Արտաքին պետական վերահսկողություն իրականացնող այս կառույցը, որը հիմնադրվել է 1996թ. մայիսի 29-ին, ունի նաև օրենք՝ ընդունված 2006թ. դեկտեմբերի 25-ին: Ըստ այդ օրենքի 1-ին հոդվածի՝ «ՀՀ վերահuկիչ պալատը բյուջետային միջոցների և պետական ու համայնքային uեփականության oգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահuկողություն իրականացնող անկախ պետական մարմինն է, այն իր խնդիրներն իրականացնելիu անկախ է ՀՀ պետական մարմիններից, ՎՊ-ն դատարանում կարող է ՀՀ անունից հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող»: Կարելի է ենթադրել, որ Ի. Զաքարյանն ինքը կարող էր դատախազություն ներկայացնել փաստերը հանցագործության և չարաշահումների մասին, բայց չարեց: Այս հարցի շուրջ «Ժամանակը» զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ, ով նշեց, որ ԱԺ-ում հրապարակային ներկայացված ՎՊ 2012թ. հաշվետվությունն արդեն իսկ կարող է հիմք լինել ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործեր հարուցելու համար, եթե ներկայացված հաշվետվության մեջ կան փաստեր հանցագործության մասին: «ՀՀ գլխավոր դատախազության լիազորությունները ՀՀ Սահմանադրության մեջ սպառիչ թվարկված են 103 հոդվածով, տվյալ դեպքում 4-րդ կետով՝ պետական շահերի պաշտպանություն: Այդ հաշվետվության հիման վրա դատախազը կարող էր հայց ներկայացնել դատարան և քրեական գործ հարուցել: Եթե հաշվետվությունը հրապարակային ներկայացվել է, դա նշանակում է, որ ՎՊ նախագահը դիմել է, մնացած անելիքը դատախազությանն է: Չարաշահումների, հանցագործության արդյունքում յուրացումների մասին փաստերն արդեն պետք է ընդունվեն, որպես հաղորդում հանցագործության մասին: Դրանից ավել հաղորդում հանցագործության մասին էլ ինչպե՞ս է լինում»,- զարմանք հայտնեց Վ. Այվազյանը:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ իրավապահ մարմիններին չդիմելով՝ ՎՊ նախագահ Ի. Զաքարյանն էլ է հանցագործություն իրականացնում: Բայց, ըստ նրա ևս, անկախ նրանից՝ Զաքարյանը կդիմի, թե չի դիմի իրավապահ մարմիններին, «նրա ներկայացրածն ԱԺ-ում հաղորդում էր հանցագործության մասին»: Թեև, Արտակ Զեյնալյանի կարծիքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և ՀՀ քրեական օրենսդրությունը պարտավորեցնում են նրան դիմել իրավապահ մարմիններին, որովհետև դա տեղեկություն է հանցագործության մասին, և այն տնօրինում է Ի. Զաքարյանը՝ որպես պետական պաշտոնատար անձ, ուստի պարտավոր է այդ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին: «Եթե նա չի ներկայացրել այդ հաղորդումն իրավապահ մարմիններին, դա մեկ այլ հարց է, բայց հրապարակային ելույթ է ունեցել հանցագործության հատկանիշներով փաստերի վերաբերյալ, հաղորդումը ներկայացվել է ԶԼՄ-ով, իսկ լրատվամիջոցների հրապարակումները ևս հիմք են, պարտադիր է դրա հիման վրա գործ հարուցելը կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնելը: Իրավապահ մարմինները պարտավոր են դա հիմք ընդունել և նյութեր նախապատրաստել»,- տեսակետ հայտնեց Ա. Զեյնալյանը՝ հավելելով, որ եթե դա չեն անում, օրենք են խախտում, ոչ միայն օրենք, այլև ողջ հայ հանրության իրավունքները, քանի որ այդ հանցագործություններն ուղղված են հանրության դեմ, և ՀՀ գլխավոր դատախազն ու ՎՊ նախագահը ևս հանցագործություն են կատարում՝ չբացահայտելով հանցագործությունը և չվերականգնելով հանրությանը հասցված վնասը:
Իշխանության այս գործելակերպն, ըստ նրա, միգուցե ոմանց համար անհասկանալի է, բայց վստահաբար մեծամասնության համար՝ հասկանալի, քանի որ սա իշխանության ձեռագիրն է, իշխանության ներկայացուցիչներն են այս յուրացումներն իրականացրել, ուստի իշխանությունը չի բացահայտում ու պատասխանատվության ենթարկում իր ներկայացուցիչներին, ամեն ինչ հասկանալի է: Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ այս գործելակերպն ուղղված է իշխանության որոշ ներկայացուցիչներին առավել վերահսկելի դարձնելուն և նրանց ապացուցելուն, որ փաստերը կան, դրանք հրապարակային են և ամեն պահի կարող են հայտնվել իրավապահ մարմինների ձեռքում: «Անկախ նրանից՝ հրապարակվում է, թե ոչ, մենք զգում ենք, որ հանցագործություն է կատարվում: Այն, ինչ Ի. Զաքարյանը թղթի վրա հանձնել է, փաստարկված ներկայացրել է, բացարձակ պարտադիր չէ մեր զգացողության համար, բոլորս ենք զգում՝ ինչ է կատարվում: Հայաստանից մարդիկ երթուղայիններով գնում են, չկա մի օր, որ չլսեմ, որ մարդիկ են հեռանում: Ի դեպ, այս մասին ոչ թե ինձ տեղեկացնում են հատուկ կերպով, այլ ամեն օր խոսքով գալիս հասնում է: Այս երևույթը, արտագաղթի այս ծավալներն այդ զգացողության արդյունքում են առաջացել: Մարդը կարող է փաստարկ նույնիսկ չունենալ, թե ինչու է գնում, բայց նման գործընթացներն են այդ համոզմունքը ձևավորում: Իսկ այսօր իշխանությունը՝ Հանրապետական կուսակցությունն իրականացնում է իր ծրագիրը, ինչի մասին խոսել էր վաղուց՝ «Հայաստանն առանց հայերի»: Մարդն ասաց չէ՞, որ «մեր երկրի խնդիրը հայ մարդն է»: Անկեղծորեն նրանք իրականացնում են «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը, որովհետև գտնում են, որ Հայաստանի խնդիրը հայ մարդն է»,- եզրափակեց իր խոսքն Արտակ Զեյնալյանը:
Արաքս Մարտիրոսյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում