Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքը պետք է հնարավորություն տա Հասան Ռուհանիին»

Հունիս 20,2013 14:00

Հոլանդաբնակ իրանցի մտավորականը՝ հայրենի ընտրությունների մասին

Հոլանդական elsevir-ը հրապարակել է հոլանդաբնակ իրանցի մտավորական Աֆշին Էլյանի՝ «Արեւմուտքը պետք է հնարավորություն տա  Հասան Ռուհանիին» վերնագրով  վերլուծականը՝ Իրանի նախագահական ընտրությունների մասին: Հիշեցնենք, որ Իրանի նախագահի աթոռի համար  պայքարում էր 6 թեկնածու՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, կապի նախկին նախարար Մոհամադ Խարազին, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար, իրանական միջուկային ծրագրի շուրջ ՄԱԳԱՏԵ-ի հետ բանակցություններում գլխավոր բանակցող Հասան Ռուհանին եւ Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը:  Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ըստ երկրի Սահմանադրության, երրորդ անգամ անընդմեջ չէր կարող առաջադրվել նախագահի պաշտոնում:

Հեղինակի կարծիքով, Խամենեին  համարվում է փայլուն դիվանագետ, ինչ վերաբերում է իրանյան ընտրություններում Ռուհանիի հայտնվելուն, նրա ձեւակերպմամբ,  տոտոլիտար իրանյան ռեժիմը դրանից չի փոխվում: Աֆշին Էլյանը փաստում է, որ դրա վառ արտահայտությունն այն է, որ ընտրատեղամասերի փակվելուց հետո վեց ժամ պետական ԶԼՄ-ները լռել են եւ որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել արդյունքների մասին: Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների՝ 50 միլիոն ընտրողներից քվեարկել է 70 տոկոսը, շուրջ 15 միլիոնն էլ ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին:

Հոդվածագիրը քննել է այն պատճառները, թե ինչո՞ւ է Այաթոլլա Խամենեին հավանության   արժանացրել Հասան Ռուհանիի թեկնածությունը՝ իբրեւ Իրանի նախագահ. կային ռեֆորմիստները՝ նախկին նախագահ Խաթամիի գլխավորությամբ եւ ռադիկալները՝ Խամենեիի: Որպեսզի ռեժիմի երկու ուժերի ներքին պայքարը ներկայացվի, կար նաեւ մի երրորդ ուժ՝ կազմված նոր արիստոկրատներից ու տեխնոկրատներից՝ նախկին նախագահ Ռաֆսանջանիի գլխավորությամբ: Նրանք  յուրատեսակ կամուրջ էին: Ինչ վերաբերում է Հասան Ռուհանիին, հոդվածագրի ձեւակերպմամբ, նա պատկանում է Ռաֆսանջանիի կլանին:

Հեղինակը գրում է, որ Ռուհանին մի մարդ է, ով միշտ եղել է Ռաֆսանջանիի ստվերում: Նա  «սերում» է  Իրանի անվտանգության ոլորտից, հեղափոխությունից հետո աշխատել է պաշտպանության նախարարությունում, ավելի ուշ դարձել է Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը, իրանական միջուկային ծրագրի շուրջ ՄԱԳԱՏԵ-ի հետ բանակցություններում գլխավոր բանակցողը: Հոդվածում ասվում է, որ Ռուհանին ազգային անվտանգության ռեալ խորհրդատուն է: Նա նախընտրական շրջանում  խոստացել էր հարգել երկրում խոսքի ազատության իրավունքը եւ քաղբանտարկյալներին ազատ արձակել, բնականաբար՝ հետո հետապնդելու համար: Հոլանդական լրատվամիջոցում հրապարակված հոդվածից տեղեկանում ենք,  որ  Ռուհանիի ընտրազանգվածի հետ հանդիպումների ընթացքում կոչեր են հնչել ի պաշտպանություն Մուսավիի, Քարուբիի, տնային կալանքում գտնվող Կանաչների շարժման լիդերների: Հոդվածում շեշտվում է, որ բնակչության մի մասը բոյկոտել է ընտրությունները, մյուս մասը քվեարկել է հօգուտ այն հույսի, թե Ռուհանիի պրագմատիզմն ու ռացիոնալությունը կբերեն դրական փոփոխությունների: Ինչ վերաբերում է կուլիսներին, հոլանդաբնակ իրանցու խոսքով, «Հասան Ռուհանին ամենեւին էլ իրանյան լիդերի թեկնածու չէ, այդ ինչո՞ւ է Խամենեին համաձայնել նրա  հաղթանակին, այ սա հարցերի հարցն է»:

Ըստ Աֆշին Էլյանի, Ամերիկայի համար  Ռուհանին պրագմատիկ դիվանագետ է: Անցյալ դարի ութսունականներից նա Իրանի անունից անդրկուլիսյան  բանակցությունների մեջ է եղել ամերիկացիների հետ:

Հեղինակը անդրադարձ է կատարել տնտեսական հնարավոր սցենարներին՝ ընդհուպ Իրանի սնանկացումը: Նրա համոզմամբ, չնայած այս ամենին, Ռոհանին  համարվում է Խամենեիի  վտանգավոր  հակառակորդը: Մյուս կողմից էլ,  բնակչության մեծամասնությունը Ռուհանիի կողմնակիցն է: Ըստ հոդվածագրի, Խամենեիի ձգտումն էր տարածքային  գերտերության ստեղծումը՝ հասնելով Իսրայելի սահմաններին: Սիրիան, իրանցի մտավորականի փաստմամբ,  ներկա դրությամբ վերածվել է կռվի դաշտի՝ իրանական ուժերի համար, ավելին՝  իսլամական Իրանը պաշտոնապես Իրանա-իրաքյան պատերազմից հետո մաս է դարձել  Սիրիայի քաղաքացիական պատերազմի:

Խոսելով մարդու իրավունքների մասին, հոդվածագիրը փաստել է, որ այդ խնդիրն այսօր հրատապ է Իրանի համար:

Ըստ elsevier.nl-ի՝ պատրաստեց

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930