Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթը կրճատում է գործազրկությունը

Հունիս 20,2013 10:45

Թեև արտագաղթը համարվում է բացասական երևույթ՝ երկարաժամկետ կտրվածքով ստեղծելով անվտանգության ռիսկեր, կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում այն Հայաստանում ապահովում է սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում։
Նախ՝ արտագաղթը նպաստում է գործազրկության կրճատմանը։ Այսպես՝ անցած տարի Հայաստան ժամանածների և երկրից մեկնածների հաշվեկշիռը բացասական է եղել 44,8  հազ-ով (այդքան մարդ լքել է Հայաստանը), ինչի արդյունքում գործազրկության մակարդակը նվազել է 1,1-տոկոսային կետով՝ մինչև 17,3%, զբաղվածության մակարդակն աճել է 0,5-տոկոսային կետով՝ մինչև 51,9%։

Թեև Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել աշխատաշուկայի ընթացիկ տարվա հիմնական ցուցանիշները, միջազգային սահմանահատումների տվյալներից երևում է, որ աշխատանքի շուկայում արձանագրվելու է բարելավում։ Բանն այն է, որ համաձայն Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում (չորս ամիսների տվյալներն այդպես էլ չեն հրապարակվում) միգրացիոն հոսքերը բացասական են եղել 37,1 հազ-ով, այսինքն՝ այդքան մարդ, հիմնականում՝ աշխատունակ, մեկնել է Հայաստանից։

Երկրորդ՝ աշխատանքային ռեսուրսների արտահանումը նպաստում է երկրում եկամուտների ավելացման։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում և անցած տարի արտահանված աշխատանքային ռեսուրսները նպաստել են, որ այս հունվար-ապրիլին ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակներով բանկային համակարգով կատարված մասնավոր փոխանցումների ծավալն աճի 12,6%-ով կամ $49 մլն-ով՝ հասնելով $437 մլն-ի։ Որ մասնավոր փոխանցումների աճը գրեթե ամբողջովին ապահովել են աշխատանքային միգրանտներն ու արտերկրում մշտական բնակություն հաստատածները, վկայում է այս տարվա չորս ամիսներին Ռուսաստանից կատարված մասնավոր փոխանցումների դինամիկան. ծավալն աճել է 12,6%-ով կամ $40 մլն-ով՝ կազմելով $356 մլն։

Ստացվում է, որ Հայաստանի արտահանման կառուցվածքի հիմնական բաղադրիչն իրականում աշխատանքային ռեսուրսներն են։ Համեմատության համար՝ այս տարվա չորս ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները կազմել են $455 մլն, մասնավոր տրանսֆերտները՝ $437 մլն։

Ընդ որում՝ աշխատանքային ռեսուրսների արտահանումը տնտեսական տեսակետից ավելի շահավետ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի արտահանման հիմնական ապրանքատեսակների (հանքարդյունաբերական արտադրանք և ոգելից խմիչքներ) մասնաբաժինն ընդհանուր կառուցվածքում կազմում է շուրջ 70%։

Իհարկե, աշխատանքային ռեսուրսների արտահանումից ստացվող եկամուտների ծավալը կախված է համաշխարհային և մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսություն վիճակից, բայց պետք է հաշվի առնել, որ հանքարդյունաբերական արտադրանքի և ոգելից խմիչքների արտահանումը նույնպես ենթակա է նույն ազդեցությանը։

Ստացվում է, որ Հայաստանում ձևավորված սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակում աշխատանքային ռեսուրսների արտահանումը տնտեսական աճի ապահովման լավագույն ճանապարհներից է։

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հաշվարկով՝ մասնավոր տրանսֆերտների 10%-ով ավելացումը բերում է Հայաստանում ՀՆԱ-ի 0,4% աճի: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտասահմանից ստացվող տրանսֆերտները Հայաստանում ապահովում են տնային տնտեսությունների եկամուտների ավելի քան 11%-ը: Մասնավոր դրամական փոխանցումներ/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը համաշխարհային առաջատարների քսանյակում է։ Ցանկում առաջինը Տաջիկստանն է՝ 47% ցուցանիշով, ապա Լիբերիան՝ 31%-ով։ Հայաստանում ցուցանիշը մոտ 20% է։

Արմենակ Չատինյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930