Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատասխան չի մնալու և ոչ մի մեղադրանք

Հունիս 20,2013 14:08

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

          Նախքան նիստի օրակարգի ձևավորումը վարչապետը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ` այդ կերպ արձագանքելով ՀՀ վերահսկիչ պալատի հայտնի հաշվետվությանը։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը խիստ շահագրգռված է, որպեսզի պալատի բացահայտումներն անհապաղ հանձնվեն իրավապահ մարմիններին, որպեսզի օրենսդրորեն սահմանվի պալատի հաշվետվության ներկայացման կանոնակարգը։Վարչապետը նաև նախարարներին հանձնարարել է անպատասխան չթողնել Վերահսկիչ պալատի մեղադրանքները (տե՛ս առանձին)։

 

Սոցիալական ոլորտը մնում է կառավարության ուշադրության կենտրոնում

            Հիմք ընդունելով «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը` կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` հստակեցնելով հաշմանդամություն ունեցող անձանց հեռակա բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից, նվազեցնել կոռուպցիոն ռիսկը։ Անձը հնարավորություն կունենա կասեցման համար սահմանված ժամկետում վերադաս մարմնից ստանալ համապատասխան փորձաքննական խորհրդատվություն, ինչի շնորհիվ փորձաքննական որոշումը կկայացվի առավել օբյեկտիվ։ Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ է փոխվել մոտ մեկ տարի առաջ նախարարությունում անցկացված խորհրդակցությունից և տրված հանձնարարություններից հետո։ Նախարարը թվարկել է աշխատանքի էական բարելավմանն ուղղված, այդ թվում` կադրային փոփոխությունները, նշել, որ զգալիորեն պակասել են քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները։ Ինչ վերաբերում է Սոցիալական ապահովության պետական ծառայության գործունեությանը, ապա այն նույնպես հիմնովին բարեփոխվել է, և դա զգացել են տասնյակ հազարավոր մարդիկ։

ՀՀ կառավարությունը բաժնետոմսերի հետգնման միջոցով նվազեցրել է ՀՀ առողջապահության նախարարության հարյուր տոկոս պետական մասնակցությամբ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն», «Դիլիջան» մանկական հակատուբերկուլոզային առողջարան» և «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ների զուտ ակտիվները։ Որոշման նպատակն է ոչ միայն առողջացնել նշված առևտրային կազմակերպությունները, այլև դրանք ՀՀ պետբյուջե շահութաբաժին վճարող դարձնել։

Մեկ այլ որոշմամբ անհետաձգելի է համարվել և ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է պայմանագիր կնքել «Ռաին բոու» ֆիրմայի հետ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 3 հազար 500 տոննա դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով` 1 տոննան առավելագույնը 1 հազար 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում, որը ներառում է մինչև ՀՀ սահմանային անցակետ տեղափոխման և մաքսազերծման հետ կապված ծախսերը։ Նախարարությանը նաև թույլատրվել է գնման ձևով պայմանագիր կնքելու միջոցով ձեռք բերել 450 տոննա փաթեթավորված ցեմենտ` 1 տոննան առավելագույնը 52 հազար դրամով։

 

 

Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչպես են պահպանվում հուշարձանները

Գործադիրն ընդունել է գնման գործընթաց կազմակերպելու որոշում` սահմանելով, որ 2013 թ. պետբյուջեի «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված պատմաճարտարապետական 11 հուշարձանի վերականգնման, մեկ հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և մեկ հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։ Ցանկում տեղ են գտել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Լոռու մարզի Սանահինի վանքը, Կոտայքի մարզի Բջնո ամրոցը, Սյունիքի մարզի Որոտնավանքը և այլ հուշարձաններ։ «Կոնկրետ Սանահինում մեծածավալ աշխատանքներ են կատարվել, – հարցի առնչությամբ ասել է վարչապետը։ Գերմանական, իտալական, ֆրանսիական մասնագետներ են այցելել Սանահին, տվել իրենց մասնագիտական եզրակացությունները։ Ես տեսա, որ արդեն բավական մեծածավալ աշխատանք է կատարված»։ Վարչապետը հետաքրքրվել է, թե այս պահին Սանահինի հետ կապված ինչ հարցեր են մտահոգում հասարակական կազմակերպություններին։ Մտքերի փոխանակության ընթացքում պարզվել է, որ հանրությունը հաճախ թյուր պատկերացում է կազմում արվածի վերաբերյալ, քանի որ տեղեկության պակաս ունի։ Օրինակ` մասնագետները ժամանակակից տեխնոլոգիաներով հետազոտություն են արել և պարզել, որ հիմնական պատի հիմքն ամուր է, և փլուզման վտանգ չկա։ Հատկացված միջոցներով այս տարվա ընթացքում էական առաջընթաց կարող է արձանագրվել։ Վարչապետը ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուներին հանձնարարել է ավելի հաճախ շփվել հասարակական կազմակերպությունների հետ և նրանց փոխանցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների եզրակացությունները։

