբեր ֆիլմերում, որը մատուցում են որպես պրոդուկտ, սա խիստ վտանգավոր է եւ մենք պետք է կարողանանք այն արգելել: Շատ երկրներում նման ֆիլմեր ցուցադրելիս այդ մասը սեւ ժապավենով փակում են»:

Ժուժաննա Ջակոբի ներկայացմամբ, 53 երկիր, որոնց թվում է եւ Հայաստանը, վավերացրել են այդ համաձայնագիրը եւ հինգ տարին անցնելուց հետո պարտավոր են իրականացնել համաձայնագրի պահանջները: Ըստ տիկին Ջակոբի, Հայաստանի համար այդքան էլ հեշտ չէ այդ պայքարն իրականացնել, քանի որ ծխախոտ արտադրող երկիր է:

Aravot.am-ը Ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի դժվարություններ են առաջանում պայքարելու ճանապարհին եւ քանի որ 5 տարին արդեն լրացել է, ինչո՞ւ, ինչպես նախարարը նշեց, դեռ չենք կարողանում ծխախոտի դեմ լիարժեք պայքար սկսել:

Պարոն Բազարչյանը նկատեց, որ այդ 5 տարին գովազդի մասով է ասված: Ըստ նրա առողջապահության նախարարությունը մշակում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հնարավորությունները եւ դրա նպատակն այն է, որի համաձայն ծխախոտի գովազդն ամբողջությամբ արգելվի: Ալեքսանդր Բազարչյանի մեկնաբանությունները` տեսանյութում.

Ժուժաննա Ջակոբի ներկայացմամբ, Եվրոպական տարածաշրջանում եղած քաղցկեղի հիվանդությունների մեծ մասը պայմանավորված է ծխելով. «Ծխախոտի հետեւանքով տարեկան միլիոնավոր կյանքեր ենք կորցնում: Սա միայն Հայստանի համար չէ խնդիր: Եվրամիության տարածքում արտադրողների նկատմամբ օրենքներն ավելի են խստացվելու. ծխախոտի տուփերը որոնք վաճառվում են, պետք է լինեն ծածկված չպետք է երեւա, թե ով է հանդիսանում արտադրողը»:

Տիկին Ջակոբից հետաքրքրվեցինք, թե Հայաստանը ԱՀԿ հետ համագործակցության ընթացքում, որ հարցերում է թերանում. «Հայաստանի հետ շատ ջերմ բարեկամական

փոխհարաբերություններ ունենք եւ որեւէ անբավարարություն չկա: Ձեր երկրի եւ ԱՀԿ-ի որդեգրած գերակայությունները համընկնում են եւ մենք սա արդեն մեծ հաջողություն ենք համարում: Հայաստանը մոր եւ մանկան առողջության խնդիրների մասով մեծ արդյունքներ է արձանագրել: Մոր եւ մանկան մահացությունը ձեր երկրում շատ դրական նվազման միտում ունի: Մենք շարունակելու ենք համագործակցել իմունիզացիայի շրջանակներում եւս: Հայաստանի համար եկել է ժամանակը, որպեսզի ավելի լուրջ ներդրումներ կատարի առողջության կանխարգելման համար»:

Այսօր ԱՀԿ-ի եւ առողջապահության նախարարության հետ համատեղ տեղի ունեցավ նաեւ համաժողով, որի նպատակն է աջակցել Հայաստանում առողջապահության քաղաքականության մշակմանը` հիմնվելով «Առողջություն 2020» Եվրոպական քաղաքականությանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930