Լրահոս
Օրվա լրահոսը

Ձգտենք բացարձակին

Հունիս 20,2013 13:30

Դեռահաս  տարիքում ես տանը երբեմն բողոքում էի դպրոցից՝ իբր, ինձ՝ արժանավորիս, ավելի ցածր գնահատականներ են դնում, քան ուրիշ անարժաններին՝ պե՞տք է արդյոք պայքարել արդարության համար: Ծնողներիս պատասխանը հետեւյալն էր (փոխանցում եմ իմաստը). «Այն, ինչ դու անվանում ես պայքար արդարության համար, իրականում պայքար է հանուն քո սեփական կոմֆորտի: Ուրիշ բան, եթե անարդար վարվեն քո ընկերների, ոչ թե քո հանդեպ: Այն, ինչի մասին դու խոսում ես, հարաբերական է՝ «ավելի բարձր, ավելի ցածր», մինչդեռ դու պիտի ձգտես լինել բացարձակ: Այսինքն՝ լինել այնպիսին, որ ոչ մեկի, այդ թվում՝ քեզ չհամակրողի, քո չուզողի, նույնիսկ քո ոխերիմ թշնամու ձեոքը չգնա քեզ ցածր գնահատական նշանակել»: Ահա այսպիսի բարդ, գործնականում՝ անիրագործելի խնդիր:

Իմաստը, որքան հասկանում եմ, հետեւալն է.  կայացիր, ինքնահաստատվիր քո, ոչ թե ուրիշների հաշվին, քեզ բարձրացնելով, ոչ թե ուրիշներին նվաստացնելով: Մեր կյանքի բոլոր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից  ու բիզնեսից եւ վերջացրած լրագրությամբ ու արվեստով, ճիշտ հակառակ վիճակն է՝ մարդիկ փորձում են կայանալ ուրիշին «քցելով», նսեմացնելով, նրա դեմ խարդավանքներ նյութելով, նրա մասին բամբասելով:

Ւնչո՞ւ Երեւանի օպերայում խարդավանքները շատ են, իսկ Բեռլինի օպերայում չկան: Պատասխանելով այդ հարցին՝ Բեռլինում աշխատող մեր երիտասարդ, շնորհալի երգչուհի Նարինե Եղիյանն ասաց. «Մարդիկ այնքան զբաղված են այստեղ, բեմադրությունները այնքան իդեալական վիճակում պետք է լինեն, որ ոչ մի նման բանի ժամանակ չի մնում»: Արտիստներն այնտեղ ապրում են իրենց արվեստը կատարելագործելով, համերգներին եւ ներկայացումներին պատրաստվելով եւ (մի զարմացեք) իրար հաջողություններով ուրախանալով: Ձգտում են, մի խոսքով, բացարձակի: Մեզ մոտ ձգտում են հարաբերականի. «Վույ աղջի, բա իմացար՝ Հոռոմսիմը այսինչ դերերգը ստացավ: Դե, պարզ է՝ փչացածի մեկն է»: Վստահ չեմ, որ տարբերությունը պայմանավորված է միայն բարձր կամ ցածր աշխատավարձով:

Պատգամավորները՝ նույնը: Իրենք հո սոված չեն մնում: Բայց արի ու տես՝ փորձում են հեղինակություն ձեռք բերել՝ մեկը մյուսին անձնապես նվաստացնելով: Լրագրողական միջավայրում էլ է նույնը: Պարբերաբար քննարկումներ են անցկացվում լրատվամիջոցների եւ լրագրողների «ազատ-անկախ» լինելու կամ չլինելու վերաբերյալ: Այդ քննարկումների եւ հրապարակումների նպատակը պարզ է՝ հնարավոր մրցակիցներին «սեւացնելը»՝ իբր, մենք «ազատ-անկախ» ենք, իսկ ահա նրանք ղեկավարվում են Բաղրամյան 26-ից կամ, ասենք, Կանյաչնիից, հետեւաբար կարդացեք (դիտեք) մեզ եւ ոչ թե նրանց: Ես, օրինակ, ընդունում եմ, որ մեր բոլոր լրագրողները ազատության եւ անկախության ջահակիրներ են: Ընդունենք դա եւ անցնենք առաջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. harut says:

    Այո պէտք է պայքարել արդարութեան եւ իրաւունքի համար։
    Յօդուածին մէջ յանկարծ յարաբերականի վերածուեցաւ բացարձակ սկզբունքը։
    Նոյն իսկ հեզահամբոյրն Քրիստոս որ Սէր քարոզեց մինչեւ Գողգոթա- ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ պահանջեց Հրեայ քահանայապետի ծառայէն որ առանց պատճառի ապտակած էր զինք։
    — Բարեկամ -ըսաւ – ինչու կ`ապտակես զիս -Եթէ սխալ բան մը ըրի ցոյց տուր ապա թէ ոչ պիտի դատուիս հասկցնելով որ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ եւ ԻՐԱՒՈՒՆՔԸ Աստուածային ստորոգելիներ են Սիրոյ չափ եւ անկէ առաջ ալ կրնան գալ յաճախ։

  2. Լավատես says:

    Մենք ոչ մի ազգի հետ չպետք է համեմատենք մեզ, ինչքան էլ նրանք մեզ հոգեհարազատ լինեն: Մեր չարիքն էլ հենց նա է, որ մեր արժեհամակարգում այլ ազգերի արժեքները (սկսած կրոնից վերջացրած համակարգիչով ու նորաձեւությամբ) ղեկավարող փաթեթը մեր ձեոքում չէ:

  3. Արմեն Սարգսյան says:

    Բացարձակին ձգտելու, ստեղծագործելով ինքնահաստատվելու համար մարդիկ պետք ա մասնագիտություն, հմտություններ, հետաքրքրություններ ունենան: Մեր հասարակության մեջ լիքը մարդ ամեն կոշիկ առնելուց 5 անգամ ավելի շատ ա գցում-բռնում, քան մասնագիտություն ընտրելուց: Բուհերն էլ դե բոլորին դիպլոմն ու չհիմնավորված ամբիցիաները տալիս են. ժլատություն չեն անում: Հիմա էտ մարդը ուրիշի մասնագիտությամբ, չհիմնավորված ամբիցիաներով, 0-ական մասնագիտական ունակություններով ո՞նց ստեղծագործի կամ էլ բացարձակին ձգտի: Էտ ամբիցիաները բավարարելու ու ինքնահաստատվելու համար մնում ա կամ կոռուպցիոն սխեմաների մասնակցի, կամ բանսարկությունների ու բամբասանքների, կամ էլ տարբեր տեսակի բողոքների, նայած բնավորության:

  4. Ruben says:

    Ո՞րն է Հայքը, ո՞րն է Հայը, ո՞րն է Հայկականը…Այսօրվա կյանքում ո՞րն է Ազգայինը:
    Քանի կա լեզուն՝ լեզվին բերան է պետք, բերնին՝ դեմք, դեմքին՝ գլուխ, գլխին՝ ուղեղ: Ուղեղի բթությունից լեզուն պապանձվում ու կուլ է գնում: Տասը տարի անց ՀՀ-ից փախած քանի՞ հայ է խոսելու հայերեն, կամ քսան տարի հետո քանի՞ հոգի կմնա Հայ:
    Գիքոր ավերիչի ավերած Փարոսն է պետք վերականգնել ու Լեւ խավարիչի մարած Լույսը վառել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930