Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղուց ժամանակն է, որ Սիլվա Յուզբաշյանին տրվի Ժողովրդական արտիստ կոչումը

Հունիս 20,2013 13:46

Բաց նամակ ՀՀ նախագահին, մշակույթի նախարարին

Բարև ձեզ հարգելի և պատվարժան ՀՀ նախագահ և մշակույթի նախարար:
Գրում է ձեզ նամակ մի հայորդի, որի համար Հայաստանը, հայրենիքը և ամեն ինչ, նրա հետ կապված, սոսկ բառեր չեն, այլ կյանքի իմաստ, լինելիության միակ ու հարազատ բանաձև, կարիք, տուրք և էություն:
Ես, բնակվելով հայրենիքից հեռու, երբեք չեմ կտրվել նրանից, համենայն դեպս այն մասով, որով ընդունված է լինել հայ:
Լինելով համեստ և անհայտ ստեղծագործող, երբեք չէի դիմի ձեզ, եթե խոսքը վերաբերվեր ինձ, քանզի չունեմ հակում զբաղվել ինքնահաստատմամբ:
Չիմանալով, թե իրականում ում դիմեմ, որոշեցի դիմել ձեզ, թեև չգիտեմ էլ կհասնի նամակս ձեզ, բայց չէի կարող չգրել այս մասին:
Իրականում նամակս պիտի ուղղված լիներ Հայաստանի գրողների միությանը, բայց չեմ կարծում, որ կարող էի ստանալ հստակ պատասխան այդ միության նախագահից:
Չգիտեմ, թե գրականությանը և նրա երախտավորներին ինչպիսի տեղ են տալիս այսօրվա Հայաստանում, բայց լինելով հեռավոր ունկնդիր և ականատես, թե գրական, և թե մշակութային կյանքին, կուզեի կանգ առնել որոշ դրվագների վրա, անելով հետևություններ:
Հայրենիքը, ինչպես գիտեք, ոչ միայն բնակավայր է, այլ լինելիության մի աղբյուր, որի զուլալությունից է կախված ժողովրդի կենսական բոլոր ոլորտների աճումն ու զարգացումը:
Քանզի խոսքս վերաբերում է ժողովրդի հոգեկանին, ապա ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ նույն այդ հոգեկանի կրողներին հարկավոր է և ժամանակն է գնահատել ըստ արժանվույն, ժամանակին և առանց հապաղելու:
Գրականությունը և գրողները, թե ինչպիսի վիճակում են, կարծում եմ ձեզ հայտնի է և չեմ ուզում հիշեցնել այդ մասին:
Խոսքս այսօր նրանց մասին չէ:
Այսօր կուզեի խոսել այն մարդկանց մասին, որոնց դերը պակաս չէ հենց նույն այդ գրականությունը մատուցելու, կենդանի պահելու և զարգացնելու մեջ:
Նկատի ունեմ ասմունքողներին, այն ասմունքողներին, որոնք ամբողջ կյանքում նվիված են գրականությանը և ծառայում են նրան՝ նվիրելով իրենց ողջ կյանքն ու ավյունը:
Եթե ավելի կոնկրետ լինեմ, ապա խոսքը վերաբերում է մի մարդու, որի վաստակը այս ասպարեզում անսահման է, գնահատված, բայց, ըստ իս…ոչ բավարար:
Այդ մարդու, այդ անզուգական կատարողի, այդ ասմունքի թագուհու անունն է Սիլվա Յուզբաշյան:
Նկատի ունեցեք, որ նա անգամ պատկերացում չունի այս նամակի մասին, գուցե և դժգոհի անձամբ, բայց հոգուս պարտքն եմ համարում գրել ձեզ, քանզի կարծում եմ, որ վաղուց է եկել ժամանակը, որ նա ստանա և լիիրավ կրի ամենահարգալից այն կոչումը, որն է՝ Ժողովրդական արտիստ լինելը:
Նա ժողովրդական է բոլոր գոյություն ունեցող իմաստներով, վայելում է իր վաստակը, բայց…
Ես երբեք մարդուն և կամ արվեստագետին չեմ գնահատել կոչումներով, բայց գնահատել արժանավոր մարդուն, ասել է թե՝ գնահատել ժողովրդի հոգեկանը կրողին, նրա արժանավոր զավակին, որի դերը մեծ է և անսահման արվեստի այն բնագավառում, որը կոչել են գրականություն:
Կարծում եմ նամակս կստորագրեին հազարավոր նրա երկրպագուներ ամբողջ աշխարհում, որոնք լսել են ու վայելել ասմունքի թագուհու ձայնը, ընկալել մեր պոետների ստեղծագործությունները նրա կատարմամբ, սիրել հայրենիքը նրա մատուցած և այսպես շարունակ:
Այսքանով սահմանափակվեմ և հույս ունենամ, որ նամակս կհասնի ձեզ և կանեք այն քայլը, որ վաղուց պիտի կատարած լինեիք:
Հարգանքներս
Էդուարդ Պողոսյան
ՍանկտՊետերբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Կարինէ Հայրապետյան says:

    Այս վեհ հայուհին, տաղանդաւոր ասմունքողը արժանի եւ Ժողովրդական արտիստ պատուաւոր կոչմանը:

  2. Վարդան Ղարաջյան says:

    Իսկ ես միշտ համոզված եմ եղել ,որ այդ կոչումով նա ծնվել է:

  3. GREG says:

    Համամիտ եմ, Վլադիմիռ Աբաջյանից հետո Սիլվա Յուզբաշյանն է մնում, որպես հայ ասմունքի ռահվիրա:

  4. Էդուարդ says:

    Շնորհակալություն բոլորից,թե արձագանքների, թե գնահատելու և թե ընթերցելու համար:
    Հույսով եմ,նամակը կունենա արձագանք և ըստ արժանվույն կգնահատվի Սիլվա Յուզբաշյանի,
    մեր արվեստի երախտավորի վաստակը…
    Շնորհակալություն նաև «Առավոտ» թերթի խմբագրությանը,նամակը հրապարակելու համար:
    Զգացված եմ:
    Հարգանքներս:
    Էդուարդ Պողոսյան:

  5. Էդուարդ says:

    Անցավ տաս օր և ոչ մի արձագանք նամակիս….
    Գուցե և միամիտ եմ, բայց միևնույն է սպասում եմ:
    Կարծում եմ, մեր նախագահը և նախարարը ժողովրդի հետ են:
    Եղել են, կլինեն ընդմիշտ:
    Խնդրում եմ….չապացուցեք հակառակը:
    Հարգանքներս:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930