Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ կխմեն հայրենիքի կենացը

Հունիս 20,2013 14:03

Վերջերս այցելեցի Ցինանդալիում (Վրաստան) գտնվող վրացի գրող, հասարակական գործիչ եւ պոետ Իլյա Ճավճավաձեի տուն-թանգարան, որը բացվել է 1946 թվականին, երբ լրանում էր պոետի մահվան հարյուրամյակը: Վրաց ժողովրդի համար Ճավճավաձեն այնքան բան է արել,  որ 1987 թվականին վրաց ուղղափառ եկեղեցու որոշմամբ դասվել է սրբերի շարքում: Թանգարանում պահվում են Ճավճավաձեի եւ նրա ընտանիքի անդամների իրերը, ձեռագրերը, բացառիկ սպասքեղենն ու կահույքը: Ճավճավաձեն Եվրոպան «ներմուծել» է Վրաստան, ինչը վրաց ժողովուրդը չի ուրանում:

Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ  թանգարանի զբոսավարը շեշտեց, թե Ճավճավաձեն, ի թիվս այլ լեզուների, հրաշալի տիրապետել է հայերենին, իսկ ադրբեջանցի գործընկերս ուղղակի հրճվանք ապրեց, երբ նույն զբոսավարն ասաց, թե սենյակներից մեկում կախված գորգն իբր 17-րդ դարի ադրբեջանական նմուշ է:

Աչք էր շոյում այգու համատարած կանաչը, տարածքում չկար որեւէ սրճարան կամ ավելորդ աղմուկ: Զգացվում էր, թե ինչ ուշադրություն կա թանգարանի հանդեպ: Ընդհանրապես այդ թանգարանում պահվում է 2095 ցուցանմուշ:

Թանգարանների, հուշարձանների ու մեծանուն հայերի պակաս հայերն էլ  չունեն, փոխարենը հոգածության եւ նրանց հանդեպ խնամքի դեֆիցիտ կա: Օրինակները բազմաթիվ են՝ սկսած «փակ» շուկայի հայտնի պատմությամբ, ավարտած  Տիգրան Արզումանյանի՝ թալանված «Լեռնային պար»  քանդակով: Ամենաթարմ օրինակը քանի օր է՝ «պտտվում» է Facebook սոցիալական ցանցում. շրջանառվում է մի լուսանկար, որտեղ պարզորոշ երեւում է, թե  Թոխմախի գերեզմանատանը ինչպես է ոչնչացվել ականավոր բանասեր, հայագետ  Հրաչյա Աճառյանի գերեզմանաքարը… Իսկ ուտելիքի առատությունից «տրաքվող» սեղաններին ինչքա՜ն հայրենասիրական կենացներ են խմվում…

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930