Լրահոս
Օրվա լրահոսը

Կճոյանի սանիկի «փայլուն» աշխարհագրական գիտելիքներն ու սենսացիոն խոստովանությունը

Հունիս 20,2013 12:13

Աշոտ Սուքիասյանը գրել է, որ 2009 թվականին՝ ՀՀ Կառավարությունում և դրանից հետո՝ էկոնոմիկայի նախարարությունում տեղի են ունեցել ժողովներ, որի նպատակն էր ադամանդագործության և ոսկերչության զարգացումը ՀՀ-ում և աշխատատեղերի ավելացումը։

Որից հետո Աշոտ Սուքիասյանը գրում է. «Ժողովի ընթացքում խոսվեց այն մասին, որ Ռուսաստանն առաջարկում է 5% տոկոսադրույքով՝ 15 տարի մարման ժամկետով ադամանդի հումք։ Առաջարկվող ադամանդի հումքի գնացուցակները ստանալուց հետո հումքի որակը և գները չէին համապատասխանում պահանջվող շուկայի ոչ որակին, ոչ էլ գներին։

Ժողովի ընթացքում ես առաջարկեցի ադամանդի հումք, որը պետք է ներմուծվեր այն ընկերությունից, որը գտնվում է Հարավային Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում»։

Ուշադրություն դարձրեցի՞ք հատկապես վերջին հինգ բառերին՝ «Հարավային Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում»։

Պարզվում է, որ գործարարը, ով աֆրիկյան երկրների հետ սերտ կապերի մեջ է (իր խոսքերից ելնելով), լուրջ մարդ է, ընդունվում է ադամանդագործության պես էլիտար բիզնեսի ներկայացուցիչների և ՀՀ իշխանությունների կողմից, չգիտի, որ Սիերա Լեոնեն գտնվում է ոչ թե Աֆրիկայի հարավում, այլ կենտրոնական մասում՝ Աֆրիկյան մայրցամաքի արևմտյան ափին։ Թվում է՝ սա մանրուք է, սակայն՝ ոչ այս դեպքում։ Որովհետև այս ամբողջ գործի մեջ մանրուքները գումարվելով՝ միլիոնավոր դոլարների հասնող մի կարևոր ամբողջություն են կազմում։

Այս ամենից կարելի է անել երկու հետևություն։ Կա՛մ Աշոտ Սուքիասյանն իրոք չգիտեր մի երկրի տեղը, որտեղ ինքը բիզնես է անում։ Այս դեպքում՝ գործ ունենք ՀՀ իշխանությունների թափթփվածության հետ, որոնք կարող են վստահել և գործ բռնել բանից անտեղյակ մարդկանց հետ (ինչպես ժամանակին սփյուռքի նախարարը մեծարում էր «տաղանդավոր աստղագետ» երիտասարդին): Կա՛մ էլ Ա. Սուքիասյանը պարզապես անփույթ է գրել նամակի առաջամասը, ինչը խոսում է այն մասին, որ նամակի մեխը Տիգրան Սարգսյանին և Նավասարդ Կճոյանին մաքրելու փորձն էր։ Իսկ մնացած 5 էջն ընդամենը բուտաֆորիա են՝ նամակին լրջություն հաղորդելու համար։

Այս ամենով հանդերձ՝ Ա. Սուքիասյանի նամակում կա մի շատ անկեղծ խոստովանություն, որի հետ դժվար է չհամաձայնել։ Տիգրան Սարգսյանին և Նավասարդ Կճոյանին արդարացնելու գործում Ա. Սուքիասյանը չափից դուրս ջանք է ներդրել, կամ, ինչպես ռուսներն են ասում, перестарался: «Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության։ Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից։ Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»։

Այսինքն՝ փորձելով արդարացնել վարչապետին և արքեպիսկոպոսին՝ Ա. Սուքիասյանը ջուրն է գցել ՀՀ տնտեսության և եկեղեցու հեղինակությունը՝ բացահայտ ասելով, որ Հայաստանում առանց հովանավորների բիզնես անելը վտանգավոր է։ Եվ, որ ավելի աբսուրդային է՝ բիզնեսի «տանիք» Հայաստանում հանդիսանում են նաև հոգևորականները։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930