Ես գիտեմ իմ վրայի վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, հենց այդպես էլ գրեք, որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իմ վերքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի այն հայտարարությանը, որ նրա մարմնի աջ մասում` երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում, վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն:
Հայրիկյանը սկզբից զարմացավ` լսելով այդ հաղորդագրության մասին` ասելով, «հո ապուշ չեն, ո՞նց կարող է նման բան լինել»: Այնուհետեւ նշեց, որ գուցե մենք ենք ինչ-որ բան խառնել, հնարավոր է իրեն անունից մի հոգեկան հիվանդ նման բան է գրել: Իսկ երբ կարդացինք գրառումը, նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ «չգիտի, չի հետաքրքրվել դրանով, բայց այդ շարժումների մեջ, որ անում էի, կարող է բացված լինել, այդ ի՞նչ խնդիր է»:
«Այստեղ ինքը ցույց է տալիս, որ ինքը ընդհանրապես հանցագործների դաշնակիցներից է, իրական հանցագործությունը կատարողներից, ինքը ունի մի խնդիր` պաշտպանել Սեդրակյանին եւ ինքը Սեդրակյանին պաշտպանում էր նրանով, որ ասում էր, որ Սեդրակյանը չի եղել մասնակիցը, ես այդ մարդուն չեմ ճանաչում, բայց եթե քո խնդիրն է ապացուցել, որ Սեդրակյանը մասնակից չի, դրանով էլ զբաղվի: Տասնյակ էքսպերտիզաներ, վիրահատություններ են եղել, եթե դրա մասին ես խոսում, որ չի եղել, ուրեմն դու դաշնակից ես դրանց, այն վարձականներից ես: Չէ՞ որ սա շատ մեծ համակարգային գործ է, կրակելուն զուգահեռ իրենք հասարակական կարծիք են ձեւավորում տարբեր ուղղություններով: «Սիրունյան» հաստատության ի՞նչ գործն են այդ մանրամասնությունները, նրանք մի գործ ունեն, իրենց պաշտպանյալը չի մասնակցել, ուրիշ խնդիր ինքը չունի: Եթե նրա պաշտպանյալն է, եթե հանցագործության պաշտպանյալն է եւ ուզում է այնպես անել, որ հանցագործությունը արել ենք, բայց դա չի եղել, այդ դեպքում ես գործ ունեմ հանցավոր տարրի հետ, նրա մասին խոսելը իմ խնդիրը չէ, դատախազությունը թող խոսի: Ես գիտեմ իմ վրայի վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, հենց այդպես էլ գրեք, որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իմ վերքերը»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Նշենք, որ Հայրիկյանի գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի շահերի պաշտպան «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը: «Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ մարմնի աջ մասում երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն…»,- հայտնել են գրասենյակից: