Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Տեր-Ղազարյանը կդառնար 90 տարեկան

Հունիս 20,2013 13:34

_--------------------Հունիսի 20-ին կլրանար աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի ծննդյան 90-ամյակը:

Եթե Մեծն Վարպետը կենդանի լիներ, այս կարգի տեղեկություններին, որոնք իրեն անհաճո էին, իր սովորույթի համաձայն կարձագանքեր. «Չեմ հասկանում՝ ինչ ես ասում»:

Իրականում անհասկանալին ու անմեկնելին եղել է եւ մահվանից հետո շարունակում է մնալ Մեծն Վարպետը, ում համար սահման չունեին անգամ Փոքրը եւ թվացյալ Անտեսանելին: Նա իր մտքում տեսնում էր այն, ինչը հետո ուրիշները միայն զինված աչքերով էին կարող տեսնել:

Երբ աշխարհն առաջին անգամ տեսավ նրա միկրոաշխատանքները՝ ցուցադրված Երեւանի ժողարվեստի թանգարանում, Է. Տեր-Ղազարյանն ընդամենը 24 տարեկան էր:

Մինչեւ իր կյանքի վերջին օրը՝ 2012թ. ապրիլի 16-ը, 89-ամյա Վարպետն աշխատեց անզեն աչքով անտեսանելի իր գլուխգործոցների վրա եւ ստեղծեց 1000-ից ավելի միկրոքանդակներ: Դրանք ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Ճապոնիա, Հարավսլավիա, Իրան, Եգիպտոս, Ռուսաստան եւ այլն:

Ամբողջ աշխարհին որպես միկրոքանդակագործ հայտնի Է. Տեր-Ղազարյանը իր այս յուրօրինակ կարիերան սկսել է երաժշտական գործիքներ պատրաստելուց: Իր կյանքի ընթացքում նա ստեղծել է ոչ միայն մազի մեջ եւ ասեղի անցքում տեղավորվող ջութակներ, այլ նաեւ՝ ամենաիրական չափերի 500-ից ավելի ջութակներ, ալտեր եւ թավջութակներ, որոնց վրա մինչեւ օրս դափնեկիրներ են նվագում:  Իսկ նրա ստեղծած 30 երաժշտական գործիքներն ընդհանրապես իրենց անալոգը չունեն ողջ աշխարհում:

Ավելի քան երեսուն տարի առաջ Է. Տեր-Ղազարյանը հիմք դրեց միկրոքանդակագործության նոր ուղղությանը՝ շարժվող միկրոաշխատանքներին: Անզեն աչքով անտեսանելի այդ ցուցանմուշների՝ միկրոմարմինների ոչ մի շարժումը չի կրկնվում, դրանք կատարում են ոչ սինխրոն շարժումներ: Այս աշխատանքները ոչ թե պարզապես անգերազանցելի են, այլ նաեւ՝ աշխարհի ոչ մի միկրոքանդակագործ (իսկ նրանց մատների վրա կարելի է հաշվել) նույնիսկ չի հաջողել կրկնել դրանք:

Թեեւ ով իմանա. այն, ինչ չի հաջողվել օտարներին, գուցե մի օր իրականություն դարձնի Մեծ Վարպետի անվանակից թոռը՝ կրտսեր Էդուարդ Տեր-Ղազարյանը: Հենց նրան է կյանքի վերջին տարիներին իր գործի գաղտնիքները սովորեցրել Է. Տեր-Ղազարյանը:

«Իրականում պապս ցանկանում էր իր արվեստը  ժառանգաբար փոխանցել: Եվ ոչ միայն արվեստը, այլեւ գործն ու երազանքը: Նա իր կյանքի գործն էր համարում իր ստեղծած յուրօրինակ աշխատանքները ցուցադրել աշխարհով մեկ, իսկ ամենամեծ երազանքն էր ցուցահանդեսներ կազմակերպել միաժամանակ աշխարհի տարբեր երկրներում»,- «Առավոտին» ասաց կրտսեր Էդուարդ Տեր-Ղազարյանը: Եվ ավելացրեց, որ ի՛նքն էլ իր կյանքը կնվիրի Մեծն Վարպետի գործին եւ կջանա իրականություն դարձնել նրա երազանքը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930