Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող ու կառավարիչ դիմորդները շատացել են

Հունիս 20,2013 13:06

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը, ԵՊԲՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոստանտին Մանուկյանի և Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբայանն այսօր «Զարկերակ» ակումբում խոսեցին ընդունելության քննություններից, նաեւ նշեցին, թե որ ֆակուլտետներն են առավել պահանջված և ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր բուհերը:

Վաչագան Գալստյանը նշեց, որ կապված հանրապետությունում դիմորդների թվի նվազման հետ՝ անցյալ տարվա 16870-ի փոխարեն, այս տարի ԵՊՀ դիմել է 12747 դիմորդ: Ընդ որում ԵՊՀ-ն ունի 338 անվճար, 2800 վճարովի տեղեր:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի ձեւակերպմամբ, սոցիալ-տնտեսական մասնագիտությունների գծով վիճակը թույլ է, դիմորդների թիվը նվազ է բնագիտական առարկաների գծով, որտեղ կլինեն թափուր տեղեր: Ինչ վերաբերում է լրագրության, սոցիոլոգիայի, կառավարման ֆակուլտետներին, դիմորդներն ավելի շատ են:

Արթուր Աղաբայանը եւս փաստեց, որ որոշակի մասնագիտություների գծով իրենց բուհում եւս կլինեն թափուր տեղեր, մյուս փուլում Սփյուռքի ուսանողների համար լրացուցիչ ընդունելություն կկատարվի, մինչեւ օգոստոսի 20-ը կարող են դիմել:

ԵՊԲՀ ընդունող հանձանաժողովի պատասխանատու քարտուղար Կոստանտին Մանուկյանի ասելով, բժշկական համալսարանի դիմորդների թիվը չի փոխվել, նախորդ տարվա համեմատ իրենց բուհում դիմորդների թիվը 80-ով է պակասել: «Եթե ժողովրդի մոտ թյուր կարծիք կա, թե նվազագույնի շեմը հաղթահարածները կարող են հեշտ ընդունվել մեր բուհ, դա այդպես չէ»,-շեշտեց Կոնստանտին Մանուկյանը:

Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել մինչեւ ՄԻՊ եւ ՍԴ հասած բուհերի ինքնավարության սահմանների վիճարկման եւ ԳԹԿ-ի կողմից անցկացվող միասնական քննությունների հարցը:

«Ի՞նչ կապ ունի ինքնավարությունը քննությունների կազմակերպման հետ»,-զարմացավ պարոն Աղաբաբյանը:

Մյուս ռեկտորները տարակուսած էին եւ տեղյակ չէին, որ մի շարք ռեկտորներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, վերջինս էլ՝ ՍԴ բուհերի ինքնավարության սահմանները հստակեցնելու նպատակով:

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն էր տարածել, թե գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում եւ անցկացվում են բացառապես ԳԹԿ-ի կողմից, մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում են ԲՈՒՀ-երի ինքնավարության սկզբունքները, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով՝ ըստ կրթական ծրագրերի դիմորդների ընդունելության և ուսումնական գործընթացի կազմակերպումը հանդիսանում է բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունը:

Ասուլիսի ժամանակ, ռեկտորները, խոսելով հաշմանդամ դիմորդների ու ուսանողների մասին, փաստեցին, որ իրենց բուհերում իրավիճակը նույնն է, ինչ ողջ երկրում, այսինքն հաշմանդամների համար թեքահարթակներ եւ այլ պայմաններ չկան: Պարոն Աղաբաբյանն էլ հավելեց, որ այս տարի տեսողական խնդիր ունեցող իրենց մի ուսանող արդեն ավարտել է բուհը, նրա համար դասախոսությունները ձայնագրվել են:

Ըստ Վաչագան Գալստյանի, ԵՊՀ-ում արտոնյալ դիմորդների թիվը, որոնց մեջ նաեւ հաշմանդամություն ունեցողներն են, ամեն տարի շուրջ 50 հոգի է կազմում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930