Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» տեղեկատվական կայքը, Լոռու մարզի Նովոսելցեւո համայնքի ղեկավար, 1996 թվականից այդ համայնքը ղեկավարող, 1955թ. ծնված Ռուբեն Դավոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2013 թվականներին համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր 513 հազար 760 դրամ արժողությամբ բենզին,որից 171 հազար 250 դրամ ընդհանուր արժողությամբ վառելանյութը հափշտակելով՝ ծախսել է իր կարիքների համար:
Ռուբեն Դավոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը : Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունիսի 28-ին:
Լոռու մարզպետարանի ինտերնետային կայքում նշված է,որ Ռուբեն Դավոյանը «1994թ. հունվար ամսին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի սահմանների ազատագրմանը», նա ՀՀԿ անդամ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