Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախախորհրդարան». Գործ ունենք ոչ թե թյուրիմացության, այլ պաշտոնապես որդեգրված դավաճանական դիրքորոշման հետ

Հունիս 20,2013 12:35

Նախախորհրդարանի հայտարարությունը

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Կարեն Միրզոյանը, 2013 թ. հունիսի 12-ին Ֆրանսիական արբանյակային Ֆրանս 24 հեռուստակայանի անգլալեզու հաղորդմանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլևս երբեք Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բառացիորեն պատասխանել է` «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»:

Առաջին տպավորությամբ նման հայտարարությունն անհավատալի է թվում, սակայն փաստը մնում է փաստ:

Մինչ օրս հարցազրույցի այդ մասի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրվել, ուստի միանշանակ կերպով պետք է եզրակացնել, որ գործ ունենք ոչ թե թյուրիմացության, այլ պաշտոնապես որդեգրված դավաճանական դիրքորոշման հետ: Այդ դիրքրոշման կրողները ոչ միայն քայլ առ քայլ զիջում են հայկական կողմի դիրքերը, այլևս պատրաստ են հանձնելու Արցախը:

Ասվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ԼՂՀ արտգործնախարաըը նույն հարցազրույցում Արցախի ազատագրված տարածքներն անվանել է «անվտանգության ապահովման բուֆերային գոտի»:

Այս երևույթի հիմնական պատասխանատուն հայաստանյան հանցավոր վարչախումբն է, որն իր կառավարումը երկարաձգելու համար աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բարեհաճությունն ստանալու նպատակով պատրաստ է նույնիսկ բացահայտ կերպով ուրանալու ազգային շահը:

Բնավ պատահական չէ, որ վարչախմբի ներկայացուցչի այս արարքը համընկնում է Արցախի հարցի կարգավորման համատեքստում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հերթական ակտիվացմանը:

Նախախորհրդարանը մեր ժողովրդին զգոնության կոչ է անում և զգուշացնում է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում վտանգված է ոչ միայն Արցախը, այլև հայկական պետականությունն առհասարակ:

Նման անփառունակ հեռանկարից խուսափելու համար Նախախորհրդարանը մեր ժողովրդին հորդորում է օր առաջ համախմբվել ու միանալ ազգային-ազատագրական պայքարին, ինչի շնորհիվ մենք ոչ միայն կարող ենք հաղթահարել օտար ուժերից նորգաղութային կախյալությունը և ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետությանը Արցախի վերամիավորման գործը, այլև կառուցել հզոր ու ինքնիշխան հայկական պետություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930