Հայաստանի Հանրապետության գոյության ավելի քան 20 տարիների ընթացքում միայն 2007-2008-ին է եղել, երբ Հայաստանից մեկնածների եւ վերադարձածների տարբերությունը հօգուտ վերադարձածների է եղել: Մնացած բոլոր տարիներին ավելի շատ են եղել մեկնողները, քան ժամանողները: Բնական է եւ հասկանալի, որ այդ տարբերությունն, ինչպես արդեն նշեցինք, շատ ավելի մեծ էր 90-ականներին, ավելի փոքրՙ 2000-ականներին: Այսինքնՙ այս ցուցանիշները ուղիղ համեմատական են երկրի տնտեսական վիճակին: Սակայն արդյոք արտառոց չէ՞ վերջին տարիներին արտագաղթի ծավալների ավելացումը եւ արդյոք դա պայմանավորված է միայն երկրի սոցիալ-տնտեսակա՞ն իրավիճակով:
Գոնե 2008-2009-ի ճգնաժամին հետեւող վերջին տարիներին եւ տնտեսական աճ է եղել, եւ սոցիալական քաղաքականության առումով կառուցվածքային փոփոխություններ են եղել, որոնց արդյունքում արտագաղթի ծավալները եթե չասենք պետք է նվազեին, այլ գոնե չպետք է ավելանային: Մինչդեռ տեղի է ունենում հակառակը: Ինչո՞ւ: Այս պատասխանը ստանալու համար տեղին կլինի մեջբերել Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնցՙ Երեւանում հարցվածների 46 տոկոսը ցանկանում է արտագաղթել: Այս ցուցանիշը շատ հարցերի պատասխան է տալիս:
Երեւանում աղքատ է բնակչության 27 տոկոսը: Դժվար է ենթադրել, որ այս 27 տոկոսն ամբոջությամբ ընդգրկված է արտագաղթել ցանկացող 46 տոկոսի մեջ: Ընդ որում, ամենափոքր մասն է որպես պատճառ նշել «ապրուստ չկա» արտահայտութունը: «Աշխատանք չկա», «հեռանկար չկա», «արդարություն չկա»` սրանք մյուս պատճառներն են: «Աշխատանք չկա» արտահայտությունը վաղուց արդեն հնացել է, այլ հարց է, որ դժվար է գտնել ըստ մասնագիտության, արժանավայել աշխատավարձով աշխատանք: «Հեռանկար չկա» եւ «արդարություն չկա» պատճառաբանություններն էլ բացառապես երկիրը լքելու ցանկության արդարացումներ են: Այն երկրները, որտեղ մեկնում են այստեղից, ավելի՞ արդար են եւ հեռանկարային: Իսկ ամեն րոպե ազգային խտրականության ենթարկվելու հեռանկարը Ռուսաստանում ավելի՞ արդար է եւ հեռանկարային: Թե՞ եվրոպական երկրներում սեւագործ աշխատանքով զբաղվելն է ավելի արդար եւ հեռանկարային: Եվ, ի վերջո, հեռնակարը կարող է ամեն երկրում մի շրջադարձով դառնալ անհեռանկար: Օրինակը` Սիրիան, հաշված ամիսների ընթացքում ամենաապահովից դարձավ ամենաանապահովը:
Ղրղզստանում եւ Ուզբեկստանում ավելի՞ լավ են ապրում, քան Հայաստանում
Կարդացեք նաև
Արտագաղթել ցանկացողներին եւ արտագաղթի մասին շաղակրատողներին հարց ուղղենք, ինչպե՞ս է պատահում, որ սոցիալ-տնտեսական զարգացման նույն մակարդակում գտնվող Վրաստանում հարցման ժամանակ երկրից հեռանալու ցանկություն են ունեցել 30 տոկոսից էլ պակասը, մեզանից ավելի ցածր կենսամակարդակ ունեցող Ղրղզստանում եւ Ուզբեկստանում` 10 տոկոսից էլ պակասը, իսկ Հայաստանում` 46 տոկոսը: Ինչպե՞ս է պատահում, որ հակառակ Իսրայելի նման երկրի հետ տասնամյակներ ձգվող պատերազմի եւ համաշխարհային հրեական լոբբիինգի ջանքերի, հակառակ կենցաղային աննորմալ պայմանների, հակառակ իրենց կառավարողների կոռումպացվածության, պաղեստինիցի արաբները ուղղակի կառչած են իրենց հողից: Ի՞նչ է, նրանք չե՞ն կարող մեկնել, օրինակ` մեծաթիվ արաբական բնակչություն ունեցող Ֆրանսիա, որտեղ մերոնց ընկալած «հեռանկարը» կամ «արդարությունը» կա: Չեն մեկնում, որովհետեւ «հեռանկարը» եւ «արդարությունը» փնտրում են իրենց հայրենիքում:
Չենք ցանկանում մեղադրել Հայաստանից հեռացողներին: Ի վերջո, անձնական, աշխատանքային, սոցիալական եւ այլ պատճառներով կարող ես հայտնվել այս կամ այն երկրում, բայց ի՞նչ է նշանակում, որ հարցվածների 46 տոկոսը նման ցանկություն ունի: Դա նշանակում է ուղղակի հայրենասիրության պակաս, հակառակ նրան, որ 82 տոկոսը իրեն հայրենասեր է համարել: Իսկապես հանելուկային հոգեբանություն` վերջին խոսքերն ասելով հայրենիքիդ հասցեին, ցանկանում ես հեռանալ այստեղից, բայց միաժամանակ հայրենասեր ես քեզ համարում:
