Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կտա նվազագույն աշխատավարձի բարձրացումը

Հունիս 20,2013 12:55

Երեկ Ազգային ժողովը «նոն-ստոպ» ռեժիմով քննարկեց եւ ընդունեց սոցիալական ուղղվածություն ունեցող մի շարք օրինագծեր, մասնավորապես գրեթե միաձայն (94 կողմ, 0 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ) առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով կառավարությունն առաջարկում է հուլիսի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով՝ 35 հազարից հասցնելով 45 հազարի։

Խորհրդարանական փոքրամասնությունը, որ 6 ամիս առաջ ԱԺ հեղինակավոր ամբիոնից «ինքնամոռաց» կռիվ էր տալիս նվազագույն աշխատավարձի շատ թե քիչ տանելի մակարդակ սահմանելու համար, բավական պասիվ մասնակցություն բերեց սույն նախագծի քննարկմանը։ Խնդրո առարկայի նկատմամբ շահագրգիռ վերաբերմունքով աչքի ընկավ միայն ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Ի պատասխան մեր հարցերի՝ նախագծի թերուդեմերին անդրադառնում են խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության ներկայացուցիչները։

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Դաշնակցություն
-Այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան անտրամաբանական են կառավարության քայլերը։ Ընդամենը 6 ամիս առաջ, եթե հիշում եք, քաղաքական մեծամասնությունը մերժեց մեր նախաձեռնությունը, որը, ինչպես սիրում են ասել կառավարության առանձին ներկայացուցիչներ, սպասումների վրա հիմնված բանաձեւ էր առաջարկում։
Եթե մեր առաջարկությունն ընդունվեր, յուրաքանչյուր անձ, տնտեսավարող սուբյեկտ, քաղաքացի կիմանար՝ հաջորդ տարի որքան է լինելու նվազագույն աշխատավարձը, եւ դա դրական ազդակ կլիներ տնտեսության համար. մարդիկ չէին հայտնվի անորոշ սպասման մեջ, չիմանալով՝ կառավարությունը 10 տոկոսով, 20 տոկոսով, 50 տոկոսով կբարձրացնի՞ նվազագույն աշխատավարձը, թե՞ ընդհանրապես չի բարձրացնի։
Մեր բանաձեւը կառավարությունը մերժում էր՝ պատճառաբանելով, թե այն ընդունելու դեպքում իբր կմեծանա ստվերային տնտեսությունը, գործատուները աշխատավարձի իրական բարձրացում չեն իրականացնի եւ այլն։ Ի վերջո, մեր նախաձեռնության միջանկյալ արդյունքը լինելու էր այն, որ նվագագույն աշխատավարձը հունվարի 1-ից դառնալու էր 45 հազար դրամ, ինչը հնարավորություն կտար անցած 6 ամիսներին մեղմել սոցիալական լարվածությունը։
Մյուս կողմից, եկամտահարկի մասով առաջարկում էինք չհարկել նվազագույն աշխատավարձը, ինչը իր հերթին տնտեսավարողներին թույլ կտար ավելի վստահ գործել։
Ի՞նչ արեց կառավարությունը՝ մեր առաջարկը մերժեց, եւ հիմա, 6 ամիս ուշացումով, առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 45 հազար դրամ, որպես հարցի միջանկյալ լուծում։ Իրականում սա ոչ թե միջանկյալ լուծում է, այլ կառավարության անգործության եւ անհետեւողականության եւս մեկ ապացույց։
-Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։
-Սոցիալական առումով՝ այո, կառավարության այս քայլը կարող է բերել որոշակի մեղմացման, բայց տնտեսական քաղաքականության առումով տարվա կեսից խաղի կանոն փոխել, այն էլ անհասկանալի ինչ-որ հիմնավորումներով՝ ուղղակի անընդունելի է։ Եվ սա՝ այն դեպքում, երբ տեղի է ունեցել հարկային բեռի զգալի բարձրացում, եւ ինչպես հիմնավորում էր կառավարությունը՝ մերժելով մեր նախագիծը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը հանգեցնելու է նաեւ տեղական բյուջեներում այնպիսի լրացուցիչ ծախսերի, որ համայնքային առանձին ծառայողներ ազատվելու են աշխատանքից։
Այսինքն՝ սոցիալական առումով սա թերի, բայց դրական տարր պարունակող նախաձեռնություն է։ Դրական, որովհետեւ 35 հազար դրամ աշխատավարձ ստացողն ստանալու է 45 հազար դրամ։ Բացասական՝ որովհետեւ լրացուցիչ բեռ է դրվում տնտեսավարող սուբյեկտների եւ համայնքային բյուջեների վրա։
Բացի դրանից, չմոռանանք, որ նվազագույն սպառողական զամբյուղը 55 հազար դրամ է. 45 հազար դրամը անգամ չի ծածկում սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը։ Առաջիկայում այդ 55 հազարը ավելանալու է եւս 12 տոկոսով՝ նկատի ունենալով գազի, էլեկտրաէներգիայի եւ դրանով պայմանավորված մնացած անուղղակի թանկացումները։ Այս պարագայում սոցիալական իրավիճակի մեղմացման մասին խոսելն ավելորդ է։

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱԿ խմբակցության քարտուղար
-Որ աշխատավարձ են բարձրացնում՝ շատ լավ է։ Բայց աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ մարդու ապրուստը մի քանի անգամ թանկանում է՝ տաքսին, հեռուստացույցը, հացը, թթվասերը, կաթը, բոլոր ծառայությունները թանկանում են։ Դա նշանակում է՝ ձեզ տալիս են 10 հազար դրամ ավել, վերցնում 20 հազար կամ 30 հազար դրամ։
Ստացվում է, որ քաղաքացու սոցիալական բեռը ծանրանալու է, մեր համեստ հաշվարկներով, 20-25 տոկոսով։ Այսինքն՝ այս խնդիրը լուծելով՝ քաղաքացու մատից փուշ չեն հանում, հոգսը չեն թեթեւացնում։ Հակառակը՝ սոցիալական լարվածությունը ավելանում է, քաղաքացու գնողունակությունը՝ ընկնում։ Վե՛րջ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930