 

Ընդլայնվում է միջազգային համագործակցությունը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական համագործակցության համաձայնագրի հիման վրա կնքված «Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերականգնում» պայմանագրով նախատեսված է առաջացող հարկերը և պետտուրքերը ֆինանսավորել ՀՀ պետբյուջեից` որպես Ծրագրի համաֆինանսավորում, ինչը և արվել է կառավարության որոշմամբ։ Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև վերջերս ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում. երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին, որով տրամադրվում է 5 մլն եվրոյի վարկ։ Ծրագիրն ավարտվելու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը։ Այս երկու հարցերին անդրադառնալիս վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, թե եվրոպական ֆինանսական կազմակերպություններն ինչ մեխանիզմներով են վերահսկում իրենց տրամադրած վարկերի նպատակային օգտագործումը. պատասխանատուները հավաստիացրել են, որ վերջին տարիների ընթացքում կոռուպցիոն ռիսկեր ի հայտ չեն եկել։

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրով կառուցված արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շահագործումն ապահովելու նպատակով այդ համակարգերը նվիրաբերվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի 26 համայնքներին։

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների ստորագրած բնածին և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։

Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Քատարի Պետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման համաձայնագրի կնքման առաջարկությանը։

 

 

Կներդրվի վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգը

 

Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահամակարգի ներդրման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է համակարգի ներդրման ծրագիրը, որի համաձայն 2015 թ. հունիսի 1-ից անալոգային հեռուստատեսային հեռարձակումից անցում է կատարվելու եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակման։

ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի Հր. Աճառյան 31 հասցեում գտնվող շենքային համալիրի սպասարկման համար առանձնացված 2.65 հա մակերեսով հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին և դրա նկատմամբ իրականացնել սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Որոշմամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է վերապահվում խորհրդի պատվավոր նախագահ ընտրելու իրավասությունը։

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որը միտված է ռիսկի վրա հիմնված հսկողության համակարգի կատարելագործմանը։ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտոնագրման պայմանների և պահանջների հսկողության տեսչության 2012 թ. ընթացքում կատարած ստուգումների արդյունքում վիճակախաղի, շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների ռիսկայնության աստիճանը ցածր է եղել։ Սույն որոշմամբ որոշ չափանիշներ փոխարինվել են նորերով, որոնք ավելի պատկերավոր կդարձնեն կազմակերպիչների ռիսկայնության աստիճանը։

Գործադիրը որոշել է ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի որոշակի ծածկագրերի ապրանքախմբերին դասվող ապրանքների պարտադիր դրոշմավորման համար 2013 թ. հուլիսի 1-ից կիրառության մեջ դնել «Ա» սերիայի դրոշմապիտակները։ Նիստում սահմանվել է ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպման պարզեցված կարգը։

Կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է դատախազի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը` ուժը կորցրած ճանաչելով նախկին նույնաբովանդակ որոշումը։

 

Դրամարկղային գրքի վարումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին, որով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի դրամարկղային գիրքը վարվի էլեկտրոնային եղանակով` նպաստելով երկրի գործարար միջավայրի բարելավմանը։

Գործադիրը քննարկել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Առաջարկվում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի հոդվածներից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին։ Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։

Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930