Պետականորեն հայրենասիրական քարոզչությունը` օրվա հրամայական
«Հայրենասեր» բառը նշանակում է հայրենիքը սիրել: Դա կարող է տարբեր կերպ արտահայտվել, բայց հայրենիքը լքելու ցանկությունը հաստատ հայրենասիրություն չի կարող համարվել: Այսօրվա արտագաղթի հիմնական պատճառը սա է, եւ եթե այստեղ չունենանք մտածողության, դաստիարակության արմատական տեղաշարժ, կունենանք պարադոքսալ իրավիճակ` որքան լավանա սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան արտագաղթել երկրից ցանկացողների թիվը կավելանա: Փորձիր մի տեղ ասել, որ դու չես ցանկանում քո երկիրը լքել, որովհետեւ դա քո հայրենիքն է. կա՛մ քեզ կխղճան, կա՛մ «երկիրը երկիր չէ» տխմար մենկնաբանություններով կսկսեն փնովել ու հայհոյել սեփական երկիրը: Փորձիր ասել, որ աշխարհում կան ավելի քան 4000 ժողովուրդներ, որոնցից մոտ 200-ը ունեն պետություն, որ մեր դարավոր երազանք է ունենալ ազատ եւ անկախ հայրենիք, քեզ կնայեն արդեն որպես հոգեկան հիվանդի: Սա այն պարագայում, երբ մենք դեռեւս հակամարտության մեջ ենք հարեւան երկրի հետ, որտեղ ոչ թե ազգային, այլ ազգայնական դաստիարակության հզոր քարոզչություն է տարվում: Ի՞նչ ենք հակադրում մենք սրան եւ ի՞նչ պետք է հակադրել:
Պետական կառույցներից հայրենասիրական քարոզչություն տարվում է միայն դպրոցներում եւ բանակում, այն էլ գործի եւ մասնագիտության բերումով, այլ ոչ թե ուղղորդված պետական քաղաքականությամբ: Մինչդեռ հայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսել մանկապարտեզներից, ամրապնդել ընտանիքներում, շարունակել բուհերում, պետական կառույցներում, տարածել հեռուստատեսության, մշակույթի, գրականության եւ այլ միջոցներով: Պետական աջակցություն են ստանում շատ հաճախ այն մարդիկ կամ խավերը, որոնք պարզապես պոտենցիալ արտագաղթողներ են կամ կես ոտքով արտասահմանում են ապրում: Մինչդեռ պետական հովանավորության առաջին հերթին եւ ամենից շատ արժանի են մանկավարժներն ու զինվորականները: Նրանք ոչ միայն իրենց գործի բնույթով են հայրենասիրություն սերմանում, այլեւ ամենաքիչն են հակված արտագաղթելու:
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում
Ըստ սույն քարոզիչի՝ երկրում տիրող գաղջ մթնոլորտի պատճառը ՛՛Պետական կառույցներից հայրենասիրական քարոզչություն …՛՛ տանելու անհետևողականությունն է: Սա արդեն մեկ քայլ առաջ է այն մտայնությունից, թե դրա պատճառը անտրամադիր լրագրողներն են, սակայն փորձենք պատկերացնել, որ կարդալով սույն խրատական հոդվածը, այսօրվա պետական այրերը սկսեն փութաջանորեն քարոզել հայրենասիրություն ոչ միայն մանկապարտեզներում և դպրոցներում, այլև դատարաններում, դատախազությունում, ոստիկանությունում, համատիրություններում, արհմիություններում և վերջապես բակերում տեղադրված տաղավարներում. Ի՞նչ կլինի՞…
Հարգելի հոդվածագիր, ձեզ չեն սովորեցրե՞լ, որ ամենաարդյունավետ դաստիարակության միջոցը սեփական օրինակն է՝ սեփական ապրելակերպը: Այդ ո՞վ պիտի ինձ հայրենասիրություն ներարկի և ի՞նչ բարոյական իրավունքով. օֆշորներում սավառնող կառավարչի-տիրացուի-քյառթուի եռամիասնությունը՞, ուսուցիչներին ու ծնողներին սիստեմատիկորեն կթող անօրեն-տնօրենը՞, թե չարի վերջի Ցարի վերջը կամ՝ Ցարի վերջի չարի վերջը:
Հարգելի ՛՛Առավոտ՛՛, կարծում եմ, նման հոդվածներ արտատպելիս ՛՛Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իքս» թերթի այսօրվա համարում՛՛ ծանուցումը պատշաճ չէ, /մենք ձեզ ի՞նչ վատություն ենք արե՞լ, որ դեռ նման հոդվածն էլ ամբողջությամբ կարդանք/, այլ պարզապես կարելի է հավաստիացնել. ՛՛Հարգելի ընթեցողներ, մենք անմեղ ենք, մեր կոլեգաներն են մեղավոր, եթե ներքին անհրաժեշտություն է առաջացել՝ ձեր քարերն ու փայտերը կարող եք նետել ՛՛Իքս՛՛ բոստանի տարածք: