Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտումները պետք է իրավական գնահատական ստանան

Հունիս 20,2013 13:57

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի ձևավորումից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական երեք հայտարարություն է արել, որոնք վերաբերում են Վերահսկիչ պալատի հաշվետվությանը։

  «Առաջին քաղաքական հայտարարությունը.

Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ։ Եվ ես ամեն ինչ անելու  եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան։

Ես ամբողջությամբ կիսում եմ Ազգային Ժողովի նախագահի այն տեսակետը, որ պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ։ Սա առաջինը։

Երկրորդ. Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետին, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն կանոնակարգը, թե ինչպես է ներկայացվում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն Ազգային Ժողովում։ Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով։ Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալն Ազգային Ժողովի և գործադիր իշխանության գործառույթն են։

Մենք այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցինք Վերահսկիչ պալատին` համատեղ աշխատանքի համար։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային Ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում։ Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է և կոռումպցված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին։ Պետական բյուջեի 70 տոկոսը` 700 մլրդը. դա նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը։

Եվ երրորդ քաղաքական հայտարարությունը. հանձնարարում եմ բոլորիդ և պահանջում ձեզնից, որ ձեր հասցեին հնչած որևիցե մեղադրանք անպատասխան չմնա։ Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել կամ պատրաստել նյութեր և այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են և դուք դրա համար պետք է պատասխանատվություն կրեք»։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930